Բաժիններ՝

Նոր ներկրված ավտոբուսները ե՞րբ կշահագործվեն և ի՞նչ նոր երթուղիներ կլինեն

«Ապրիլի 12-15-ը նախատեսվում է շահագործել 67 համարի երթուղին, որը կսպասարկվի փոքր դասի ավտոբուսներով և իրար կկապի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները. սկիզբը՝ Ներքին Չարբախից, վերջնակետը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Երթուղին կանցնի նոր կառուցված՝ Շիրակ-Բաբաջանյան փողոցներով»,-  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ նախատեսվում է շահագործման հանձնել նաև համար 40 երթուղին, որն իրար կկապի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջանները:

«Համար 1 հիմնական երթուղին՝ բարձր դասի 18 հատ 12 մետրանոց ավտոբուսներով, որոնք իրար կկապեն Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները: Նույն ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել հետևյալ փոփոխությունները. «Ժոնգ տոնգ» մակնիշի 18 ավտոբուսներով կսպասարկվի համար 58 երթուղին, որը նույնպես կունենա ուղեգծի որոշակի փոփոխություն, կանցնի նաև գեներալ Նվեր Սաֆարյան փողոցով, միմյանց կկապի Ավան-Առինջ, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջանները: Թվով 4 նոր շարժակազմով կհամալրվի հ.97 երթուղին, որի վերջնակետը կերկարացվի մինչև Նուբարաշեն վարչական շրջան:

Համար 22 երթուղու շարժակազմը ևս կհամալրվի, Սիլիկյան թաղամասում կիրականացվի երթուղու փոփոխություն՝ ներառելով Սիլիկյան 5-րդ, 12-րդ և 4-րդ փողոցները: Համար 38 երթուղում ևս շարժակազմի փոփոխություն կիրականացվի՝ փոքր դասի ավտոբուսներին կփոխարինեն միջին դասի ավտոբուսները, ինչը կբարելավի ներկայիս իրավիճակը: Այսպիսով, մինչև ապրիլի 15-ը, ըստ նախատեսվածի, շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը»,- նշեց Հայկ Սարգսյանը:

Կարդացեք նաև

Նա տեղեկացրեց, որ մայիսի սկզբից նախատեսվում է նոր ավտոբուսներով փոխարինել համար 18 երթուղին՝ Սիլիկյան թաղամաս-Վարդաշեն համայնք, համար 13 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի «Ժոնգ տոնգ» ավտոբուսներով՝ թվով 12 հատ, համար 47 երթուղին՝ թվով 14 ավտոբուսով: Շահագործման կհանձնվեն թվով 18 բարձր դասի ավտոբուսներ, որոնք կսպասարկեն համար 9-ը հիմնական երթուղին:

Համար 53 և 54 երթուղիները ևս կփոխարինվեն 14 ավտոբուսներով: 53 երթուղին Հաղթանակ թաղամասում կունենա երթուղու փոփոխություն: Սարի թաղում 21 համարի երթուղի կմտնեն փոքր դասի ավտոբուսներ:

«Ապրիլ, մայիս, հունիս ամիսներին գործող «Ժոնգ տոնգ» ավտոբուսային հ.13, 15, 16, 20, 23, 28, 30 և 97 երթուղիներում կիրականացվեն շարժակազմերի համալրում՝ 20-25 հատ: Մայիսի սկզբից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 110 ավտոբուս: Մնացածը շահագործման կհանձնվի հունիսից»,- ասաց նա:

Հայկ Սարգսյանը կոչով դիմեց ուղևորներին՝ ասելով. «Խնդրում ենք ավտոբուս բարձրանալ միայն առջևի դռնից, ունենալ 100 դրամ, չմոռանալ վճարել»:

Տեսանյութեր

Լրահոս