Ռուբեն Վարդանյանը Հայաստանում նոր իշխանության ղեկավար կարող է դառնալ Արցախում փայլուն հաջողության հասնելու դեպքում. Գագիկ Մինասյան
Այսօր Հայաստանում կայացավ (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգային հարցերի մեկը վերաբերում էր սեպտեմբերի 12-13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանին օգնություն տրամադրելու հարցին։
Մինչ ՀԱՊԿ երկրների ղեկավարների մակարդակով կայացած նիստը առավոտյան կայացել էր ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը, որի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ խորհրդի որոշումը համաձայնեցված է:
«Հայաստանին ուղղված սպառնալիքների հարցով ՀԱՊԿ երեք նիստ է նախաձեռնվել մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին ու ընդհանուր առմամբ համաձայնեցված է Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը, որը նախապատրաստվել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության զեկույցի հիման վրա»,- հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը խոսելով ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին, նախ հիշեցրեց՝ մինչև 2018 թվականի իշխանափոխությունը՝ Հայաստանի իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ՀԱՊԿ-ի հետ կարողացել է աշխատել այնպես, որ, օրինակ, Ռուսաստանից բացի, Հայաստանին անվճար զենք է մատակարարել Բելառուսը՝ նույն Լուկաշենկոյի ղեկավարությամբ։ Ավելին՝ անգամ Բելառուսն է վճարել Հայաստանին անվճար տրամադրած զենքի տեղափոխման համար անհրաժեշտ գումարը, ուստի, այսօր Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին խոսելիս, ըստ նրա՝ պետք է նկատի ունենալ հետևյալը՝ նման վերաբերմունքի պատճառն այն ապիկար և կապիտուլյանտ իշխանությունն է, որն այնպիսի քաղաքականություն է վարում, որը ոչ թե ավելացնում է Հայաստանի բարեկամ երկրների թիվը, այլ ճիշտ հակառակը՝ շատանում են մեր հակառակորդները։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի այսօրվա նիստում կայացված՝ Հայաստանին տրամադրվող աջակցության վերաբերյալ որոշմանը, ապա, քանի դեռ այդ մասին հրապարակում արված չէ և չկա տեղեկատվություն, թե ինչպիսի օգնության մասին է խոսքը, չեմ կարող որևէ բան ասել»,- ասաց Մինասյանը՝ շեշտելով՝ անկախ օգնության տեսակից, աներկբա է՝ Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև հարաբերությունները կվատանան, որովհետև Հայաստանում կա իշխանություն, որը չի պաշտպանում հայկական շահը, բայց պահանջում է, որ այդ շահը պաշտպանի ՀԱՊԿ-ը, որի նախագահությունն այսօր ռոտացիոն կարգով անցավ Բելառուսին, որի նախագահն «Ալիևին համարում է իրենց մարդը»։
Ի տարբերություն Հայաստանի իշխանության, հայկական շահի պաշտպանության հարցում, ըստ Գագիկ Մինասյանի, որոշակի զարգացումներ ընթանում են Արցախում, որոնք հիմք են տալիս պնդելու՝ այնտեղ կդադարի գործել Նիկոլ Փաշինյանի «նվագի տակ պարող» իշխանությունը։
«Ես դրական եմ վերաբերվում այսօր Արցախում ընթացող գործողություններին. արդեն այն հանգամանքը, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ընդգծված բացասական է վերաբերվում Ալիևը, ինձ հույս է ներշնչում, որ Ալիևը կանգնելու է խնդիրների առջև՝ Արցախում ընթացող գործընթացների հետ կապված, և հիմա նա կոմֆորտից դուրս վիճակում է։
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանի Արցախ գնալով՝ նոր շունչ կարող է հաղորդվել Արցախում ընթացող զարգացումներին, իսկ նրա այսօրվա հիշեցումները՝ Մոնթեի և Լեոնիդ Ազգալդյանի ասածների վերաբերյալ, ինձ հույս են տալիս, որ հայ ժողովրդի մեջ անթեղված կրակը Արցախում համապատասխան պայմանների դեպքում կարող է բոցկլտալ։
Ռուբեն Վարդանյանն Արցախում հաջողելու դեպքում կարող է Հայաստանում հիմք դնել նոր որակի իշխանության ձևավորման, իսկ Արցախում փայլուն հաջողության հասնելու դեպքում Ռուբեն Վարդանյանը կարող է Հայաստանում դառնալ նոր որակի իշխանության ղեկավար»,- ասաց Մինասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում