«Պետք է հասկանան՝ մեծ գին են մուծելու, եթե ուզենան զենքով ստիպել, որ ենթարկվենք իրենց». Ռուբեն Վարդանյան

«Ապագա Հայկականը» և «Ավրորա» նախաձեռնությունների համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս Արցախից տեսակապով միացավ «Ապագա Հայկականը» նախաձեռնության կազմակերպած համաժողովին:

Ռուբեն Վարդանյանը վստահեցրեց՝ չնայած շրջափակմանն ու բոլոր դժվարություններին՝ կյանքն Արցախում շարունակվում է, արցախցին պահում է ոգին ու արժանապատվությունը:

Անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ռուբեն Վարդանյանը փոխանցեց արցախցիների միասնական որոշումը.

«Մենք մեզ չենք տեսնում Ադրբեջանի կազմում և չենք հասկանում բառը, որն իրենք գործածում են՝ «ռեինտեգրացիա», որովհետև դրա իմաստն այն է, որ ինչ-որ ժամանակ եղել ենք իրենց մասը, բայց դա այդպես չէ. Արցախը չի՛ եղել Ադրբեջանի կազմում: Արցախը եղել է Սովետական Միության ժամանակ Սովետական Ադրբեջանի մի մասը, բայց դա լրիվ ուրիշ շրջան է եղել:

Կարդացեք նաև

Մենք ապրում ենք մեր օրենքներով, մեր պետական բոլոր ինստիտուտները կառուցելով, և միակ ճանապարհը պայքարելն է՝ ինչպես Կուբան պայքարեց ԱՄՆ-ի դեմ, երբ ԱՄՆ-ը ուզում էր ամեն կերպ իրավիճակը փոխել Կուբայում, բայց Կուբան չենթարկվեց»:

Նա հավելեց, որ այդ պայքարը բոլորից պահանջելու է ռեսուրսների մաքսիմալ կոնցենտրացիա, ինչպես Արցախյան շարժման օրերին:

«Պետք է ճկուն լինենք և պահենք մեր սկզբունքային կետերը՝ մենք անկախ պետություն ենք, չենք ենթարկվելու Ադրբեջանի պահանջներին, իրենք պետք է հասկանան՝ մեծ գին են մուծելու, եթե ուզենան զենքով կամ այլ ձևով մեզ ստիպեն՝ ենթարկվել իրենց»,- ամփոփեց Ռուբեն Վարդանյանը՝ նկատելով, որ բանակցությունների համար բաց են:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս