Բաժիններ՝

Կլիմայի փոփոխությունը հանգեցնում է անվտանգային մի շարք խնդիրների. Ի՞նչ են առաջարկում մասնագետները

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ինչպես շատ երկրներ, Հայաստանը նույնպես մի շարք անվտանգային խնդիրների է բախվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ առաջնահերթ անվտանգային խնդիրը կապված է ջրային ռեսուրսների հետ: Օդի ջերմաստիճանի բարձրացումն ակնհայտ է, որին զուգահեռ ջրի նկատմամբ պահանջարկն ավելանում է, հետևաբար օրակարգային է դառնում ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցը:

«Նկատելիորեն տեղումները պակասում են: Ըստ գնահատումների՝ 1936 թվականից մինչև այսօր տեղումները նվազել են 14 տոկոսով: Ջրի կրճատումից զգալի տուժելու է գյուղատնտեսության ոլորտը, որը սպառում է ջրային պաշարների զգալի հատվածը»,-ասաց Դինա Հարությունյանը:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ հաջորդ անվտանգային խնդիրը առողջապահությունն է: Մասնագետի կարծիքով՝ կարող է լինել համաճարակային իրավիճակի սրում, ձևավորվեն բարենպաստ պայմաններ վարակների տարածման համար: Դրանից բացի, դժվար իրավիճակ է լինում սրտանոթային հիվանդների համար, քանի որ շոգ օրերի թիվը գնալով ավելանում է:

Վերը թվարկածից զատ, կլիմայի փոփոխությամբ, ջրային ռեսուրսների կրճատմամբ պայմանավորված առաջ է գալիս ռիսկային իրավիճակ նաև էներգետիկ ոլորտի համար: Մասնավորապես, էներգետիկ ենթակառուցվածքները պահանջում են ջուր սառեցման համար, ինչպես, օրինակ, ատոմակայանն է, ՋԷԿ-երը:

«Դրանից բացի, այսօր ամռանն էներգիայի սպառման առավելագույն ցուցանիշը հասնում է ձմեռայինին: Այսինքն՝ շոգից պաշտպանվելու, հովացման համար ավելի շատ էներգիա է սկսել ծախսվել»,-ասաց Դիանա Հարությունյանը:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգային խնդիրներն աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանը, քննարկել են օրերս Եգիպտոսում կայացած ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին: Պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարություններով, որտեղ ներկայացրել են իրենց դիրքորոշումը և իրենց երկրի տեսլականը բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման ուղղությամբ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այս համաժողովին հավանության է արժանացել մի նախաձեռնություն, որը շատ կարևոր է զարգացող երկրների համար: Խոսքը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված երկրների կրած վնասները, կորուստները վերականգնելու գործում ֆինանսական աջակցություն տրամադրող միջազգային հիմնադրամ ստեղծելու մասին է:

«Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար: Մեր երկիրը նախ կարող է դիմել և լինել որպես տնօրենների խորհրդի անդամ: Դրանից բացի, հնարավորություն ստանալ օգտվել ֆինանսական աջակցությունից կլիմայի փոփոխության բացասական հետևանքները մեղմելու համար: Այսինքն՝ ունենում ենք լրացուցիչ միջոցներ»,-ասաց Գայանե Գաբրիելյանը:

Մինչ այդ, մեր երկիրը տեղական մակարդակում պետք է հստակեցնի կորուստները, վնասները: Դրանք կարող են վերաբերել գյուղատնտեսությանը, մասնավորապես, հողերի դեգրադացմանը, բնության հուշարձաններին, որոնք վնաս են կրում կլիմայի փոփոխության ազդեցություններից:

Մասնագետները նշում են, որ անելիքներ կան բազմաթիվ ուղղություններով՝ անտառների վերականգնում, կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս