Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը. Միքայել սրբազանը օգտվեց իր՝ լռելու իրավունքից. Սրբազանի տեսակցությունների սահմանափակումը հանվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։

Նախորդ դատական նիստին, դատարանը, լսելով կողմերին, Միքայել սրբազանի կալանքը երկարաձգեց 10 օրով: Երեմ Սարգսյանն արձագանքեց՝ Դուք անարդար դատական ակտ եք ակայացրել ու ի վիճակի չեք այս գործով արդար որոշումներ կայացնել:

Ապա Միքայել սրբազանի պաշտպանան Արա Զոհրաբյանը միջնորդեց գործը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին, որովհետև խնդրահարույց հարցազրույցները տրվել են Գյումրիում: Դատավորը միջնորդությունը մերժեց:

Այնուհետև Երեմ Սարգսյանը միջնորդեց դադարեցնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը:

Կարդացեք նաև

Սրբազանի պաշտպանական թիմի անդամ Մարինե Ֆարմանյանը դատավոր Արմինե Մելքսեթյանին համարեց ոչ պատշաճ դատարան:

Բոլոր միջնորդությունների լուծումները դատավոր Մելքսեթյանը հետաձգեց, ապա աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց, ինչից հետո դատավորը, առանց պաշտպաների հետ համաձայնեցնելու՝ իրար հետևից 4 դատական նիստ նշանակեց: Պաշտպանների դիտարկմամբ՝ դա արվեց հատուկ՝ արագ-արագ քննելու ու Սրբազանին դատելու համար:

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով: Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Այսօրվա դատական նիստի սկզբում դատարանը ցանկացավ քննեյ Միքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը: Բայց մինչ այդ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց:

«Հաշվի առնելով նախորդ դատական նիստին Միքայել սրբազանի նկատմամբ Ձեր ներկայությունը, Ձեզ մի քանի հարց եմ ուզում ուղղել: Նա խնդրում եմ պատասխանել՝ Դուք Հայ առաքելական եկեղեցու հետևո՞րդ եք, թե՞ ոչ: Դուք իրավունք չունեք քննել այս գործը, և Դուք սա լավ գիտեք»,-ասաց Երեմ Սարգսյանը: Դատավորը ասաց, որ հարցին պատասխանելու պարտավորություն չունի:

Երեմ Սարգսյանը ն՛շեց՝ այս դատարանն արդար ու անաչառ դատարան չէ:

«Քանի՞ հատ գործ ունեք, որ ամեն օր դատական նիստ ունեք, և քանի՞ հատ գործ ունեք, որ մարդիկ կալանավորված՝ ամիսներով նիստ չեք նշանակել»,-դատավորի շտապողականությունն ակնարկեց Երեմ Սարգսյանը:

Թեման զարգացրեց սրբազանի մյուս պաշտպանը՝ Հարութ Ակլունցը:

«100-ից ավելի գործեր ունեք, քանիսո՞վ եք ամեն օր նիստ նշանակել»,-ասաց նա: Դատավորը պատասխանեց՝ չի հիշում, ապա պաշտպանի հարցին ի ի պատասխան՝ ասաց՝ այս գործի վերաբերյալ հատուկ վերաբերմունք չունեմ:

Ապա պաշտպան Ակլունցը բերեց օրինակ, երբ օրինակ այլ գործով երկու նիստերի միջև 4 ամսվա միջակայք կա: Օրինակը միակը չէր: Բերվեցին օրինակներ, երբ դատավոր Մելիքսեթյանի նշանակած նիստերի միջակայքերն այլ գործերով 5-6-7 ամիս էին:

«Այս պայմաններում ինձ համար ակնհայտ է, որ Դուք հատուկ վերաբերմունք ունեք այս գործի նկատմամբ, բայց, ավա՜ղ բացասական տեսանկյունից: Խնդրում եմ՝ պատասխանեք՝ ունե՞ք, թե՞ ոչ»,-ասաց պաշտպանը:

Դատավորը կրկին չփարատեց պաշտպանի կասկածը, ինչի պարտավորությունն ունի:

«Սպանության գործ ունեք, 2 մեղադրյալ, երկուսն էլ կալանավորված: Էդ նիստից կես ժամ առաջ Միքայել սրբազանի նիստն եք նշանակել: Կես ժա՞մ եք քննելու…Ես գիտեմ՝ ինչի՞ եք էայդպես արել, դուք արդեն գիտեք, որ մյուս նիստը չի լինելու»,-ասաց Հարություն Ակլունցը:

Դատավորը վերստին չպատասխանեց պաշտպանի հարցին: Պաշտպանն արձանագրեց՝ դատարանն անկողմնակալ չէ և պետք է գործի քննությունից հեռացվի:

Մյուս պաշտպանի՝ Մարինե Ֆարմանյանի համար էլ էր անհասկանալի, թե այս գործը քննելու համար մոյւս, առավել ծանր գործերը դատավորն ինչու է վերադասավորում:

«Էսքան փաստերից հետո դեռ շարունակելո՞ւ եք այս գործը քննել: Անընդհատ ասում եք՝ դատարանը պարզաբանման պարտականություն չունի: Բա ի՞նչ պարտականություն ունեք, պատվարժան դատարան: Պարտականություն ունեք՝ ընդդատությո՞ւն խախտելու: Մեր պաշտպանյալը չի հասկանում՝ ինքը ինչ կապ ունի իրեն մեղսագրված արաքի հետ, այն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաներով իր հարցազրույց սփռման հետ: Դուք նույնիսկ չեք պատասխանում պաշտպանների հարցերին, չեք փարատում մեր կասկածները: Ես գիտեմ, որ Դուք մասնագիտական կաշկանդվածություն չունեք, դուք լավ իրավաբան եք, բայց դուք ունեք քաղաքական կաշկանդվածություն: Դեռ ուշ չէ, թողեք այս գործը, թող քննի մի դատավոր, ով օրենքով պատշաճ դատարան կլինի»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:

Դատավորին խոսք ուղղեց նաև Միքայել սրբազանը:

«Դուք, պատվարժան դատարան, իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք՝ եպիսկոպոս Սմբատյան: Վստահ եմ՝ Ձեզ մոտ հարց չառաջացավ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը՝ հաշվի առնելով Ձեր վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Արտակ Սմբատյանը Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր: Բազմաթիվ անգամներ նրան բռնեցի, ձերբակալեցին ու բաց թողեցին, և ի վերջո, 1937թ. հայտնի «տռոյկան» գնդակահարեց նրան: Այսօր նրան գնդակահարողների անունները չկան, վստահ եմ՝ նրանց գերեզմաններին խոտ էլ չի բուսնում, բայց Արտակ սրբազանի անունով փողոց կա: Այսօր չլինի, լինի 10 տարի հետո, ես արդարացվելու եմ, բայց դուք լինելու եք մեղավոր: Ձեր զավակներն ամաչելու են: Չեմ կարողանում հասկանալ՝ Ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խայտառակությանը»,-ասաց Միքայել սրբազանը:

Պաշտպանների միջնորդությանն արձագանքեց հանրային մեղադրողը, ով իհարկե, ասաց՝ դատարավորի գործողություններում կողմնակալություն չի նկատել:

Դատավորը մերժեց իրեն հայտնված բացարկի միջնորդությունը:

Կողմերն անցան հիմնական դատալսումների փուլ, սակայն քանի որ ապացույցների հետազոտման փուլերի հետ կապված դիրքորոշումների ճշգրտման խնդիր կար, պաշտպանական կողմի խնդրանքով հայտարարվեց 10 րոպե ընդմիջում:

Ընդմիջումից հետո կողմերը ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, ինչից հետո որոշվեց դատավարության հետագա ընթացքն ու գործողությունների հերթականությունը: Եվ քանի որ Միքայել սրբազանը հրաժարվել է հարցաքննությունից, օգտվել է իր՝ լռելու իրավունքից, դատարանը հիմնական դատալսումների փուլում չի նախատեսում մեղադրյալի հարցաքննություն:

Հաջորդիվ դատավորը ճշտեց պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ դատական նիստի հետագա ընթացքը դռնփակ անցկացնելու վերաբերյալ, քանի որ անձնական տվյալներ են հրապարակվելու: Մասնավորապես՝ ապացույցների թվում է Միքայել սրբազանի օրագիրը:

Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև, որ դատարանը փոխի Միքայել սրբազանի տեսակցությունների սահմանափակման ծավալը և թողնի միայն լրատվամիջոցների հետ տեսակցության սահմանափակումը: Հանրային մեղադրողի կարծիքով՝ այդքան շատ մարդկանց հետ տեսակցելու հնարավորություն տալը Միքայել սրբազանին ողջամիտ չէ. առկա է վտանգ: Դատավորը բավարարեց միջնորդությունը: Համապատասխան հարցը կուղարկվի քրեակատարողական հիմնարկ:

Հայտարարվեց ընդմիջում, որից հետո դական նիստը կընթանա դռնփակ ռեժիմով:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Տեսանյութեր

Լրահոս