«Երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում». Սերժ Սարգսյան

Այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո, դատարանի բակում լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարող է ասել Նիկոլ Փաշինյանի երեկ ԱԺ-ում արած այն հայտարարության վերաբերյալ, որ «Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս»։

Պատասխանելով հարցին, Սերժ Սարգսյանն ասաց. «Ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելուց, ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում, այդ մարդը ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ունի, բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության, որովհետև երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է  բոլոր նորմերը։ Ինչ ուզում՝ անում է, երբ ուզում է, ուրեմն՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում՝ պարտությունը հաղթանակ է համարում, ես ի՞նչ կարող եմ դրա մասին ասել։ Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ մինչև 2018 թվականը բանակցող հինգ կողմերից հինգն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը։ Հինգ կողմերին թվարկում եմ, որպեսզի բոլորը հիշեն՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։

2018 թվականից հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։ Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին է, դե ամոթ է էլի, վերջապես, թող գնան, մեր երկրի անվտանգությունն ապահովեն։ Թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն Հայաստանի տարածքից ինչքան են կորցրել։ Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն՝ 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց։  Չորս անգամ ավելի շատ կորուստ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, բա այդպե՞ս են խաղաղության գնում, ա՞յդ է խաղաղությունը»։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որը վերաբերում էր Արցախին։ Իշխանական պատգամավորը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչպես կմեկնաբանի այն, որ, երբ «Հայաստանն ասում է, թե Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, որոշ շրջանակներ դա հասկանում են՝ որպես հրաժարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»։

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ առհասարակ կարծում է, որ ֆունդամենտալ պետք է անդրադառնալ այն կոնցեպտին, որով հետապնդվել է Լեռնային Ղարաբաղի հարցը մեր անկախության տարիների ընթացքում։

«Իմ կարծիքով՝ մենք այդտեղ ունենք երկու մաս, մինչև Մադրիդյան սկզբունքները և Մադրիդյան սկզբունքներից հետո։ Մադրիդյան սկզբունքներով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։

Այստեղ հարց է ծագում, եթե Լեռնային Ղարաբաղը մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պիտի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Եվ այստեղ է, որ ինքնորոշում նշանակում է ինքնորոշվել, լինել մի որևէ տեղ և ինքնորոշման իրավունքի իրականացմամբ այդ տեղից տեղափոխվել այլ տեղ։

Մադրիդյան սկզբունքներից առաջ այդ տեղը Խորհրդային Միությունն էր, Մադրիդյան սկզբունքներից հետո Ադրբեջանն է, հետևաբար՝ այս տրամաբանությունը, որ իրենք դրել են, գրագետ թարգմանության դեպքում նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը՝ է՛, կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվելու։ Սա մեր մեծագույն բացթողումն է, որ 2018 թվականից մենք սրանով հանդես չենք եկել ու մեր ժողովրդին չենք բացատրել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս