
Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը Հայաստանի համար թիվ մեկ սպառնալիքն են. Նաիրի Սարգսյան
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը վստահեցնում է՝ այն, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ, ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից. ավելին, այն շահեկան է Ադրբեջանի նախագահի և անձամբ Թրամփի համար, որովհետև այդ երկու ղեկավարները գետնի վրա ստացան այն, ինչ իրենց պետք էր, իսկ Փաշինյանը՝ ընդամենը քարոզարշավ անելու համար մի թուղթ, որը չի բխում Հայաստանի շահերից։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված հռչակագրի և հայ-ամերիկյան փաստաթղթերի մասին, Նաիրի Սարգսյանն ընդգծեց՝ միֆ է տարածվող թեզը, թե Հայաստանի 42 կիլոմետր տարածքն ամերիկացիներին 99 տարով հանձնելով վարձակալության՝ Հայաստանի տնտեսությունը շահելու է։
«Տրամադրում են ավտոճանապարհ՝ առանց մաքսատուրքերի բեռներ տեղափոխելու համար։ Նման իրավիճակում Հայաստանը ոչ միայն տեղափոխվող բեռներից մաքսատուրքեր չի ստանալու, այլ նաև բախվելու է խնդիրների ԵԱՏՄ մաքսատուրքերից զրկվելու հավանականությամբ։
Մյուս կողմից՝ ի՞նչ ներդրումների մասին է խոսքը. եթե կառուցելու են էստակադա, ինչը նշանակում է՝ այդ ճանապարհին մարդիկ չեն լինելու, սրճարան, հյուրանոց և այլ ենթակառուցվածքներ կառուցելն անիմաստ է լինելու, որովհետև նման ներդրումներ անում են այն դեպքում, երբ կան մարդկային մեծ հոսքեր, ինչը չի լինելու էստակադաների և թունելների դեպքում։ Ներդրումների մասին խոսելն ուղղակի տգիտություն է»,- ասաց Սարգսյանը։
Ճանապարհների ապաշրջափակում ասվածի արդյունքում, ըստ Սարգսյանի, Հայաստանը կարողանալու է ստանալ ընդամենը ճանապարհային վճար՝ վարձավճար, ինչը չնչին է լինելու ԵԱՏՄ-ի հետ ստեղծած խնդիրների համեմատ։
«Փաշինյանը խնդիր է դրել ավելացնել փաստաթղթերի քանակը, բայց որևէ մեկի բովանդակությունը չկատարել։ Ամերիկյան փաստաթղթերն այդ շարքից են… Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն են դառնալու. դա նշանակելու է հայկական մշակող արդյունաբերության և գյուղատնտեսության իսպառ վերացում»,- ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։