«Ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը՝ «մեյդան» բերեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը». Հայկ Մամիջանյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չխոսեց արտահերթ նիստի օրակարգում ներառված «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստից, քանի որ, ինչպես նա բնորոշեց՝ ստիպված է արձագանքել իշխանական որոշ պատգամավորների ասածներին։
«Սկսենք ամենահետաքրքրականից՝ պարոն Աղաջանյան, ի՞նչ ստատուս-քվո է պահպանվել՝ Արցախի տարածքի փոփոխությունը չե՞ք նկատել, հողային կորուստները չե՞ք նկատել, թե՞ բանակցային գործընթացի առկա իրավիճակը, գոնե մոտ կարելի է համարել ստատուս-քվոյին, ստատուս-քվոն 30 տարի պահպանվել է։ Այո, մինչև եկաք դուք, այն պահպանված էր։
Առանձին պատմություն է պարոն Աղազարյանի ասածը։ Ուզում եմ պարոն Ռուբինյանին հուշել, որ ինքը պիտի որ հնարավորություն ունենա այս միկրոֆոնն անջատելու, լավ կլինի այդ հնարավորությունը ժամանակ առ ժամանակ օգտագործել։ Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի դեմ միջազգային դատարաններում հայցեր է ներկայացնում, իսկ պարոն Աղազարյանը որոշեց այդ հայցերի էջը մեկով ավելացնել՝ ԱԺ ամբիոնից։ Եթե միջազգային հանրության աչքերում Հայաստանը ձեր պնդմամբ՝ «օկուպանտ» էր, մեկ սանկցիա կասե՞ք, որը կիրառվել է Հայաստանի նկատմամբ։ Չնայած ինչի՞ վրա եմ զարմանում՝ 30 տարվա ընթացքում որևէ ադրբեջանցի պաշտոնյա՝ նախագահից մինչև պատգամավոր, երբեք Ալմա Աթայի մասին չէր խոսել, ի՞նչ արեց Փաշինյան Նիկոլը՝ «մեյդան» բերեց Ալմա Աթայի հռչակագիրը, որը դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը՝ այս պահին կեղծ կռվանը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր օրվա իշխանությունների՝ միջազգային բանակցություններում ունեցած փորձառությանը, Հայկ Մամիջանյանը նրան հարց ուղղեց՝ ո՞ր փորձառությունը նկատի ունի, ապա մեկ այլ հարցով ճշտեց՝ Մինսկի խմբին այս պահին որևէ առնչություն չունենա՞լը։
«Ձեզ պահեք ձեր փորձառությունը, եթե սա է այդ փորձառությունը»։
Վլադիմիր Վարդանյանը խոսեց իրավունքների ավելի լայն հասկացությունների մասին, բայց ձեր բոլորի՝ ցանկացած պաշտոնյայի աշխատանք պետք է լինի աշխարհին բացատրելու, որ ինքնիշխանության և ինքնորոշման իրավունքը հոմանիշ են կյանքի իրավունքի համար, սա բարդ թեզ չէ»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը, Հայկ Մամիջանյանն ասաց, որ Սերգեյ Լավրովը փաստացի ասաց, որ հայկական կողմի մեղքով այս պահին Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բանակցային սեղանից, բայց դրան իշխող խմբակցությունը, Նիկո Փաշինյանը, ԱԳՆ-ն ի՞նչ պատասխանեցին՝ մեկ հարցազրույց Արփի Դավոյանի կատարմամբ Հայաստանի հեռուստատեսությամբ, որտեղ պատասխան չկար։
«Ախպոր պես, քիչ խոսեք, որովհետև ձեր ամեն խոսելուց հետո ևս մեկ պրոբլեմ է առաջանում, Արփի Դավոյանը երեկ ասում է՝ մենք ցանկացած հարթակում ու ցանկացած ձևաչափով կողմ ենք ԼՂՀ հակամարտության կարգավորման քննարկմանը։ Ասեմ իմանաք՝ Հայաստանի համար շահեկան ձևաչափը Մինսկի խումբն է, և նմանօրինակ հայտարարություններ պատգամավորները չպիտի անեն»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում