
Իսրայելում հազարավոր մարդիկ փակել են մայրուղիներն ու խաթարել ձեռնարկությունների աշխատանքը

Հազարավոր մարդիկ երթեր են անցկացրել Թել Ավիվում և Իսրայելի այլ քաղաքներում, ինչպես նաև Երուսաղեմում՝ փակելով ճանապարհները և խաթարելով ձեռնարկությունների գործունեությունը՝ այդ կերպ պահանջելով Գազայում պատանդներին ազատ արձակելու համաձայնագիր կնքել։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Թել Ավիվում և այլ քաղաքներում պատանդների ընտանիքների և զոհվածների հարազատների կողմից կազմակերպված համազգային բողոքի ցույցերը ամենամեծերից էին այն բանից հետո, երբ Իսրայելը հաստատեց վեց պատանդների մահն անցյալ տարվա սեպտեմբերին։
«Կազմակերպիչները հայտարարել են, որ նպատակ ունեն խաթարել հասարակական կյանքը մինչև համաձայնության հասնելը՝ զգուշացնելով, որ իսրայելական բանակի հետագա հարձակումները կարող են վտանգել 50 պատանդների ճակատագիրը, որոնցից միայն 20-ն են համարվում կենդանի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ցուցարարները հավաքվել են քաղաքական գործիչների տների, ռազմական շտաբների և գլխավոր մայրուղիների մոտ:
Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել նրանց ցրելու համար և ձերբակալել է առնվազն 38 մարդու: