Փաշինյանի ինքնախոստովանությունը. Ոստիկանությունը՝ քաղաքական հենարան

Այսօր Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության 105-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին: Նրա ելույթն ըստ էության ինքնախոստովանություն է՝ իշխանությունների կողմից սեփական իշխանության պահպանման գործում ոստիկանության՝ որպես գործիք,  ունեցած կարևորագույն դերի մասին:

Նա նշել է, թե «ոստիկանությունն այն կառույցն է, որը պետականության ողնաշարն է, և պետականության ողնաշարը պետք է ամեն օրվա հետ ավելի ուժեղ լինի», և հավելել.

«Ոստիկանությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ՝ ոչ թե ինքնանպատակ, այլ ըստ անհրաժեշտության ուժ կիրառելու, ուժ գործադրելու»:

Կարդացեք նաև

Իսկ ո՞վ է «թավշյա հեղափոխության» նոր Հայաստանում  ոստիկանությանը հրահանգներ իջեցնողը, եթե ոչ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, և արդյո՞ք նրա համադասարանցի ոստիկանապետ, այժմ արդեն՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կարող է չկատարել նրա հրահանգները: Չէ՞ որ Վահե Ղազարյանը ոչ միայն Փաշինյանին պարտական է կարիերայում արձանագրած, այլև նրա կյանքի բարեկեցիկության թռիչքաձև աճի համար:

Ո՞վ էր Վահե Ղազարյանը մինչև հեղափոխություն կոչվածը. Փաշինյանի զեմլյակը և համադասարանցին լինելու շնորհիվ՝ Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից նախ Տավուշի մարզային վարչության պետ նշանակվեց, որտեղ նա աշխատեց ուղիղ 1 տարի՝ մինչև 2019 թ. մայիս, ապա՝ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար, 2020թ. հունիսին՝ ՀՀ ոստիկանապետ։ 

Նիկոլ Փաշինյանն այսօր նաև նշել է՝ ոստիկանության համակարգում Երրորդ Հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում.

«Ծառայության պայմանների մասին եմ ուզում խոսել: Ես, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած, չեմ ստուգել թվային առումով, երևի կարող ենք նաև ստուգել, բայց ինտուիտիվ՝ Ոստիկանության համակարգում Երրորդ Հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում: Սա էլի վերաբերմունք է և՛ հանրության նկատմամբ, և՛ Ոստիկանության նկատմամբ: Ես հիշում եմ՝ երբ մենք Պարեկային ոստիկանությունը պետք է հիմնադրեինք, այն ժամանակ խոսակցություն էր գնում, թե ինչպես ենք ապահովելու տեխնիկական միջոցները. ամենատարբեր ֆինանսական և ռեսուրսային սահմանափակումներ կային: Ինձ համար խնդիրը եղել է միանշանակ՝ որևէ օգտագործված մեքենա, տեխնիկական միջոց չպետք է լինի, չպետք է օգտագործվի նոր ծառայությունների հիմնադրման գործում: Սա մեր վերաբերմունքն է ոստիկանին և հանրությանը, որովհետև այն մյուս պայմաններն ապահովելուց հետո պետք է պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովել, որովհետև մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ, գիտակ, բայց եթե տեխնիկական պատշաճ միջոցներ չունի, ապահովված չէ համապատասխան միջոցներով, և՛ պրոֆեսիոնալ, և՛ ազնիվ, և՛ գիտակ, և՛ նվիրված լինելու բերումով կարող է ուղղակի բոլորովին ուրիշ արդյունք ստացվել:

Այս իմաստով ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր տեղ ենք հասել, շատ կարևոր հանգրվանում և խաչմերուկում ենք գտնվում։ Իհարկե, Ոստիկանության զարգացումը մեզ համար պետության զարգացման խնդիր է։ Չենք կարող ասել, որ գիտե՞ք ինչ, մենք չունենք սոցիալական, տեխնիկական անհրաժեշտ միջոցներ՝ աշխատանքային պայմանները ապահովելու համար, որովհետև դա կնշանակի հրաժարում ինքնիշխան պետություն ունենալու նպատակից, իսկ դրանից մենք երբեք չենք հրաժարվի։ Եվ ես ուզում եմ, որ մենք կենտրոնացած մնանք այս խնդրի վրա, որովհետև հատկապես ուժային կառույցները, պետական կառույցները ոչ մի վայրկյան չպետք է մոռանան, թե որն է, ի վերջո, մեր նպատակը: Մեր նպատակը մեր անկախությունը, ինքնիշխանությունն ամրապնդելն է, ուժեղացնելն է, մեր պետության մրցակցայնությունն ավելացնելը, մեր երկրի միջազգային իմիջը ուժեղացնելը»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ ոստիկանությանը  հատկացվել է 76.2 միլիարդ դրամ: 2022 թվականին այն կազմում էր 66.6 միլիարդ դրամ:

Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարանն ուժային կառույցներն են, մասնավորապես՝ ոստիկանության, ԱԱԾ համակարգերը: Պատահական չէ, որ Հայաստանը շատերը կոչում են այլևս ոստիկանապետություն, կամ պարզապես պարեկապետություն: Նրանց Փաշինյանն օգտագործում է իրեն դավաճան անվանող կամ իր վրա հովանոց նետող հասարակ քաղաքացիների դեմ, բողոքի ցույցեր կազմակերպող սոցիալական տարբեր խմբերի դեմ, զոհված զինծառայողների ծնողների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ…

Ուժային կառույցների՝ ոստիկանության և ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն ապահովում են Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների վոյաժները, քաղաքային և մարզային զբոսանքները, հովանոցներ են բռնում նրանց գլխին, շենքից շենք են տեղափոխում, այս կամ այն միջոցառմանն են գլխակորույս ապահովում՝ վթարային իրավիճակ ստեղծելով երթևեկության ընթացքում, երբեմն էլ՝ հղի կնոջն են մահացու վրաերթի ենթարկում, քաղաքացու ձեռքերը ոլորում են, որ նրա թիմակից պաշտոնյան թքի քաղաքացու վրա…

Ընդ որում,  ոստիկանության և ԱԱԾ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կոնկրետ հրահանգով են ուժ, բռնություն գործադրում՝ վստահ լինելով, որ դա բարդույթավորված իշխանիկի կողմից խրախուսվելու է՝ հսկայական պարգևավճարների տեսքով:

Տեղին է նաև ևս մեկ անգամ հիշեցնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձերի չափը: Նրանց թվաքանակը կազմում է 1807, որից 1046-ը հանդիսանում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մարզային գումարտակների ծառայողներ: NEWS.am-ի գրավոր հարցին, թե ինչքա՞ն գումար են ստանում պարեկները՝ ըստ կոչումների, Ոստիկանությունից պատասխանել էին.

«Ավագ պարեկ, ոստիկանության մայոր կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 511.283 դրամ,

Պարեկ՝

– Ոստիկանության կապիտան կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 495.692 դրամ,

– Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 449.778 դրամ,

– Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա ստաժով՝ 415.047 դրամ,

Կրտսեր պարեկ, ոստիկանության ավագ ենթասպա կոչումով, 5-10 տարվա ստաժով՝  371.507 դրամ»:

Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ պարեկ դառնալու համար պարտադիր չէ բարձրագույն կրթություն ունենալը, բավարար են ինչ-որ դասընթացների մասնակցությունը և որակավորման կասկածելի քննությունների հանձնումը:

Տեսանյութեր

Լրահոս