Այրվող զորամասից՝ էլիտար բնակարան
Նախօրեին Հունաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարից հետո, որին զոհ էին դարձել 32 ուղևորներ, այդ երկրի տրանսպորտի նախարար Կոստաս Կարմանալիսը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ հայտարարելով, որ իր վրա է վերցնում կատարվածի քաղաքական պատասխանատվությունը։
Իրական ժողովրդավարական պետություններում, որոնցում գործում են պատասխանատվության ու հաշվետվողականության ոչ թե բուտաֆորիկ, այլ կենսունակ մեխանիզմներ, սա ոչ թե արտառոց երևույթ է, այլ միանգամայն օրինաչափ, բնականոն զարգացում։ Ի թիվս այլ գործոնների, նաև իրական պատասխանատվության գործուն ինստիտուտն է տարբերում կայացած ժողովրդավարություններին դրանց իմիտացիաներից։
Ցանկացած նման օրինակ հերթական անգամ պայթեցնում է Հայաստանի՝ «ժողովրդավարության բաստիոնի» փուչիկը։
Ընդամենը մեկուկես ամիս առաջ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհին զոհ դարձան 15 զինծառայողներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեպքի վայր այցելեց հրդեհից հետո 3-րդ օրը:
Ոչ Փաշինյանը, ոչ նա չեն մասնակցել տղաների հոգեհանգստին: Ձևի համար պաշտոնանկ արվեցին ու ձերբակալվեցին միջին մակարդակի կամ մի փոքր բարձր մի քանի զինվորականներ։ Բայց եթե անգամ այդ պաշտոնյաները մեղավոր էին, ապա նրանք կրում են տեղի ունեցածի սոսկ գործառնական, ոլորտային պատասխանատվությունը։ Որևէ զինվորական, սակայն, չի կարող կրել բանակում կատարվող ողբերգությունների քաղաքական պատասխանատվությունը, որը պաշտպանության նախարարի՝ այդ պաշտոնում նշանակված քաղաքական անձի պատասխանատվության տիրույթում է։
Հայաստանում, սակայն, քաղաքական պատասխանատվության այդ դասական, դասագրքային մեխանիզմը չի գործում։ Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողներն ու իշխանություն ունեցողները հեռու են դասականությունից ու չեն աղերսվել քաղաքականության դասագրքերին, այլ որովհետև նրանք իրականում թքած ունեն հաշվետվողականության ու պատասխանատվության վրա։
Նրանց հուզում է ժողովրդավարության ոչ թե բովանդակությունը, այլ դեկորացիան, որովհետև նրանք տեսնում են, որ աշխարհաքաղաքական նպատակներով իրենց իշխանությանը քաջալերող ու «ժողովրդավարության առաջընթացով ոգևորվող» արևմտյան կառույցներն ու երկրները գոհանում են ժողովրդավարության հենց ձևական կողմով՝ նույնքան ու ավելի թքած ունենալով դրա գործառնական նշանակության վրա։ Նաև այն պատճառով, որ բովանդակային ժողովրդավարության առկայության դեպքում Հայաստանը չէր ունենա իշխանություն, որը սկուտեղի վրա հանձնում է սեփական շահերը՝ արևմտյան շոյանքներին արժանանալու ու այդպիսով՝ իշխանությունը պահպանելու համար։ Դրա համար էլ Հունաստանում տրանսպորտի նախարարը հրաժարական է տալիս, իսկ Հայաստանում՝ պաշտպանության նախարարը շարունակում է վայելել այն պաշտոնը, որի շնորհիվ ստորաքարշ մեծահարուստները նրան նվերներ են մատուցում՝ էժան բնակարանների տեսքով։
Բայց Սուրեն Պապիկյանը, բացի բնակարանային հաճույքներից, ունի ևս մեկ «պողպատյա» արդարացում։
Նրա ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ պատասխանատվության չի ենթարկվել 5000-ից ավելի զոհերի, 10.000-ից ավելի հաշմանդամների պատճառ դարձած, իր կողմից հրահրված 44-օրյա պատերազմում կրած պարտության ու դրան հաջորդած մահաբեր արհավիրքների համար։ Դա աչքի առաջ ունենալով՝ Սուրեն Պապիկյանը, պատմության ուսուցիչ լինելով հանդերձ, երևի թվաբանական հաշվարկներ է անում՝ պարզելով, որ 15-ը քիչ է 5000-ից, հետևաբար՝ ինքը կարող է շարունակել բնակարանի վերանորոգումը։
Նիկոլ Փաշինյանի գոյությունը Հայաստանի իշխանության ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած հանցանք գործելու ու պատասխանատվության չենթարկվելու իմաստով։ Իսկ «հայկական ժողովրդավարությունը», որ ժողովրդավարածաղրանք է, իրականում հրաշալի միջավայր է նմանների համար։
Ավետիս Հարությունյան