Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը․ պոպուլիզմից մինչև իրականություն

Ընդդիմախոսների կողմից հնչեցվող հայտարարությունները, թե «Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը», առաջին հայացքից, իհարկե, պոպուլիստական որակումներ են, դրա համար էլ արժանանում են նույնքան պոպուլիստական հակադարձումների՝ «ինչպե՞ս կարող է իրեն հայ համարողը նման բան ասել», «դուք ջուր եք լցնում ադրբեջանական ջրաղացին», «նրանք արատավորում են մեր վարչապետի անբասիր անունը» և այդպես շարունակ։ Եվ, իսկապես, քանի դեռ հայտարարությունները մնում են մակերեսում, քանի դեռ չեն հիմնավորվում, քանի դեռ չի ներկայացվում իրավիճակը ծնած գործոնների պատճառահետևանքային կապը, դրանք իրավացիորեն որակվում են պոպուլիստական և ամրապնդում պոպուլիստ իշխանության դիրքերը։

«Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը» թեզն առնվազն հեռու չէ իրականությունից։ Բայց այդ իրականությունը չի կարող ճշմարտացի լինել, եթե ճշմարտություն որոնողը պատկերացնում է, թե ինչպես է, ասենք, Նիկոլ Փաշինյանը Ալիևին խնդրել «բնապահպաններ» ուղարկել Լաչինի միջանցք, կամ ինչպես է նա թաքուն հրճվում արցախցիների շրջափակման մեջ գտնվելու փաստից։ Ոչ, դրանք և նմանատիպ բոլոր պատկերավորումները կապ չունեն իրականության հետ։ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման շահառու չէ, իսկ նա չի անում որևէ քայլ, որից շահ չունի։

Հետևաբար՝ այս հարցում նա մոտիվացված չէ։ Նիկոլ Փաշինյանին այս գլխացավանքը պետք չէր նաև այն պատճառով, որ դա խանգարում է իրեն զբաղվել սիրած զբաղմունքով՝ վայելել իշխանությունը, մասնակցել քեֆերին, ուտել-խմել։ Այնպես չէ, իհարկե, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է փչացնել նրա ախորժակը, բայց ամեն դեպքում, հազիվ թե Փաշինյանը երջանիկ լինի, որ ամանորի նախօրեին խոզ խանձելու փոխարեն՝ ստիպված է թեկուզ ձևական մտահոգություն խաղալ, զանգահարել այս կամ միջազգային պաշտոնյային, միտքը զբաղեցնել ու ժամանակը լցնել մի բանով, որը կարող է պակաս ճկուն դարձնել նրա պարային պլաստիկան «Աշխարհը մերն ա, մերն ա․․․» խիստ բարձրաճաշակ երաժշտության ներքո։

Նիկոլ Փաշինյանը, այսպիսով, ուղղակի կապ չունի Արցախի շրջափակման հետ։ Բայց նա ուղղակի, ամենաանմիջական կապն ունի այն քաղաքականության հետ, որի պատճառով փակվել է Լաչինի միջանցքը։ Պետությունն ունի պոզիտիվ պարտականություններ, որոնք իրացնում է պետական իշխանության, պետական կառավարման բոլոր մարմինների, պաշտոնյաների միջոցով։ Անվտանգային հարցերում պետության այդ պոզիտիվ պարտականություններն իրագործվում են երկու խոշոր համակարգերի՝ զինված ուժերի և արտաքին քաղաքականության միջոցով։

Կարդացեք նաև

Եթե հակիրճ, ապա բանակը պետք է մարտունակ լինի այնքան, որ որևէ թշնամու մտքով չանցնի ոտնձգություն իրականացնել պետության նկատմամբ, իսկ փորձելու դեպքում էլ արժանանալ համարժեք պատասխանի, իսկ դիվանագիտությունը պետք է լինի այնքան ճկուն ու նախաձեռնող, որ աշխարհի բոլոր հնարավոր երկրների, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ հարաբերություններում պաշտպանություն ապահովի սեփական պետության համար։ Հայաստանը, սակայն, այսօր չունի բանակ, որից զգաստանում են թշնամիները, և որը կարող է համարժեք պատասխան տալ ոտնձգության ժամանակ (1.5 տարի է՝ Ադրբեջանի զինուժը գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում ու ռազմավարական բարձունքներում), իսկ դիվանագիտությունն անկարող է եղել համաշխարհային քաղաքականության սարդոստայնում հայկական շահերը տեղավորել ու պաշտպանել այնպես, որ որևէ մեկը, այդ թվում՝ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելուց առաջ մտածի հետևանքների մասին։

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու բարձր հովանու ներքո, բառի ամենաուղիղ իմաստով ձախողել է Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման գործառույթն ու առաքելությունը։ Որևէ նորմալ երկրում նման իշխանությունը ժամ առաջ հրաժարական ներկայացրած կլիներ՝ ամենավերին անկարողից, մինչև ամենաստորին պահակ։ Բայց քանի որ ո՛չ Հայաստանի իշխանությունն է հրաժարական ներկայացնող իշխանություն, ո՛չ հասարակությունը՝ հրաժարական պարտադրող հասարակություն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է այն քաղաքականությունը, որի պատճառով ադրբեջանցի զինվորները հայտնվել են Հայաստանի սարերում, «բնապահպանները»՝ Լաչինի ճանապարհին։

Պատճառահետևանքային այս շղթան ակնհայտ է դարձնում, որ, այո, Նիկոլ Փաշինյանն է փակել Լաչինի միջանցքը, փակել է ոչ թե ադրբեջանցի «բնապահպանների» հետ հանցավոր գործակցությամբ, այլ Հայաստանի իշխանության իր ենթակաների հետ՝ հանցավոր անգործությամբ։ Դրանից, սակայն, խնդրի էությունը չի փոխվում։ Չի փոխվելու նաև առաջիկայում Արցախին ու Հայաստանին սպասվող աղետների էությունը, այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել դրանք հնարավոր դարձնող իշխանությունը։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս