Հարցվածների շուրջ 50 տոկոսը չի հավատում, որ իշխանություններն ունակ կլինեն հայկական կողմի շահերից բխող խաղաղության պայմանագիր կնքել
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն մարտի 24-27-ը «Սովորական պատերազմ» խորագրով հարցում է իրականացրել, որում անդրադարձել է ինչպես ռուս-ուկրաինական հակամարտությանն ու դրա տարածաշրջանային հետևանքներին, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական հարցերին:
Արցախի 100 օրից ավելի տևող շրջափակման, Հայաստանի և Արցախի իշխանությունների անելիքների մասին
Այսպիսով, 1100 հարցված քաղաքացիների 42.5 տոկոսը կարծում է, որ 100 օրից ավելի շրջափակված Արցախի, Լաչինի միջանցքի արգելափակման համար մեղավոր են Ադրբեջանի իշխանությունները, 38.2 տոկոսի կարծիքով՝ ՌԴ իշխանությունները, 28.1 տոկոսը մեղադրել է Հայաստանի իշխանություններին, 19.1 տոկոսը՝ Թուրքիային, և 12.3 տոկոսը՝ ռուս խաղաղապահներին: Բոլոր պետություններին ու Արցախի իշխանություններին մեղադրել է հարցվածների շուրջ 7 տոկոսը:
«Ձեր կարծիքով՝ ՀՀ ներկա իշխանություններն ունակ կլինե՞ն ՀՀ և Լեռնային Ղարաբաղի շահերից բխող և ընդունելի պայմաններով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»՝ հարցի պատասխանն էլ 49.9 տոկոսով ստացել է բացասական պատասխան, 11 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Նիկոլ Փաշինյանի աշխատանքը բացասական է գնահատել հարցված 1100 քաղաքացիների 46.6 տոկոսը, դրական՝ 40.7 տոկոսը:
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցմանն ի պատասխան՝ ուշագրավ է, որ ամենամեծ հատվածը՝ 40.3 տոկոսը, նշել է «Չեմ մասնակցելու ընտրություններին/Ոչ մեկին» տարբերակը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն տարբերակն են ընտրել 21.3 տոկոսը, «Հայաստան» Դաշինք-Ռոբերտ Քոչարյանի օգտին են արտահայտվել 2.6 տոկոսը, «Հայոց Հայրենիք» կուսակցության/«Հանրային ձայն» կուսակցության օգտին՝ 1.5 տոկոսը, «Պատիվ ունեմ» Դաշինք/ Հայաստանի Հանրապետական կուսակցություն պատասխանել է 1.4 տոկոս, «Բարգավաճ Հայաստանը»՝ 1.2 տոկոս, ՀՅԴ-ն և Հանրապետություն կուսակցությունը՝ 1 տոկոս:
Մնացյալ տարբերակները չեն գերազանցել 0.6 տոկոսը:
Այստեղ տեղին է հիշեցնել, որ հարցումն արվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հակաքաղաքացիական վերջին դրսևորումներից առաջ. երբ Ալեն Սիմոնյանը չէր հասցրել թքել ՀՀ քաղաքացու երեսին, երբ ՔՊ-ական պատգամավորը չէր սպառնացել կտրել հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի լեզուն ու ականջները:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առկայությունը լիովին դրական է գնահատել 36.8 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 14 տոկոսը:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ գնահատականներ դժվարացել է հնչեցնել շուրջ 25 տոկոսը, իսկ 40.12 տոկոսն այդ որոշումը գնահատել է բացասական:
Ռուս-ուկրաինական հակամարտության և դրա հետևանքների մասին. 1100 հարցվածների 52.74 տոկոսն արդարացի չի համարել Ռուսաստանի ռազմական գործողություններն Ուկրաինայում, ի դեպ, դեռ 2022 թվականի ապրիլին այդ ցուցանիշը 24.7 տոկոսի շրջանակում էր:
Համաձա՞յն եք արդյոք, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն իրականում հակամարտություն է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ հարցադրման պատասխանները զգալի փոփոխություն չեն կրել նախորդ հարցումներից հետո. եթե այս մարտին հարցադրման հետ համաձայնել է 66.6 տոկոսը, ապա 2022 թ. ապրիլի հետազոտության ժամանակ՝ 68.4 տոկոսը:
Հարցված քաղաքացիների 39.7 տոկոսի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը միանշանակ կհանգեցնի աշխարհակարգում գլոբալ փոփոխությունների:
Ի դեպ, ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում նրանք գնահատել են նաև միջուկային պատերազմի ներկա ռիսկերը, իսկ միջուկային պատերազմի ռիսկ է տեսնում 58.3 տոկոսը:
Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված սանկցիաները բացասական է գնահատել 57.5 տոկոսը, 80.1 տոկոսի կարծիքով էլ այդ սանկցիաներն ուղղակիորեն ազդում են Հայաստանի վրա:
79.3 տոկոսը դրական է վերաբերվել ռուս-ուկրիանական պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան մարդկային մեծաքանակ հոսքին, իսկ 80 տոկոսն էլ նշել է, որ նրանց վերաբնակեցումն ու բիզնեսի տեղափոխումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: