Թեհրանը սկսում է Բաքվից պարզաբանումներ պահանջել. ռեգիոնալ էսկալացիան նոր թափ է ստանում

Իրան-Ադրբեջան դիվանագիտական առճակատումը որակապես նոր՝ շատ ավելի վտանգավոր փուլ է մտնում՝ Իրանը պաշտոնական մակարդակում սրում է հայտարարությունների բառապաշարը: Իրանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։

Ըստ Քանանի Չաֆիի, այս համագործակցությունը «դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։ Քանանին Բաքվից բացատրություն է պահանջել Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության նոր փուլի» մասին հայտարարությունների շուրջ, որի նպատակը, նրա պնդմամբ, «միասնական հակաիրանական ճակատ» ստեղծելն է։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը մատնանշել է նաև «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև պատմական ու կրոնական անքակտելի կապը»։

Բաքուն արձագանքել է Թեհրանի հայտարարությանը. ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տվել իր տարածքն օգտագործել երրորդ երկրների դեմ։ ԱԳՆ-ում նշել են, որ, ընդհակառակը, վերջին շրջանում Իրանից են սպառնալիքներ հնչում Ադրբեջանի հասցեին, սադրանքներ թույլ տրվում։ «Օրինակները ներառում են Իրանի կողմից Ադրբեջանի սահմանների երկայնքով զորավարժություններ անցկացնելը, սահմանի վրայով ռազմական թռիչքներ իրականացնելը, իրանցի պաշտոնյաների հակաադրբեջանական հայտարարությունները»,- ասված է հայտարարությունում, հավելելով, որ այսօր իրանահայ եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի համար։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող բավականին ջերմ դիվանագիտական հարաբերություններից հետո Ադրբեջանը միայն օրերս դեսպանատուն բացեց Իսրայելում, ինչը երկու երկրներում պատմական քայլ են որակում ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Այդ առիթով  մարտի 29-ին Թել Ավիվում էր Ջեյհուն Բայրամովը։ Իսրայելի արտգործնախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ ասուլիսում նշել էր․

«Իսրայելն ու Ադրբեջանը համակարծիք են Իրանից եկող վտանգների հարցում։ Իրանական ռեժիմը սպառնում է մեր երկու տարածաշրջաններին, ֆինանսավորում է ահաբեկչությունը և ապակայունացնում ողջ Մերձավոր Արևելքը։ Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի թույլ չտանք Իրանին զարգացնել միջուկային հնարավորությունները։ Դա պետք է անել քաղաքական ու տնտեսական միջոցներով՝ միաժամանակ կազմավորելով վստահելի և վճռական զինված ուժեր»։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պատասխան ելույթում հարևանի՝ Իրանի մասին չէր խոսել, բայց ընդգծել էր, որ Իսրայելի հետ համագործակցությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում տարիների պատմություն ունի և առաջիկայում է՛լ ավելի է խորանալու։ Իրանի դեմ Ադրբեջանին զինելու և պաշտպանելու անհրաժեշտությունից է խոսում նաև անձամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ առաջարկելով հրաժարվել հայամետ 907 բանաձևից, ավելացնելով Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, քանի որ «Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, ու այն պետք է պաշտպանել»:

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները փորձում են սրել իրավիճակը Իրանի շուրջ, ինչը հասկանալով՝ Իրանն արձագանքում է և փորձում զգոնություն հաղորդել Ադրբեջանին սուր հայտարարություններով:

Ըստ նրա, բացահայտ հայտարարություններ կան Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի հետ նոր որակի համագործակցություն ռազմական ոլորտում ներդնելու մասին, և դա նշվում է Իրանի հետ հարաբերությունների կոնտեքստում:

«Իրանում հստակ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, ինչ ինտենսիվությամբ ու ինչու, կա նաև հստակ տրամադրվածություն այդ ամենը չեզոքացնելու, որի համար Իրանը գործի է դրել՝ ինչպես ակտիվ դիվանագիտություն Ռուսաստանի, Չինաստանի և Պարսից ծոցի ավազանի երկրների հետ, զուգահեռաբար փոխելով դիվանագիտական հայտարարությունների շեշտադրումները, բովանդակությունը, ինչպես նաև ռազմական դիվանագիտությունը: Հարավային Կովկասյան զարգացումների հետ կապված ևս Իրանի քաղաքականությունը չափազանց հստակ է, կա աջակցություն Հայաստանին: Իրանը չի անում ոչինչ, որպեսզի ռեգիոնում իրավիճակը է՛լ ավելի լարվի, միայն արձագանքում ու փորձում է զսպել, այդ թվում՝ դիվանագիտական եղանակներով: Այս առումով կարևոր էին ռուս-իրանական բանակցությունները Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով»,- ասաց նա:

Վերլուծաբանը չի գտնում, թե Իսրայելի, Թուրքիայի ներքաղաքական անկայունություններն այս պահին էականորեն անդրադառնում են նրանց արտաքին քաղաքականության վրա ռեգիոնում:

«Իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը գնում է սրման, իրանաադրբեջանական հարաբերությունները վերջին մեկ ամսվա ընթացքում էլ ավելի են սրվել, Ադրբեջանը ստանում է Արևմուտքի աջակցությունն Իրանի դեմ, Հայաստան-Ադրբեջան տարաձայնությունները ևս շարունակվում են լուրջ լարման վտանգով: Ուստի Իրանը վստահ, բայց զգույշ է գործում: Ադրբեջանի հայտարարություններում նկատվում է մտավախություն, սակայն Ադրբեջանի դաշնակիցները վստահ են գործում՝ հրահրելով մեծ էսկալացիա ռեգիոնում: Իրանի դիրքերի ամրապնդումը Պարսից ծոցի ավազանում և ինչ-որ չափով՝ նաև Հարավային Կովկասում, էլ ավելի է անհանգստացնում ԱՄՆ-ին: Իրանը դեռ շարունակում է զգուշացնել և զգոնության կոչեր անել Ադրբեջանին»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս