Սեդա Սաֆարյանն ամուսնուն ու հարսին տարել է ՍԴ, որդին Հակակոռուպցիոն կոմիտեում է․ 2025թ. դատավորի ընտանիքում ճամփորդել են, «Տեսլա» են ձեռք բերել, անշարժ գույք նորոգել

Չնայած «Հայաստան» դաշինքի ներկայացրած վերապահումներին՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը շարունակեց մասնակցել Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը։

Սեդա Սաֆարյանը 2022 թվականին հենց Կառավարության առաջարկությամբ խորհրդարանական մեծամասնության կողմից է ընտրվել ՍԴ դատավոր: «Հայաստան» դաշինքը կարծում է, որ դատավոր Սեդա Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և 2021 ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով»:

Մեկ այլ հավելում՝ այս համատեքստում․ 168am-ը 2024 թվականին գրել էր, որ, ըստ Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հայտարարագրի՝ Սեդա Սաֆարյանի հարսը՝ Մարիամ Գզողյանը, վարչապետի աշխատակազմում գրանցված էր եղել փորձագետի հաստիքով, իսկ որդին աշխատանքի էր անցել Հակակոռուպցիոն կոմիտեում։

Արձանագրել էինք նաև, որ ՍԴ-ում Սեդա Սաֆարյանի օգնական Արտաշես Խալաթյանը Փաշինյանի ընտանեկան թերթում հրապարակումներով քաղաքական գնահատականներ ու իրավական մեկնաբանություններ էր տալիս ընդդիմադիր շարժումներին։

Կարդացեք նաև

Սեդա Սաֆարյանի ու նրա ընտանիքի անդամների մասին հետաքրքրաշարժ դրվագներն այսքանով չեն ավարտվում 2026 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրանց՝ 2025 թվականի հայտարարագրերում տեղ գտած այլ արձանագրումներ՝ ստորև։ Նշենք, որ այս հայտարարագրերում այն է, ինչի մասին տեղեկացրել են պաշտոնյաներն ու ընտանիքի անդամները։

Սեդա Սաֆարյան

Այսպես, ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը հաշվետու տարին՝ 2025 թվականը, սկսել ու ավարտել է 5 անշարժ գույքով․ 2012 թվականին նվիրատվություն ստացած բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որը տնօրինում է միանձնյա, 2013 թվականին Ջրվեժում գնած և համատեղ սեփականություն հանդիսացող անհատական բնակելի տուն, 2014 թվականին գնած բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որը դարձյալ համատեղ սեփականության իրավունքով է տնօրինվում, և 2022, 2023 թվականներին գնած երկու բնակարաններ։

Սաֆարյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են՝ տարեսկզբի՝ 765,282.9 դրամի փոխարեն տարեվերջին կազմելով 1,439,586.9 դրամ, իսկ կանխիկ միջոցները 500 հազար դրամով նվազել են՝ տարեվերջին կազմելով 1 միլիոն դրամ։

ՍԴ դատավորի՝ հաշվետու տարվա 21,640,117.3 դրամ եկամուտն էլ գոյացել է ՍԴ-ից ստացած 19,635,012 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 78,033.3 դրամ եկամուտից, Ֆիննախից ստացած 1,927,072 դրամ եկամտային հարկի վերադարձից։

Սաֆարյանը 6,480,329.6 դրամ էլ նշել է որպես վարկի մայր գումարի մնացորդի չափ․  հիփոթեքի առարկան բնակարանն է։ Տարվա ընթացքում, առհասարակ, նա վարկի մարմանն ուղղել է 12,513,371.8 դրամ։

Սեդա Սաֆարյանի ամուսին Սեյրան Կյուրեղյան

Սեդա Սաֆարյանի ամուսինը՝ Սեյրան Կյուրեղյանը, հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող 4 անշարժ գույքերի մասին, որոնցից 2-ը՝ Նոր Նորքում և Արաբկիրում բնակարանները, գնվել են վերջին տարիներին։ Սեյրան Կյուրեղյանը հայտարարագրել է նաև 2022 թվականին անհայտ կողմից նվիրատվություն ստացած 2004 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի մեքենան։ Սաֆարյանի ամուսնու բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում քիչ են տատանվել․ տարեսկզբի 728,734.61 դրամից տարեվերջին մնացել է 657,744.61 դրամ։

Պաշտոնատար անձի ընտանիքի անդամը տարվա ընթացքում ստացել է 17,131,541 դրամ եկամուտ, որը գոյացել է Պաշտպանության նախարարությունից ստացած 1,172,160 դրամ կենսաթոշակից, ՍԴ-ից ստացած 714,381 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, մյուս եկամուտներն էլ գոյացել են 3 տարածքներից ստացած վարձակալության գումարներից։ Հիշեցնենք՝ մամուլն ավելի վաղ գրել էր, որ Սեդա Սաֆարյանը հենց իր ամուսնուն է նշանակել սեփական վարորդ։

