Պետություն չկա՛ պետություն

Լաչինի միջանցքի փակումից հետո տեղի ունեցած իրադարձությունները հերթական անգամ, բայց ավելի առարկայաբար ցույց տվեցին, որ Հայաստանում գործնական, գործառութային իմաստով պետություն գոյություն չունի։ Դրա մասին գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում կոչեր անելով բոլորին՝ ֆիզիկական ու իրավաբանական անձանց, ֆեյսբուքյան օգտատերերին, ակտիվիստներին և պասիվիստներին, աղմուկ բարձրացնել Արցախին սպառնացող հումանիտար աղետի մասին։

Նա, իհարկե, ձևականորեն հայտարարեց նաև, թե այդ հարցով զբաղվում է «Հայաստանի դիվանագիտական ծառայությունը» (երևի նկատի ունենալով Արարատ Միրզոյանին ու նրա մի քանի մորուսավոր վոյաժերներին՝ գումարած յուրահատուկ հանձնարարություններով մի անմազ դեսպան), «խորհրդարանական դիվանագիտությունը» (երևի նկատի ունենալով ադրբեջանական մամուլի աստղ Հովիկ Աղազարյանին ու նրա նման այլ բեղավորների և անբեղների)։

Իրականությունն այն է, սակայն, որ եթե Հայաստանն ունենար ոչ թե ձևական, այլ իրական պետական կառավարման համակարգ, իրապես գործող դիվանագիտական ծառայություն, ոչ թե ակտիվիստների կույտ, այլ քաղաքական խորհրդարան, ապա իրեն երկրի ղեկավար հորջորջողը չէր դիմի սոցցանցերի օգտատերերին՝ լուծելու համար մի խնդիր, որը միայն ու բացառապես պետության անելիքն ու գործառույթն է։ Իսկ երբ չկա պետություն, դրա պարտականությունները կատարում են ոչ նույնիսկ քաղաքացիական (քաղաքացին պետությանը բնորոշ ատրիբուտ է), այլ ժողովրդային խմբերը, ինչպես անպետություն ազգերի ներկայացուցիչներն են պայքարում աշխարհի տարբեր երկրներում տարբեր երկրների դեսպանատների առջև։

Արդեն երեք օր է՝ այդ պատկերը, Հայաստան պետության բացակայության պատկերը ուղիղ եթերով հեռարձակվում է հայկական լրատվամիջոցներով, որոնք ցուցադրում են Երևանի տարբեր ծայրերում գտնվող դեսպանատների առջև անցկացվող ակցիաները։
Պետության քայքայման հարցում Նիկոլ Փաշինյանը, իհարկե, կարող է ունենալ իր արդարացումները։ Չէ՞ որ նա խոստացել է ոչ թե պետություն, այլ ապագա՝ ամենևին չմատնանշելով՝ արդյոք ապագան լինելու է պետութենակա՞ն, թե՞ պետականազերծ։ Ապագան, իր կամքից անկախ, իհարկե, եկել է, և այդ առումով նա կատարել է իրեն ընտրածներին տված խոստումը, որոնք մտածել են, թե ապագան գալու է ոչ թե բնության ու ժամանակի օրենքներով, այլ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։

Կարդացեք նաև

Պետականազերծ ապագայի կերտման հարցում Նիկոլ Փաշինյանը, բացի Հայաստանի գոյության դեմ պայքարող թշնամական երկրների հավանությունից, ունի աներևույթ մի հզոր աջակից՝ հայ հանրության, ավելի լայն իմաստով, հայկական իրականության համատարած անհամարժեքությունը։

Դա լավագույնս արտահայտվում է իշխանական հեռուստաեթերում կամ սոցիալական ցանցերում, որտեղ ամեն ինչ շարունակվում է այնպես, կարծես հումանիտար աղետը ոչ թե Արցախում է, այլ հեռավոր աֆրիկյան որևէ անապատում, սովի ու ցրտահարության էլ մատնված են ոչ թե մեր հայրենակիցները, այլ Նիկոլ Փաշինյանի սիրելի մարոկկացիները։ Եթերում երգ ու պար է, սոցիալական ցանցերում՝ իներցիայով շարունակվող էքզիբիցիոնալիզմ, որին մասնակցում են բոլորը՝ բժշկից մինչև վարորդ, պատգամավորից մինչև դեսպան։ Մեծ թվով մարդկանց համար Արցախում ու արցախցիների հետ կատարվողը ոչինչ չի փոխել կյանքում, նրանցից որևէ մեկը սոցցանցում իր երջանիկ լուսանկարը տեղադրելիս չի մտածում, որ դա առնվազն անպարկեշտ է։

Նաև այն պատճառով, որ անպարկեշտությունը հիմա թելադրվում է վերևից, որտեղ գտնվողները տարածում են իրենց ֆուտբոլային երեկոների մասին տեսանյութերը ճիշտ այնպես, ինչպես ադրբեջանցիներն են ողողում համացանցը տեսանյութերով, որոնցում «բնապահպանները»՝ Լաչինում տեղադրված էկրաններից ֆուտբոլային երեկո են վայելում։

Պետությունները, ի թիվս այլ հատկանիշների, պետք է լինեն համարժեք։ Ոչ ադեկվատ հասարակություն և առավել ևս ոչ ադեկվատ իշխանություն ունեցող պետություն բովանդակային իմաստով չի կարող լինել։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս