
«Foreign Affairs»-ն անդրադարձել է 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանի նոր իրողություններին

Արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության և միջազգային հարաբերությունների վերլուծությունների հարցերով առաջատար Foreign Affairs ամերիկյան ամսագիրը երեկ անդրադարձել էր հայ-ադրբեջանական լարվածությանը՝ նախ նկատելով, որ այն կարող է «ավելի մեծ ճգնաժամ առաջացնել», ապա արձանագրել՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարը կայուն չէ»:
Հոդվածագիրը մասնավորապես ուշադրություն է հրավիրել 2020 թվականից հետո տարածաշրջանում ստեղծված իրողություններին, Իրան-Ադրբեջան սրվող հարաբերություններին և Իսրայելի կողմից Ադրբեջանին՝ ընդդեմ Իրանի օգտագործելու իրանական մտահոգություններին:
«Օրեցօր ավելի ինքնավստահ դարձող Ադրբեջանը կարող է ձգտել զինել և հրահրել անջատողականությունը Իրանի ադրբեջանական բնակչության շրջանում: Նման քայլերը կարող են հանգեցնել սրվող պարույրի, որը կվտանգի ռազմավարական նշանակություն ունեցող Հարավային Կովկասի կայունությունը և կարող է հանգեցնել ավելի լայն ճգնաժամի,- նշում է նա՝ հավելելով,- Իսլամական Հանրապետության ներքին անկարգությունները կարող են նաև ազդարարել թուլության մասին և քաջալերել Ադրբեջանի արկածախնդրությունն Իրանի դեմ»:
Այս համատեքստում հոդվածագիրը նաև նկատել է՝ «եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև նորից պատերազմ սկսվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, ավելի բացահայտ աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քան նախկինում, քանի որ խաղադրույքներն այժմ շատ ավելի մեծ են»: