Իսրայելն Իրանին պատերազմի է հրահրում միաժամանակ մի քանի աշխարհագրական գոտիներում. Փորձագետը՝ Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի մասին

Փորձագիտական տարբեր շրջանակներ պարբերաբար արձանագրում են Իրանի դիրքերը թուլացնելու գործողություններում Իսրայելի հիմնական դերակատարման մասին:

168.amՏարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՚՞ք Սյունիքում Ադրբեջանի ակտիվացումը պետք է դիտարկել նաև տարածաշրջանային այս իրողության համատեքստում:

Ի պատասխան՝ փորձագետը նշեց. «Դրա համար բոլոր հիմքերը կան, քանի որ Իսրայելն Իրանին պատերազմի է հրահրում միաժամանակ մի քանի աշխարհագրական գոտիներում. Մերձավոր Արևելքում՝ Սիրիայի և Լիբանանի տարածքներն են, իսկ մեր տարածաշրջանում՝ կա՛մ Հայաստանի Հարավն է (Սյունիք, Վայոց ձոր), կա՛մ Ադրբեջան-Իրան սահմանը (Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանները):

Այսինքն՝ դրանք այն հավանական աշխարհագրական գոտիներն են, որտեղ ռազմական լուրջ էսկալացիայի դեպքում Իրանը չի կարող անմասն մնալ, որտեղ աշխարհաքաղաքականության փոփոխություններն իրանական իշխանությունները համարում են կարմիր գծեր»:

Կարդացեք նաև

Արմեն Պետրոսյանն այս համատեքստում հիշեցրեց, որ հենց այս հանգամանքով պայմանավորված՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ տարածաշրջանում աշխարահաքաղաքական փոփոխությունները, պետությունների ճանաչված սահմանների փոփոխություններն իր համար կարմիր գծեր են, որոնք պահպանելու համար պատրաստ է գնալ կոնկրետ գործողությունների:

Քանի որ օրերս Foreign Affairs ամերիկյան ամսագիրն անդրադարձել էր հայ-ադրբեջանական լարվածությանը, Իսրայելի մղմամբ՝ օրեցօր ինքնավստահ դարձող Ադրբեջանի հակաիրանյան արկածախնդրության հնարավորություններին և նկատել, թե «եթե ​​Հայաստանի և Ադրբեջանի միջև նորից պատերազմ սկսվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քան նախկինում», փորձագետից հետաքրքրվեցինք նաև՝ արդյո՞ք նման սցենարի դեպքում Իրանից պետք է սպասել նաև ռազմական աջակցություն:

«Դրա հավանականությունը մեծ է, բայց Իրանի միջամտության ձևաչափը կանխատեսելը բարդ է,- պատասխանեց նա՝ այդուհանդերձ նկատելով, որ Ադրբեջան-Հայաստան սահմանագծի տարբեր հատվածներում և հատկապես Սյունիքում պարբերաբար արձանագրվող սրացումների պարագայում ականատես ենք լինում իրանական կողմի ակտիվացմանը՝ ինչպես քարոզչական, այնպես էլ՝ ռազմական մանևրների հարթությունում,- Դրանք ստեղծված իրողությունների պայմաններում լուրջ կանխարգելիչ ազդեցություն են ունենում մեր տարածաշրջանում հնարավոր ռազմական էսկալացիայի ուղղությամբ:

Զուգահեռաբար մենք տեսնում ենք իրանական կողմի դիվանագիտական ակտիվությունը՝ տարածաշրջանում առանցքային ներգրավվածություն ունեցող խաղացողների և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում, որոնց շրջանակներում գրեթե բոլոր հանդիպումների և բանակցությունների ընթացքում իրանական կողմը հայտարարում է այս տարածաշրջանում ռազմական էսկալացիան բացառելու, խնդիրները դիվանագիտական հարթությունում լուծելու մասին:

Այսինքն՝ Իրանը հասկանալով, որ իր հակառակորդները նպատակ ունեն Իրանին մեծ ռազմական արկածախնդրության մեջ ներքաշելու, փորձում են ամեն կերպ բացառել և հեռացնել այն»:

Ամփոփելով՝ Արմեն Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ ներկայում Իրանի կանխարգելիչ քայլերը թույլ են տալիս կանխատեսելու, որ լուրջ ռազմական էսկալացիայի պարագայում՝ Իրանը կարող է կոնկրետ գործողությունների գնալ:

Տեսանյութեր

Լրահոս