«Այնտեղ 2 ժամ ջուր էի խնդրում, ասում էին՝ բաժակ չունենք». Արման Երիցյանը՝ միջադեպի և ոստիկանությունում կատարվածի մասին

«Մեր կողմից խուլիգանություն տեղի չի ունեցել. խուլիգանություն դրսևորվել է ակումբի աշխատակիցների կողմից, և մենք այդ խուլիգանությունը կասեցնելու նպատակով կանչել ենք ոստիկանություն: Բայց այդ ամենը դեռ շարունակվում էր նաև ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ»,- 168.am-ի հետ զրույցում նախօրեի միջադեպին անդրադառնալով՝ պատմեց ռեժիսոր Արման Երիցյանը:

168.am-ը երեկ անդրադարձել էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ահազանգին, որով նա տեղեկացրել էր՝ ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել կինոռեժիսոր Արման Երիցյանը և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը, նրանց հեռախոսները խլել են, խմելու ջուր չեն տվել:

Կապ էինք հաստատել Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մասնավորապես տեղեկացրել էին. «Իր (Ժաննա Ալեքսանյանի,- Զ.Դ.) նշած անձինք խուլիգանություն կատարելու հիմքով բերվել են ոստիկանության կենտրոնական բաժին, կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին»:

Նախաքննական մարմնից էլ հավելել էին. «Ակումբի մոտ վիճաբանության, ծեծկռտուքի հետ կապված ահազանգ է եղել ոստիկանություն, երեք անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ: Այս պահի դրությամբ այդ անձինք դեռևս ձերբակալված են»:

Կարդացեք նաև

Արման Երիցյանը մեզ հետ զրույցում պնդեց՝ ակումբի աշխատակիցների կողմից ագրեսիվ պահվածքի պատճառով են կանչել ոստիկանություն, իսկ իր ներգրավվածությունը միջադեպին եղել է բացառապես վեճը հարթելու առումով:

«Ոստիկաններն ինձ էլ բերման ենթարկեցին շատ կոպիտ, անմարդկային ձևով: Ասում եմ` ժողովո՛ւրդ, ես կգամ, ինքս կնստեմ ձեր մեքենան, վկայություն էլ կտամ. օրինապահ մարդ եմ, չէ՝ «կանդալեցին» ու տարան Կենտրոնի բաժին… Այնտեղ 2 ժամ ջուր էի խնդրում, ասում էին՝ բաժակ չունենք, գնա զուգարանից ջուր խմի: Իսկ զուգարանից գարշահոտ է գալիս, լվացարանում բիչոկներ են լցրած…

Երկու ժամ անց նոր տվեցին բաժակ: Խոսում էին հայհոյախառն: 6 ժամից ավելի այնտեղ եմ եղել, և որևէ գործողություն չեն արել՝ ո՛չ հարցաքննել են, ո՛չ մի բան. 5.5 ժամ հետո կանչեցին քննիչի մոտ, այնտեղ գրել էին, թե խուլիգանություն եմ արել. ես, բնականաբար, չստորագրեցի, որովհետև խուլիգանություն չեմ արել. խուլիգանություն արել է ոստիկանությունը, և ես պատրաստ չեմ հարկ վճարել ինչ-որ խուլիգանների համար»,- հավելեց Արման Երիցյանը՝ տեղեկացնելով, որ իր հետ բերման էին ենթարկել նաև ակումբի մեկ աշխատակցի և հանրային գործիչ Կարեն Հակոբյանին:

Ավելի ուշ տեղեկացել է, որ ոստիկանությունում նման վերաբերմունքի է արժանացել նաև Կարեն Հակոբյանը. «Նրա աչքերին ինչ-որ բան են փչել, ակնոցն են կոտրել»:

Քանի որ ոստիկանների կողմից այդ պահվածքը համընկել էր Ոստիկանության օրվա հետ, ի դեպ, որին մասնակցել էր Նիկոլ Փաշինյանը, ռեժիսոր Արման Երիցյանը նշեց.

«Ցանկանում եմ Ոստիկանության օրվա առթիվ իրենց նվիրել մեկանգամյա օգտագործման բաժակներ և զուգարանի թուղթ»:

Ի դեպ, գործում արդեն ներգրավված են Արման Երիցյանի և Կարեն Հակոբյանի փաստաբանները: Արման Երիցյանը նշեց, որ ինքը ոստիկանության դեմ բողոք է ներկայացնելու «անհամաչափ ու գռեհիկ մոտեցման համար»:

Տեսանյութեր

Լրահոս