Հրամանատար Շահնազարյան Թեմուրը չի կարող մոռանալ՝ իրեն շարքային զինվորն է հանել ականապատ տարածքից…

Այսօր արցախյան կամ հայ-ադրբեջանական առաջին պատերազմի, այդ տարիների մեր հաղթանակների մասին, կարծես, մոռացել ենք, քիչ ենք խոսում, կամ առհասարակ չենք խոսում:

Ավելին, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հայ զինվորը, հայ սպան բազմաթիվ հերոսությունների է գնացել, շատ հաճախ՝ կյանքի գնով: Հայ հասարակությունը պետք է իմանա, որ կռվող հրամանատարները մինչև վերջ եղել են զինվորի կողքին: Այսօր համատարած խոսում են միայն նահանջող հրամանատարների մասին, այսօր հասարակությունը, կարծես, համատարած բացասական վերաբերմունք ունի զինվորականության, սպաների նկատմամբ, իսկ պատերազմը դեռ չի ավարտվել:

Նշված հանգամանքներից ելնելով՝ 168.am-ը որոշել է շարք սկսել, որի շրջանակում պարբերաբար կներկայացնենք սովորական մարդկային պատմություններ՝ առաջին պատերազմի, 44-օրյա պատերազմի մասին, մեր կողքին ապրող սպաների մասին, որոնք չեն սիրում խոսել իրենց կատարած սխրագործությունների մասին:

Մեր առաջին հերոսը ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի և ԱԿՀ վարչության պետ, գեներալ-մայոր Թեմուր Շահնազարյանն է, ում հետ բացառիկ հարցազրույց ենք ունեցել։

Կարդացեք նաև

Նա այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով:

Գեներալն առհասարակ չի սիրում խոսել պատերազմի, դրան իր մասնակցության մասին, իսկ պատերազմում նա կորցրել է իր առողջությունը, հերթական գործողության ժամանակ ականի պայթյունից կորցրել է ոտքը…

Նրա հետ հարցազրույցը պատերազմի միջով անցած մարդկային ճակատագրերի մասին է, այդ թվում՝ Թեմուր Շահնազարյան անհատի, հայի, քաղաքացու և հրամանատարի:

– Պարոն գեներալ, ցանկանում մեր զրույցը սկսել Արցախյան առաջին պատերազմին կամ 90-ականների մարտական գործողություններին Ձեր մասնակցությունից: Գիտեմ, որ չեք սիրում խոսել պատերազմին, մարտական գործողություններին Ձեր մասնակցության, անցյալի, անցած մարտական ուղու մասին, բայց այսօր, ինչպես ասում են՝ այլընտրանք չկա:

– Արցախյան առաջին պատերազմը, ըստ էության, սկսվեց ղարաբաղյան շարժումից: Բոլորս էլ գիտենք, որ Ստեփանակերտում սկսվեցին միտինգներ, որը տեղափոխվեց Հայաստան՝ Երևան: Այդ ժամանակ ես դեռ ուսանող էի Պոլիտեխնիկական ինստիտուտում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ ուսանողները նվիրվեցին այդ շարժմանը: Այսինքն, ես սկսեցի մասնակցել ղարաբաղյան շարժման միտինգներին, նախ՝ դասադուլների տեսքով, հետո հասկացանք, որ ավելի է լրջանում, և այդ ամենն արդեն եղավ կազմակերպված եղանակով:

Որոշ ժամանակ միտինգներին մասնակցելուց հետո ես հասկացա՝ դա իմը չէ: Լարվածություն սկսվեց Ղարաբաղում, հետո՝ ՀՀ սահմաններում: Եվ Արցախ մեկնելու համար սկսեցին ձևավորվել կամավորական ջոկատներ, որոնց անդամագրվեցի, բայց ստացվեց այնպես, որ նաև Բերքաբեր և Կիրանց գյուղերում սկսվեցին ընդհարումներ ադրբեջանցիների և գյուղացիների միջև, այդ ընդհարումները վերածվեցին լուրջ առճակատման: Եվ ես, իհարկե, մեկնեցի Իջևան:

Սկզբում գյուղի կամավորական ջոկատով սկսեցինք հերթապահել Բերքաբեր գյուղում, զուգահեռ իրավիճակը լարվեց Կիրանցում: Կիրանցում հակառակորդը նույնիսկ փորձեց ներխուժել գյուղ և վառել սահմանակից տներից մեկը: Մենք ջոկատով մեկնեցինք արդեն Կիրանց գյուղ, և առաջին իրատեսական մարտական գործողություններին մասնակցել եմ այստեղ:

Այդ մարտական գործողություններից հետո, երբ կամավորական ջոկատների հրամանատարը, ձյաձյ Բորյա էինք ասում, եկավ գյուղ, այդտեղ նկատեց ինձ, վերցրեց իմ տվյալները և առաջարկեց, որ ընդգրկվեմ «Սարոյի ջոկատում»:

Այսպես ենք սկսել, որսորդական հրացանով, և 1990-ականներին մասնակցել ռեալ մարտական գործողությունների:

– «Սարոյի ջոկատի» մասին հրապարակային շատ քիչ տեղեկություններ կան, կամ գրեթե չկան: Կցանկանայի, որ խոսեիք այդ ջոկատի մասին:

– «Սարոյի ջոկատը» կազմավորվեց Իջևանում, քանի որ Ղարաբաղին զուգահեռ՝ Տավուշում, Իջևանում սկսվեցին լուրջ մարտական գործողություններ, և դա սահմանամերձ համարյա բոլոր գյուղերում՝ Վազաշեն, Այգեհովիտ, Բերքաբեր, Կիրանց: Ընդհուպ հասավ նրան, որ հակառակորդը մշտական ականանետային կրակի տակ էր պահում սահմանամերձ գյուղերը, և ստիպված մենք մեկուսացրեցինք այդ գյուղերից մեկը, որպեսզի կարողանանք ապահովել անվտանգություն: Խնդիր առաջացավ ստեղծել այնպիսի մի ջոկատ, որ այն կատարեր գրոհային գործողություններ: Խնդիր դրվեց՝ հավաքագրել այն մարդկանց, ում ջոկատների հրամանատարները կներկայացնեն: Եվ հավաքագրվեց 30-35 մարդ, ոչ ավելի: Դրա կազմի մեջ, ի զարմանս ինձ, հայտնվեցի նաև ես:

Ջոկատում հիմնականում ընդգրկված էին ազդեցիկ մարդիկ, որոնք կարողանում էին եղանակ փոխել և՛ մարտի դաշտում, և՛ հասարակության մեջ: Միաժամանակ ջոկատում ընդգրկվեցինք երիտասարդներս՝ ես, Օնիկը (ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը.- Մ.Պ.), Արթուրը, Սլավիկը, տարեկիցներ էինք: Այդ ազդեցիկ մարդկանց շնորհիվ մենք մտանք ջոկատի կազմ, նրանցից շատ բան սովորեցինք: Մի ամիս հետո մարտական գործողությունների ընթացքում մեր այդ տարբերությունն ամբողջությամբ վերացավ, և ստեղծվեց մի կուռ մարտական ընկերություն:

«Սարոյի ջոկատը» մասնակցում էր տարբեր գործողությունների, որտեղ որ իրավիճակը լարվում էր, պարտադիր տագնապ էր բարձրացվում, և ջոկատը մասնակցում էր այդ գործողություններին: Ջոկատը եղել է Լաչինում, Ճամբարակում, ինչպես նաև մասնակցել է Վահան գյուղի մարտական գործողություններին, և, իհարկե, Պառավաքարի, Բերդի և Նոյեմբերյանի ուղղությամբ գործողություններին և այլն: Ջոկատի հրամանատարն Օհանյան Սարիբեկն էր, իր անունով էր ջոկատը՝ «Սարոյի»: Ինչո՞վ էր նա առանձնահատուկ՝ որպես հրամանատար, մարտի ժամանակ իրենից առաջ ոչ ոք իրավունք չուներ լինել:

Այսինքն, առաջինն ինքը պիտի մարտի մեջ մտներ: Կամ անցնում էինք հարձակման, գրոհի, ինչ-որ պաշտպանական բնագիծ էինք զբաղեցնում, առաջինն ինքը պիտի լիներ, և եթե հանկարծ որևէ մեկը փորձեր իրենից առաջ ընկնել, նա թույլ չէր տալիս:

Նա կարող էր հեռվից ղեկավարել, կամ մեկին հրամանատար նշանակեր, իսկ ինքն ապահովեր ջոկատի գործունեությունը զենքով, զինամթերքով, բայց նա դրան չգնաց և մի միջոցառման ժամանակ նա ասաց՝ եթե զոհվենք, ուրեմն առաջինը ես պիտի զոհվեմ, որ իմ ենթակաների, զինվորների մահը չտեսնեմ:

Իրականության մեջ այդպես էլ եղավ. մեր ջոկատի առաջին զոհը հենց ինքն էր՝ մեր ընկեր Սլավիկի հետ միասին: Ջոկատում ստեղծվեց մարտական իրական ընկերություն, ես այնտեղ հասկացա, որ մարտական ընկերությունը ոչ մի տեսակ ընկերության հետ չի կարելի համեմատել և փոխարինել: Այդ մարտական ընկերությունը ձևավորվեց «Սարոյի ջակատում» և մինչև մահ գնալու է, գուցե մահից հետո՞ էլ շարունակվի… Դա լրիվ ուրիշ հասկացողություն է, չգիտեմ՝ բառերով որքանով կարող եմ բացատրել:

– Մի առիթով 44-օրյա պատերազմում զոհված հրամանատար, Ազգային հերոս Վահագն Ասատրյանը հրամանատարների անուններ էր տվել, որոնցից սովորել է, այդ թվում՝ Ձեր անունը, գեներալ: Ձեզնից ի՞նչ էր սովորել հրամանատար Ասատրյանը:

Ասատրյան Վահագնը առաջին հերթին իմ ընկերն էր, նոր միայն՝ իմ ենթական մայրաքաղաքային գնդում։ Երբ ես նշանակվեցի գնդի հրամանատար, ինքը գումարտակի հրամանատարն էր, լավագույն գումարտակի հրամանատարը: Մենք ընկերություն ենք արել այդ ժամանակվանից, և դրանից հետո ցանկացած պաշտոնի նշանակվելուց հետո միշտ եղել ենք կապի մեջ: Մենք տարբեր բաներ ենք քննարկել իրար հետ, արդեն նա սկսեց զբաղեցնել բարձր հրամանատարական պաշտոններ: Երբ Վահագն Ասատրյանը Նոյեմբերյանում հրամանատար էր, ես՝ բանակային կորպուսի շտաբի պետ, այնտեղ ավելի շատ փոխհամագործակցեցինք:

Գիտեք, որ սկսվեց մի ժամանակաշրջան, որը ես անվանում են դիվերսիոն պատերազմ, և այն մեր ուղղության վրա էր՝ Իջևան, Նոյեմբերյան, Մեհրաբ, անընդհատ դիվերսիաներ էին, հրետակոծություններ: Եվ այդ ժամանակ մեր կապն ավելի ամրացավ, ընդլայնվեց, քանի որ թիրախային ուղղությունը Ոսկեպարի ուղղությունն էր, որտեղ հրամանատարն Ասատրյան Վահագնն էր: Երբ նշանակվեց բրիգադի հրամանատար, քանի որ երկուսս էլ հետախույզներ էինք, շատ հարցեր իրար հետ էինք քննարկում:

Ասեմ ավելին՝ Վահագնի վերջին խնդիրը ես եմ դրել 44-օրյա պատերազմում: Խնդիրը դնելուց հետո, կապ հաստատեցին, որ Վահագնը չկա, իհարկե, իր ենթականերն իրենց մեջ ուժ գտան շարունակելու խնդրի կատարումը: Ես իրեն ճանաչում էի՝ նա չէր կարող թիկունքից ղեկավարել, ես խոսում էի Սարոյի մասին, նույն մոտեցումը: Ինքը պիտի լիներ առաջինը, ինքը պիտի լիներ հատուկ նշանակության խմբերի գլխամասում և անմիջապես մարտի դաշտում ղեկավարեր այդ գործողությունները:

Ամբողջական հարցազրույցը՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս