Իսրայելի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել քրիստոնյաներից իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը Լիբանանում վնասելու համար
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ամոթալի է անվանել Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու փաստը։
X-ում արված գրառման մեջ նա մասնավորապես նշել է. «Հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի վնասումը լուրջ և ամոթալի է։
Ես բարձր եմ գնահատում Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը միջադեպը դատապարտելու և այս հարցի առնչությամբ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Վստահ եմ, որ այս տգեղ արարքը կատարողի նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ»։
Նախարարի խոսքով՝ «այս ամոթալի գործողությունը լիովին հակասում է Իսրայելի արժեքներին»։
«Իսրայելը մի երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները, և պաշտպանում է հավատքների միջև հանդուրժողականությունն ու հարգանքը։
Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար յուրաքանչյուր քրիստոնյայից, ում զգացմունքները վիրավորվել են»,- նշել է նա։
Արձանը, որը մուրճի օգնությամբ վանդալզիմի է ենթարկել իսրայելցի զինվորը, գտնվում է հարավային Լիբանանի Դեբել քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտակայքում։
Իսրայելի բանակն ավելի վաղ հայտնել էր, որ միջադեպը հետաքննվում է Իսրայելի բանակի հրամանատարության կողմից։
«Համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ներգրավված անձանց դեմ», – ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվել է, որ բանակը համագործակցում է համայնքի հետ՝ «արձանն իր տեղում վերականգնելու համար»։