Ի դեպ, մեր նախորդ հրապարակման մեջ, որում արտացոլվել էր նաև Սեյրան Կյուրեղյանի հայտարարագիրը, նշել էինք, որ այդ թվականին էլ նա ՍԴ-ն էր նշել որպես աշխատավայր։

Սաֆարյանի ամուսինը ևս նշել է 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 6,480,329.6 դրամ վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին. Հիփոթեքի առարկա է նշել նորակառույց շենքից անշարժ գույքի ձեռքբերումը։

Սեյրան Կյուրեղյանը 2025 թվականին հանգստի համար ծախսել է 3,300,000 դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար՝ 2 միլիոն դրամ։

Սեդա Սաֆարյանի որդի Կորյուն Կյուրեղյան

Սեդա Սաֆարյանի որդու՝ Կորյուն Կյուրեղյանի համար 2025 թվականը բարեբեր է եղել․ տարվա ընթացքում նա 14 միլիոն դրամով գնել է 2022 թվականի արտադրության «Տեսլա» մակնիշի մեքենա։ Գործարքի կողմ է նշվել «Online Salvage Car Auctions: Used & Repairable Vehicles | IAA»-ը։

Հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք տարվա ընթացքում հանձնված 2,600,000 դրամ և վերադարձված 2,900,000 դրամ փոխառության մասին․ պարտապան է նշվել Գոռ Ղումաշյանը։

Կյուրեղյանի կրտսերի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում գրեթե եռապատկվել են․ տարեսկզբի 374,056 դրամը տարեվերջին կազմել է 1,253,097.98 դրամ, իսկ կանխիկ միջոցները նվազել են, և տարեսկզբի 480 հազար դրամի փոխարեն՝ տարեվերջին նա հայտարարագրել է 100 հազար դրամ։

Կորյուն Կյուրեղյանի հաշվետու տարվա՝ 2025 թվականի եկամուտը կազմել է շուրջ 12,5 միլիոն դրամ, որը գոյացել է Հակակոռուպցիոն կոմիտեից ստացած 9,814,476 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից և Ամիո Բանկից ստացած 2,600,000 դրամ փոխառությունից։

Նա տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 2,900,000 դրամ, իսկ ևս 3,850,000 դրամ միանվագ ծախսի բովանդակություն չի հանրայնացրել։

Սեդա Սաֆարյանի հարս Մարիամ Գզողյան

Սաֆարյանի հարսի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2025 թվականի նոյեմբերից ՍԴ դատավորի օգնական է։ Նա նշել է բանկային հաշիվների մնացորդների մասին, որոնք տարվա ընթացքում տատանվել են մոտ 100 հազար դրամի սահմաններում։ Մարիամ Գզողյանի՝ հաշվետու տարվա 901,816 դրամ եկամուտն էլ գոյացել է ՍԴ-ից ստացած՝ 424,661 դրամ աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած 444,678 դրամ կենսաթոշակից, ինչպես նաև՝ «ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ»-ից ստացած 32,477 դրամ աշխատանքային վարձատրությունից, և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Հիշեցնենք՝ ՍԴ-ն որոշել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների նախկին անդամներ Վարդանյանն ու Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն դատավարության մասնակիցների նկատմամբ: ՍԴ-ից պնդել էին, թե Սաֆարյանի հարցը դատավորները քննարկել են դեռ հունիսի 21-ի նիստում, և նրա մասնակցության անհնարինության մասին որոշում չեն ընդունել, քանի որ բավարար թվով կողմ ձայներ չեն եղել:

Մինչդեռ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկող «Հայաստան» դաշինքը կարծում է, որ դատավոր Սեդա Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և 2021-ի ընտրություններին մասնակցում էր Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով»: Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերից մեկն է, և ստացվում է, որ Սաֆարյանն այժմ պետք է որոշում կայացնի նաև իր նախկին քաղաքական գործընկերոջ գործով:

Փաստորեն ստացվում է, որ ՍԴ 9 դատավորների մեծամասնությունը Սեդա Սաֆարյանի կանխակալ վերաբերմունք ունենալու մասով որևէ խնդիր չէին տեսել:

Ամեն դեպքում արդեն ՍԴ-ում հարցի քննության ժամանակ Սեդա Սաֆարյանն իր հարցադրումներով դիմողների մոտ ամրապնդեց աչառության մասին տեսակետը․ նրանք նկատեցին՝ Սաֆարյանը կրկնում է ՔՊ խոսույթը, անում քաղաքական հայտարարություններ։

Հիշեցնենք նաև՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեռ 2023 թվականին շրջանառության մեջ էին դրել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծը, սակայն իշխող խմբակցության ջանքերով այն մերժվեց: Որպես Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հիմք՝ նշվում էր, որ վերջինս, խախտելով Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, ձեռնարկատիրությամբ է զբաղվել: ՍԴ-ն ոչ մի գործընթաց այդպես էլ չսկսեց։ Իսկ Սեդա Սաֆարյանը դատավորի կարգավիճակում փաստաբանությամբ էր զբաղվել, ինչն արգելված է օրենքով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930