Պետդեպի մարդու իրավունքների զեկույցը երեսպաշտության հերթական սալյուտն է․ Նաիրա Զոհրաբյան

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որը, ի թիվս մարդու իրավունքների նահանջի այլ դրսևորումների՝ փաստում է Ադրբեջանի կողմից հայերին պատանդառության մեջ պահելը, Արցախի էթնիկ զտումը և քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։

Թե ինչո՞ւ են այս արձանագրումները մնում թղթի վրա՝ չունենալով գործնական հետևանքներ, և ավելին՝ ԱՄՆ-ը այս պահին դարձել է մի գործընթացի հանձնառու, որից, ինչպես նշում են տարբեր շրջանակներ, շահառու է միայն Ադրբեջանը՝ հարցի պատասխանը 168am-ը լսել է քաղաքական ու հանրային գործիչ, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանից։

«Մենք վաղուց հասկացել ենք, որ միջազգային կառույցները, նրանց զեկույցները, նրանց բանաձևերն ընդամենը  դեմոկրատական հագուստով գործիքներ են, չագուչներ են, որոնք այդ կառույցներն օգտագործում են երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար»,- ի պատասխան՝ արձանագրեց Նաիրա Զոհրաբյանը։

Այս համատեքստում քաղաքական գործիչն անդրադարձավ նաև Պետդեպի՝ Հայաստանին ուղղված գնահատականներին, ըստ որոնց՝ պաշտոնյաների կողմից իրականացվող կտտանքների ու խոշտանգումների վերաբերյալ դեպքեր են արձանագրվել, կամայական ձերբակալություններ, դատարանի որոշումներ, և այլն։

Կարդացեք նաև

«Պետդեպի Մարդու իրավունքների զեկույցն ուղղակիորեն ջախջախում է ադրբեջանական քարոզչությունը՝ խոսելով խոսքի ազատության, մարդու իրավունքների հետընթացի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին։ Զեկույցը նշում է նաև Հայաստանի դատական համակարգում առկա իրավիճակի, ապօրինի  կալանավորումների ու քաղաքական հայացքով ձերբակալությունների մասին։ Ու առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ ամենն արվում է հետևություններ անելու համար․ Ո՛չ, այդ ամենն արվում է ընդամենն Ալիևի և Փաշինյանի վրա քաղաքական պրեսինգ գործադրելու համար, որ նրանք հանկարծ  չհամարձակվեն շեղվել այն օրակարգից, որն իրենց համար նախանշել են տվյալ աշխարհաքաղաքական կենտրոնները»,- պարզաբանեց նա։

Նրա կարծիքով՝ եթե մի քանի տարի առաջ կարող էին ազնիվ մոլորություններ լինել, որոնք սպասելիքներ կձևավորեին, օրինակ, Եվրոպական խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի, Պետդեպի և այլ կառույցների զեկույցների շուրջ, ապա այսօր արդեն հասկանալի է, որ այդ ամենն ուղղակի պատեհ պահին օգտագործվող գործիքներ են։

«Չպետք է սպասել, որ նման զեկույցներին կհաջորդեն սանկցիաներ,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով,- Չպետք է ոգևորվել Պետդեպի մարդու իրավունքների զեկույցով, որովհետև դա երեսպաշտության հերթական սալյուտն է, և այս ամենն արվում է ընդամենն այս կամ այն երկրին իրենց չագուչի տակ պահելու համար։

Ու երբ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը մի թիզ անգամ շեղվի այն օրակարգից, որն իր համար գծվել է, մի վայրկյան անգամ չկասկածեք, որ հատուկ չարթերային թռիչքով Հայաստան կժամանեն Պետդեպի ներկայացուցիչները, Եվրոպայի խորհրդի Հայաստանի հարցով համազեկուցողները, և ժամերի ընթացքում այն բեսպրեդելի համար, որ հիմա կա Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, Հայաստանի օձիքից կբռնեն և դուրս կշպրտեն Եվրոպայի խորհրդից»։

Տեսանյութեր

Լրահոս