«Փաշինյանը կաշկանդված է խոսել Արցախի ինքնորոշումից՝ 2018 թվականին տված խոստումների պատճառով». Եղիշե Առուշանյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական ասուլիսն էր հրավիրել, որի ժամանակ 168.am-ն ուղիղ հարց ուղղեց նրան, հետաքրքրվելով՝ Արցախը տեսնո՞ւմ է Ադրբեջանի կազմում, եթե ոչ, ապա ուղիղ ու հստակ կարո՞ղ է հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Հայաստանի Հանրապետության օրակարգում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո և այս շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է։ Ես ինչ եմ տեսնում, ինչ չեմ տեսնում՝ էական չի. էական է, թե ինչ է տեսնում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, և էական է, թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը միջազգային մեխանիզմի պայմաններում արդյո՞ք հնարավորություն ունի հետապնդել իր իրավունքներն ու անվտանգության հարցերը։ Սա շատ կարևոր նրբություն է»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը՝ ՀՀ ղեկավարը որևէ բանով կաշկանդվա՞ծ է՝ հայտարարելու, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», նա արձագանքեց.
«Ես, իհարկե, կաշկանդված եմ շատ բաներով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության անվտանգությամբ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությամբ, ձեր, բոլորի անվտանգությամբ, Հայաստանի ինքնիշխանությամբ, սուվերենությամբ, անկախությամբ, Հայաստանի պետական շահերով: Իհարկե, կաշկանդված եմ: Բա որ այդպես չլիներ՝ այնպիսի հայտարարություններ կանեի….»
168.am-ի հետ զրույցում Արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Արցախի ազատամարտիկների միություն» հ/կ անդամ Եղիշե Առուշանյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը կաշկանդված է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ 2018 թվականին ՀՀ իշխանությունը վերցրել է այլ խոստումներով։
«Հավանաբար նա կաշկանդված է 2018 թվականին տված իր խոստումներով, այդ թվում՝ այդ ժամանակ բոլորին հայտնի է, որ «հայկական հեղափոխությունը» ֆինանսավորվում էր դրսի կողմից, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից։ Թերևս, սա է պատճառը, որ ՀՀ այսօրվա գործող ղեկավարն անհարմար է զգում խոսել Արցախի ինքնորոշման մասին։
Երկրորդը՝ Նիկոլ Փաշինյանը պարտվել է և չի կարող իրեն հաղթածի ցանկություններին դեմ արտահայտվել»,- նշեց Եղիշե Առուշանյանը։
Նա ընդգծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ըստ իրեն՝ Արցախի ինքնորոշումից չխոսելով՝ ապահովում է Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, ապա սխալվում է, այդ ամենը պարզապես նշանակում է՝ խուսափել պատասխանատվությունից։
«Նրա եվրոպացի, այդ թվում՝ ռուս գործընկերների մոտ կա այն տպավորությունը, որ ՀՀ իշխանությունը խուսափում է պատասխանատվությունից, խուսափում է հայկական պետության ճակատագրին առնչվող հարցերի ճշգրիտ լուծումից։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս իշխանությունը պատասխանատվություն չի վերցնում իր վրա՝ պարտականությունները կատարելու համար»,- շեշտեց Ե. Առուշանյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ պատասխանատվությունից չի խուսափում, Եղիշե Առուշանյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, որ ամեն ինչի համար վաղ թե ուշ պիտի պատասխան տա։
«Նա պատասխանատվություն ասելով՝ լավ գիտակցում է այն պատիժը, որը պետք է կրի այս ամենի համար, նա դրանից չի խուսափի»,- եզրափակեց Եղիշե Առուշանյանը։