«Փաշինյանը կզոհաբերի մինչև վերջին կտոր հողը, բայց իր իշխանությունից չի հրաժարվի. մեզ լիդեր է պետք». Հռիփսիմե Առաքելյան

Հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանն այն կարծիքին է, որ մեր իրականությունում գերիշխում է քաոսը, և դրա առկայությամբ անհույս է առողջ բանականություն ակնկալել հասարակության կողմից:

«Հասարակության մոտեցումն այդ հարցերի վերաբերյալ դարձավ սովորական, որովհետև երբ ամենավերին օղակներին քարոզ է արվում, որ Արցախը մեզ պետք չէ, Արցախը գլխացավանք է, թող գնա՝ Ադրբեջանի կազմում իր հարցերը լուծի: Անընդհատ քարոզվում է, որ Արցախը պետք է ինքը գնա և բանակցի Ադրբեջանի հետ: Սա աբսուրդի աբսուրդն է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դա ասում է, հետո դրան հակասող մեկ այլ թեզ է շրջանառում, որ՝ Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն և էթնիկ զտումներ իրականացնել արցախահայության նկատմամբ: Ես որևէ կերպ չեմ պատկերացնում՝ ցեղասպանվողն ինչպես է ցեղասպանողի հետ առհասարակ բանակցում, պարզ է, չէ՞, որ սա կեղծ օրակարգ է: Արցախի իշխանություններին նետել ցեղասպան քաղաքականություն ունեցող, ռազմական հռետորաբանությամբ առաջնորդվող Ադրբեջանի գիրկը, սա միանշանակ տանում է հենց նրան, որ այո, ցեղասպան քաղաքականությունը կարող է ի կատար ածվել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Հռիփսիմե Առաքելյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի առաջին մեսիջն այն է, որ սահմանին էսկալացիա է լինելու, որ մարդիկ հետո չասեն՝ չի ասել. «Եթե 2020թ. սեպտեմբերի 27-ի պարագայում մեզ չեն ասել, հիմա կասի՝ ասել եմ, դուք ինչո՞ւմ պետք է մեզ մեղադրեք: Նա ասում է՝ ես ուզում եմ խաղաղություն, երջանկության գիրկը կընկնեմ, եթե այդ թուղթը տան, ես ստորագրեմ, բայց էն մարդը չի ուզում խաղաղություն»:

Հարցին՝ 2021թ. Փաշինյանը չգիտե՞ր, որ էն մարդը, այսինքն՝ Ալիևը, չի ուզում խաղաղություն, որ գնացել ու ձայներ էր հավաքում՝ խոստանալով խաղաղություն, նա պատասխանեց. «Այո, նա ասում էր՝ պատերազմ չի լինելու, ձեր զավակները չեն զոհվելու, բայց արդյունքում չստացվեց: Նա այնպիսի տեսակ է, որ կզոհաբերի մինչև վերջին կտոր հողը, բայց իր իշխանությունից չի հրաժարվի, որովհետև այդ իշխանությունը հանդիսանում է բացառապես իր պաշտպանության գրավականը: Երկիրը հասցրել են այնտեղ, որ դասական սիրիական օրինակն է, երբ բոլոր գերհզոր տերություններն իրենց աշխարհաքաղաքական խնդիրները փորձելու են լուծել մեր երկրում»:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց՝ ժողովուրդը քանիցս դուրս է եկել փողոց, բայց լիդեր է պետք. «Ես փնտրում եմ այն մարդուն, որը կգեներացնի այդ շարժումը: Լիդեր ասվածը պետք է այն մարդը լինի, որը հանուն իր երկրի գոյության պատրաստ կլինի գնալ անձնազոհությունների. փաստը ցույց տվեց, որ չկան այդպիսի մարդիկ: Այսօր մենք փնտրում ենք այդ առաջնորդին, որի լինելն օրհասական է այսօր: Շատ խելացի մարդիկ կան, որոնք ինչ-որ շարժում գեներացնում են, բայց այս պահին չկա այն մարդը, որ կկարողանա լրջագույն կոնսոլիդացիա իրականացնել»:

Ինչ վերաբերում է արվեստի և մշակույթի գործիչների լռությանը, նա հետևյալն ասաց. «Ես չեմ էլ ուզում, որ իրենք խոսեն: Իրենց երկրում առկա իրավիճակը բացարձակ չի հետաքրքրում, և ժողովրդական արտիստներից մեկի անունը վերջին երկու օրերին բացառապես շրջանառվում է այն համատեքստում, որ հայհոյանքներով ներկայացում է բեմադրել և թատերական ինստիտուտի ռեկտորն արգելում է: Եթե այդ մարդը պետք է խոսի Արցախի մասին, դա բացարձակ պետք չէ: Այդ մարդուց ես ի՞նչ ակնկալեմ, որ պետք է ասի Արցախի մասին: Ես այդ մարդու օրինակն եմ բերում, որովհետև նա է ակտիվ այս ընթացքում, և վերջերս ասել էր՝ ինչ եղել է՝ նախկիններն են արել: Ինտելեկտի մակարդակի այս աստիճանով մարդիկ թող չխոսեն Արցախի մասին: Իրենց դա չի էլ հետաքրքրում: Նրանք փայ փախցնողներ են և չեն կարող հասկանալ այն ցավը, տառապանքը, ապրումը, որն ունի այսօր Արցախում շրջափակված հայը և ունի յուրաքանչյուր այն արժանապատիվ հայը, որը գիտի՝ ինչ ասել է՝ Արցախ և Արցախի արժեք: Այդ մարդիկ ի՞նչ գիտեն՝ դա ինչ է, խոսեն ի՞նչ անեն, ձեզ պե՞տք է, որ նրանք խոսեն:

Օրեր առաջ իմ լավ ընկերներից մեկը, որի զավակը զոհվել է 44-օրյա պատերազմում, Ալիսա Գևորգյանն անդրադարձավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, և քանի որ ուներ լավ հարաբերություններ նրա հետ, դիմեց, ասաց՝ գիտե՞ք, ես ձեզ չեմ հասկանում, Ձեր ծննդյան առթիվ հարցազրույց եք տվել և ասել եք, որ անչափ երջանիկ եք: Ալիսան ասում է՝ ես ուրախ եմ, որ Դուք երջանիկ եք, բայց այս իրավիճակում, այս խայտառակության մեջ, այս կորուստների մեջ, Արցախի շրջափակված լինելու մեջ, էսկալացիայի վտանգի առաջ՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դուք այդքան երջանիկ եք, միգուցե ձեր բանաձևն ասեք՝ մենք էլ այդպես երջանիկ ապրենք: Հիմա, այդ մարդը, որ ոչինչ չի խոսում, մենք ի՞նչ պետք է անենք, պետք է ստիպենք, որ խոսի՞, թող չխոսի: Խիղճը մնում է իրենց հոգուն, եթե ունեն, եթե չունեն, քավ լիցի, ինձ իրենք չեն էլ հետաքրքրում: Մանսուրյանի երաժշտությունը ես վաղուց չեմ կարողանում լսել, որովհետև ինձ մոտ ծանր ասոցիացիաներ են առաջանում, որովհետև չեմ կարողանում ընկալել այն մարդուն, որը ստեղծել է այդ երաժշտությունը, բայց ինքը որևէ կերպ երկրի քաղաքացի չէ, ինքը արվեստագետ է, բայց քաղաքացի չէ»:

Նա հավելեց. «Աստված մի արասցե, եթե իսկապես էսկալացիան եղավ, որի մասին արդեն իրանական լրատվամիջոցներն են խոսում, եթե հարձակում եղավ, էլ ի՞նչ պետք է անի ինքը, որ մենք նրա հարցերը վերջնականապես հանգրվանի հասցնենք: Եթե չլինի ինքը և երկրում լինի էսկալացիա, մենք կարող ենք գոնե որոշակի ձեռքբերումներով դրանից դուրս գալ: Իր պարագայում էսկալացիա ունենալու դեպքում պատկերը դժգույն է և մռայլ, ես կոնկրետ վախ ունեմ, որ մենք դժվար դրա տակից դուրս գանք: Հույսս այն է, որ այդ օրհասական պահին, երևի թե, մի բան կլինի և իր օրոք այդ ամբողջը չի կառավարվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս