Ամեն փռշտոցը մեծագույն հաջողություն էր համարում, ամիսը մեկ 100 փաստ էր ներկայացնում. Վարդան Բոստանջյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
2020 թվականի մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական էր հատկացրել նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին, ըստ որի՝ Հայաստանը «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվել էր «հիմնականում ազատ» երկրների խումբ:
Փաշինյանն այլևս չի հրապարակում 100 փաստերը՝ գուցե նաև այն պատճառով, որ այդ փաստերն ի չիք դարձան թավշյա խոստումների պես:
Հայաստանն այս տարի դարձյալ հետընթաց է արձանագրել «Տնտեսական ազատության ինդեքս»-ի սանդղակում: 2023թ. Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է, իսկ Եվրոպայի տարածաշրջանում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001 թվականից ի վեր ամենացածրն է։
Ի դեպ, Հայաստանը մեկ այլ տնտեսական ցուցանիշով ևս հետընթաց է արձանագրել. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում (տե’ս այստեղ.):
2020 թվականին Հայաստանը գտնվում էր 61-րդ հորիզոնականում և երկու տարվա ընթացքում զիջել է իր դիրքերը 19 հորիզոնականով:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով այս ցուցանիշներին՝ նշեց, որ միջազգային նման գնահատականներն անգամ չեն նկարագրում պետության իրական վիճակը:
«Եվրոպական համապատասխան կառույցները հրահանգ ունեն հնարավորինս քողարկել իրականությունը, բայց բոլոր պարագաներում էլ հասկանալի է՝ անկախ այդ կառույցների կողմից արձանագրված ազատության աստիճանից, կոռուպցիայի ցուցանիշներից և այլն, երկիրը չի կառավարվում:
Այսօր ամենակարևորն անվտանգության հարցն է. երկրի ղեկավարն է նույնիսկ ասում՝ ի զորու չենք ղեկավարելու: Անվտանգության հարցը թողած՝ մտածենք, թե այս սանդղակում ենք առաջինը, մյուսում՝ չորրորդը, առնվազն ծիծաղելի է: Մահացու հիվանդի դեպքում, գիտեք, չեն ասում՝ ջերմությունը մի փոքր իջավ,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով,- Այս իրավիճակում ընդհանրապես համակարգի մասին խոսել, առաջընթացի մասին խոսելն ավելորդ է»:
Վարդան Բոստանջյանը, այդուհանդերձ, համաձայն է «Տնտեսական ազատության ինդեքս»-ում կոռուպցիայի մասին արձանագրումներին. ըստ նրա՝ կոռուպցիան լայն թափ է հավաքել 2018 թվականի իրադարձություններից հետո:
«Ամեն փռշտոցը մեծագույն հաջողություն էր համարում, ամիսը մեկ 100 փաստ էր ներկայացնում. օրինակ, տրանսպորտն իր կանգառում ճիշտ է կանգնում, տեսեք՝ ինչ հաջողություն է»,- եզրափակեց նա: