Արցախից տեղահանված շուրջ 2000 ընտանիք արդեն ռուսական մարդասիրական օգնություն է ստացել

Մարդասիրական օգնության բաշխման առաքելությունը շարունակվում է։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 1,9 հազար ընտանիք 27 բնակավայրում արդեն ստացել է ռուսական մարդասիրական օգնություն Հայաստանում։ Տեղեկությունը հայտնում է «Ռուսական մարդասիրական առաքելություն» ոչ առևտրային կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո՝ «Եվրասիա» կազմակերպության և «Ռուսական մարդասիրական առաքելության» մասնակցությամբ:

Գործընթացին միացել են տեղական ինքնակառավարման մարմինները և կամավորները։

Մարդասիրական օգնությունը սկսել են բաշխել օգոստոսի 1-ից Հայաստանի տարբեր բնակավայրերում։

Ընդհանուր առմամբ փոխանցվել է շուրջ երկու հազար հավաքածու՝ պարենով և հիգիենայի պարագաներով, ավելի քան 200 հատուկ հավաքածու ստացել են փոքր երեխաներ ունեցող ընտանիքները: Մարդասիրական օգնության բաշխման առաքելությունը շարունակվում է։

Արդեն օգնության բաշխման շտաբ է տեղակայվել Գյումրիում, որտեղ օգնություն կստանան Շիրակի մարզում հանգրվանած վերաբնակիչները: Ընդհանուր առմամբ նախատեսվում է մոտ 140 տոննա մարդասիրական օգնություն փոխանցել՝ ուղղված առաջին հերթին առավել խոցելի խմբերին՝ բազմազավակ և կերակրողին կորցրած ընտանիքներին, տարեց մարդկանց:

Նրանք ստանում են սննդի և հիգիենայի առաջին անհրաժեշտության հավաքածուներ, որոնք ներառում են հացահատիկային ապրանքներ, մակարոնեղեն, շաքար, ալյուր, պահածոներ, քաղցրավենիք, յուղ, թեյ, սուրճ, կենցաղային նյութեր, օճառ, ատամի մածուկ և խոզանակներ:

Մանկական հատուկ հավաքածուներում ներառված են խառնուրդներ, շիլաներ, խյուսեր, քաղցրավենիք և այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխայի խնամքի համար:

Տեսանյութեր

Լրահոս