Ռոստը կարծես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի պերսոնաժ լիներ… դիրքը պահվել էր, տղաների դուխն ուտում էր իրենց

«Նարեկացի» արվեստի կենտորոնում երեկ տեղի ունեցավ Արցախյան պատերազմների վավերագրող, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի՝ «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմի պրեմիերան՝ «Ռոստ»-ը: Այն նվիրված էր 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանին:

«Քանի որ տղայիս Ռոստ էին ասում իր զինվորական ընկերները, ֆիլմի անունը հենց «Ռոստ» է: Իր կենսագրականը կա, 2010-2015 թվականներին ինքը ծառայել է Մարտակերտում, իր ծառայակից ընկերների, զինվորների խոսքը կա: Ինչպես 2010-2015 թվականներին է բազում կյանքեր փրկել և բավականին շատ պատժիչ գործողություններ արել, նույն գործողություններն արել է վերջին պատերազմի ժամանակ, և ֆիլմում իր զինվորներից մեկն է խոսում, վերջին պատերազմի ժամանակ ինքը չի թողնում, որ իրեն վիրավոր տեղափոխեն, այլ մի մասին հրաման է տալիս՝ դիրքը հետ բերել, իսկ կոնկրետ այդ տղային՝ Նարեկին, հրամայում է՝ քանի որ տեղանքը վտանգավոր է, լքի տարածքը: Հետո Նարեկն իր խոսքում ներկայացնում է, որ, փաստորեն, ամբողջ կյանքում չճանաչելով իրար, ընդամենը 6 օրում հանդիպում է մեկին, ով իր կյանքը փրկում է, և ֆիլմում ինքն այդ մասին պատմում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Ռեժիսոր Սամվել Թադևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն անչափ հուզել և հետաքրքրել է Հակոբի կերպարը, մարտի դաշտում նրա ցուցաբերած բացառիկ քաջությունը և մարդ տեսակը, որ անգամ սեփական կյանքը վտանգելով՝ բազմաթիվ կյանքեր է փրկել: Հենց այս ամենից ոգեշնչված էլ ծնվել է «Ռոստ» ֆիլմը:

«2020 թվականին սխրանք գործած մեր հերոս տղաների հերոսական նկարագիրն է: Ֆիլմում փորձել ենք նկարագրել նաև նրա վերջին սխրանքը, թե ինչպես է հասնում օգնության, ինչպես է թուրքերի հարվածի ուժը վերցնում իր վրա, որի արդյունքում՝ ընկերների հետ զոհվում է:

Գիտեք, որ մեզ պարզճակատ են անում մեր զոհված տղաները, և բոլոր այն խոսակցությունները, որ իբր նահանջել են, իբր տկար վարքագիծ են ունեցել հայ զինվորները, հայ սպաները, այս ֆիլմը գալիս է սրբագրելու, որ վատաբանում են մեր հերոսական կերպարը: Ցավալի օրեր ենք ապրում, որտեղ ազգային արժեքները փորձում են փշրել, մանրացնել, կործանել, ոչնչացնել, և այս ֆիլմը այն սպիտակ դրոշակներից մեկն է, որն ապացուցում է, որ հայ նվիրյալը, հայ սպան երբեք դիրքերը չի զիջել, այլ մահվան գնով կարողացել է ապահովել տարածքի, հատվածի, խրամատի հաղթանակը»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Սամվել Թադևոսյանը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էր նաև Հակոբ Ռոստոմյանի մարտական ընկերը. ռազմաճակատ մեկնելիս են ծանոթացել՝ Մարտակերտ տանող ավտոբուսում.

«Բացարձակապես չէիք ճանաչի էն համեստ և զուսպ տղային, որի հետ մի ամբողջ օր՝ համարյա 24 ժամ էի անցկացրել ճանապարհին, և այն տղային, որ հասել էր Մարտակերտի զորամաս: Բոլորը ողջագուրվում էին՝ Հակ ջան, եկե՞լ ես… Շատ արագ ինտեգրվեց այդ աշխատանքներին, բոլորին օգնում էր: Տեսավ, որ թեև կարողանում եմ հրազենի հետ շփվել, բայց բացարձակապես տեղյակ չէի, որ լրիվ նոր արկղից հանած ինքնաձիգը պարտադիր պետք է մաքրվի, հակառակ դեպքում հենց առաջին կրակահերթից հնարավոր է խցանվի՝ շատ յուղված լինելու պատճառով, կարգադրեց մի զինվորի, որ մաքրի… Մեկ ուրիշի համար վեճի բռնվեց հանդերձանք տրամադրող ենթասպայի հետ, քանի որ սաղավարտ չէին տրամադրում, շատ թունդ վեճի բռնվեց, կարող էր ձեռնամարտի հասնել: Նա բացատրում էր, որ աբսուրդ է մարդուն դիրք ուղարկել առանց սաղավարտի…»:

Դավիթն ասում է՝ բազմաթիվ դրվագներ է հիշողության մեջ մնացել, բայց դրանցից երկուսն ամենաշատն են տպավորվել:

«Առաջինը, երբ նոր էինք հասել, երկհարկանի զորանոցի նկուղը ծառայում էր որպես ապաստարան, և որտեղ գտնվում էին մոտավորապես 150 տղամարդ, որոնց արգելվում էր այդտեղից դուրս գալ, բայց  դե, անընդհատ մոտ 50 հոգի դրսում էր՝ ծխում են, շփվում են, և պայթունի ձայները դեռ շատ հեռվից են լսվում… Այդ պահին սրընթաց մոտեցող արկի ձայն լսվեց, Հակոբը և գնդի հրամանատարի տեղակալը նույնպես դրսում էին՝  նկուղի դռան մոտ, սկսեցին վազել հակառակ ուղղությամբ, որպեսզի բոլորին լարեին դեպի նկուղ՝ շատ անբնական ձայնով հրաման տալով… 10 աստիճաններով նկուղը՝ 1 մետր երկայնքով, 50 հոգով, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպե՞ս կիջնեն…

Պայթյունը լսվեց, ես շուռ եկա, տեսնեմ՝ ամենավերջինը ներս են մտնում գնդի հրամանատարն ու Հակոբը: Այսինքն՝ ամենավերջին զինվորին ներս բերելուց հետո նոր վերջինը իրենք մտան ներս՝ գոռալով՝ վիրավորներ կա՞ն, տղե՛րք:

Երկրորդ դրվագը, երբ ուղևորվում էինք դիրքեր, Ուրալից ամենավերջին իջնողը ես ու Հակոբն էինք, բոլոր դիրքերի մոտ կանգ էինք առնում, շփվում էինք տղերքի հետ: Էդ սարերում, էդ տղեն կարծես «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի մի պերսոնաժ լիներ, բացարձակապես ոչ մի պայթունի՝ ոչ մի ռեակցիա, թե մոտիկ, թե հեռու, ոնց որ իր սեփական լեռները լինեին…

Հոկտեմբերի 6-ի մարտից հետո մենք 3 զոհ էինք տվել, թշնամին՝ տասնյակներ, և դիրքը որ պահվել էր, մեր տղաների դուխը ուտում էր իրենց… Գումարտակի հրամանատարի տեղակալը, որը ռացիայով մարտը վարողն էր, անբնական ձենով գոռում էր՝ տղե՛րք, փախչում են, ջարդե՛ք-ջարդե՛ք…»,- պատմեց Ռոստի մարտական ընկերը՝ Դավիթը:

Հակոբ Ռոստոմյանը՝ Ռոստը, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հարազատ Մարտակերտում…

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս