1 միլիոն դոլարանոց խլա՞մ, թե՞ մտածված հավկուրություն, և ո՞վ է «Արմավիրի» տենդերի 978 միլիոն դրամանոց «ոսկե» տղան

Քրեակատարողական ծառայությունում (ՔԿԾ) հիրավի պայթյունավտանգ իրավիճակ է ձևավորվում, վերահսկողությունից դուրս է գալիս ամեն ինչ։ ՔԿԾ ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, և համակարգում սկսվել է իրար վրա «բոչկա գլորելու» կանխատեսելի գործընթացը, ինչը ևս մեկ անգամ հաստատում է այն, որ ղեկավարությունը տեղում չէ և հայրենի կառավարության նման առաջնորդվում է պոպուլիզմով։

Ավելին, միմյանց հետ խնդիրներ ունեն նաև քրեակատարողական հիմնարկների պետերը, միմյանց վրա ինքնամոռաց կոմպրոմատներ են հավաքում, իսկ Ծառայության պետն էլ ոչինչ անել չի կարողանում:

168.am-ի տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) բարձիթողի վիճակ է, և չնայած Արդարադատության նախարարությունը (ԱՆ) ամեն ամիս ներկայացնում է հիմնարկներում առգրավված արգելված իրերի վիճակագրությունը, այնուամենայնիվ, հիմնարկներում դրա պակասը չկա, առավել ևս՝ քրեական ենթամշակույթին հարող ազատազրկված անձանց շրջանակում, մինչդեռ ՔԿԾ ղեկավարությունը ջանք չի խնայում ասելու, թե շատ կոշտ պայքար են մղում քրեական ենթամշակույթի դեմ։

Այս թեմային մենք անդրադարձել ենք բազմիցս, այդ թվում՝ նշել ենք, որ թողտվությունը ՔԿՀ-ներում հովանավորվում է ՔԿԾ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Կարդացեք նաև

Եվ թեպետ, մասնավորապես, «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցող աննախադեպ խայտառակ իրավիճակի վերաբերյալ մեր հրապարակումները, երբ ՔԿ հիմնարկում առեղծվածային պայմաններում դանակահարվում էր ազատազրկված անձ և ծեծվելով սպանվում մեկ ուրիշը, ենթադրում էին, որ շատ «գլուխներ կթռչեն», ԱՆ-ում բավարարվեցին միայն հիմնարկների պետերի փոխատեղմամբ, ինչը շատ բանի մասին է խոսում:

Այն, որ քրեական ենթամշակույթի բարգավաճումը քրեակատարողական հիմնարկներում և ՔԿԾ ղեկավարության ուղիղ կապը դրա հետ իրողություն է, ևս մեկ  անգամ ապացուցեց ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ»:

Ուշագրավ է ՔԿ տարածած հաղորդագրության հատկապես այս հատվածը. «Մասնավորապես, Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած, «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը»:

Իրականում խայտառակ այս տեղեկությունը հարց է առաջացնում՝ իսկ ինչո՞վ է զբաղված եղել ՔԿԾ ղեկավարությունը, հիմնարկների պետերը, ավելին, օպերատիվ բլոկը, որ ՔԿ-ն կարողացել է նման բովանդակությամբ հաղորդագրություն հրապարակել: Ի՞նչ արժեք ունեն ՔԿԾ տարածած ոչինչ չասող տեքստերն այն մասին, որ այս կամ այն հիմնարկում հայտնաբերվել է այս կամ այն արգելված իրը, եթե տարբեր ՔԿՀ-ներից «գրեֆն», այնուամենայնիվ, հասնում է հասցեատերերին:

«Արմավիր» ՔԿՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հետաքրքիր տեղեկություններ են հայտնում հիմնարկի նոր պետի՝ Լաերտ Գրիգորյանի հանկարծահաս «երջանկությունից»:

«Վարդաշենից» հետո դառնալով ամենամեծ հիմնարկի պետը՝ դրանից բխող բոլոր լավ ու վատ հետևանքներով, վերջինս սկսել է, ինչպես ասում են, «երկաթե ձվեր ածել»՝ դրանով իսկ «Արմավիրում» ավելի լարելով իր փոխհարաբերությունները՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ՝ ազատազրկված անձանց հետ:

Մեր տեղեկություններով՝ «Արմավիրի» նոր պետը փորձում է հիմնարկում իր կարգերը հաստատել փողոցային մակարդակով, ինչը սվիններով է ընդունվում աշխատակիցների շրջանում։

«Չգիտենք՝ նախարարի ժ/պ-ն ինչ է մտածել իրականացնել այս փոխատեղումով, բայց «Վարդաշենում» էլ վիճակը լավ չի. ոչ Գրիգոր Մինասյանը, ոչ էլ ՔԿԾ ղեկավարությունը չեն տիրապետում համակարգին»,- նշեց «Արմավիր» ՔԿՀ-ի մեր աղբյուրը։

Սա, անշուշտ կանխատեսելի իրավիճակ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը և նրա տեղակալներն իրենց աշխատասենյակներից այն կողմ ոչինչ չեն տեսնում: Մեզ ասացին՝ հիմնականում պետի խորհրդական Սիմոնյանն է կապի մեջ լինում և փորձում հարցերին լուծում տալ թե համակարգում, թե ազատազրկված անձանց շրջանակում։

Ինչևէ, 168.am-ը հարցում էր ուղարկել ՔԿԾ պետին և ցանկացել իմանալ՝ ՔԿԾ պետին, ըստ հաստիքացուցակի, եթե նախատեսված է, քանի՞ խորհրդական և օգնական ունենալու հնարավորություն է տրված, և հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ ՔԿԾ պետը քանի՞ խորհրդական և օգնական ունի:

Համաձայն ՔԿԾ-ից ստացված պատասխանի՝ ՔԿԾ պետը ունի մեկ խորհրդական և երկու օգնական, որոնց հաստիքները համալրված են, բայց հետաքրքիր է, որ ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿՀ-ներում աշխատակազմը ճանաչում է մեկ խորհրդականի և մեկ օգնականի, իսկ ընդհանրապես, ողջ օպերատիվ բաժինը վերածվել է ՔԿԾ պետի օգնականների, և ըստ նրանց՝ իրենց անմիջական գործառույթը ամենուր ՔԿԾ պետին ուղեկցելն է:

Երբ օպերատիվ բլոկը ստանձնում է անվտանգության աշխատակիցների դեր, ՔԿ-ն էլ պետք է այդ բովանդակությամբ հաղորդագրություններ տարածի:

Ուշագրավ է, որ ՔԿԾ պաշտոնական կայքում բացակայում են ՔԿԾ պետի օգնականի և խորհրդականների անուններն ու նրանց կոնտակտային տվյալները:

ՔԿԾ պետին հարց էինք ուղղել նաև ՔԿԾ օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) կողմից «Արմավիր» ՔԿՀ-ում ում հայտնաբերված խախտումների մասին:

Հարցրել էինք, թե ՔԿԾ կենտրոնական մարմնում գործող օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատանքների մեկնարկման օրից` 2022 թ. մարտի 18-ից, քանի՞ խախտում է արձանագրվել, քանի՞ կալանավորված անձ կամ դատապարտյալ է ենթարկվել պատժի, քանի՞ քրեական գործ է հարուցվել, կամ քննություն է սկսվել այդ խախտումներով, ՔԿԾ քանի՞ աշխատող է ենթարկվել տույժի կամ ազատվել ծառայությունից ՕԿԿ միջոցով հայտնաբերված խախտումների արդյունքում, ի՞նչ տիպի խախտումներ են հայտնաբերվել, դրանցից քանի՞սն են արգելված իրերի ապօրինի շրջանառություն, կանոնակարգի խախտում, ծեծ, մարմնական վնասվածքներ:

Հիշեցնենք, որ թեև ՕԿԿ աշխատանքներն իրականում պաշտոնապես մեկնարկել են այս տարվա մարտին, երբ նախարար Կարեն Անդրեասյանը հպարտորեն բոլորին ներկայացրեց ՕԿԿ մեկնարկը, իրականում ավելի ուշ է սկսել աշխատել:

Նույնիսկ նախարարի պաշտոնից իր հրաժեշտի խոսքում հպարտորեն նշեց, որ ներդրվել է տեսահսկման ժամանակակից համակարգ, որը կանխում է բազմաթիվ նոր հանցանքներ։

Նկատենք, որ 168.amը գրել էր՝ ՕԿԿ համակարգը 1 միլիոն դոլարից ավելի է արժեցել:

Հետաքրքիր է՝ նախկին նախարարը գիտի՞, որ գրանցված դեպքերը չեն արձանագրվում։

Առավել հետաքրքիր է, թե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) տեղյա՞կ է արդյոք, որ ՔԿԾ կենտրոնական մարմնում տեսահսկման թանկարժեք համակարգ կա տեղադրված, «Արմավիրի» խայտառակ դեպքերից հետո արդյո՞ք պահանջել է ձայնագրություններն ու ուսումնասիրել… Պատմությունն այս մասին լռում է, քանի որ ոչ ազատազրկված անձին ծեծելով սպանելու, և ոչ էլ «Արմավիրի» «զոն նայողին» դանակահարելու դեպքերով ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի արձագանքը չլսվեց:

Իսկ ՕԿԿ-ում տեսահսկման միջոցով, ըստ ՔԿԾ-ի, հայտնաբերվել է 26 դեպք, որոնց վերաբերյալ համապատասխանաբար նախապատրաստվում են նյութեր։

Մեզ պատասխանել էին նաև, որ արձանագրվել է ներքին կանոնակարգի խախտման 11 դեպք, որոնցով 5 կալանավորված անձ և 6 դատապարտյալ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև ծառայողական քննության արդյունքում 1 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժի, 1 ծառայող ազատվել է ծառայությունից։ Նշել էին նաև, որ ծեծի կամ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել։

Իսկ այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, ասենք, ամիսներ առաջ կրկին «Արմավիր» ՔԿՀ-ի 4-րդ տեղամասում փայտե մահակներով խմբակային ծեծի փաստը, այն էլ՝ տեսախցիկների առաջ։ Եվ դա հավանաբար չեն նկատել ՕԿԿ-ում աշխատող ՔԿԾ պետի «զեմլյակները», թե՞ լավ էլ նկատել են, բայց հրահանգվել է ընթացք չտալ։

Եվ ընդհանրապես, պարզ է դառնում, որ ՔԿԾ ներկայացրած թիվը ոչ մի կապ չունի իրականության հետ, և թիվն ավելի մեծ է, ուղղակի չեն արձանագրում, կամ ՔԿԾ պետին այդպես է պետք, ավելորդ գլխացավանքից հեռու:

Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ միլիոններ ծախսել մի բանի վրա, որ չի աշխատելու և միայն ձևական բնույթ է կրում:

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը մի օր կհարցնի՞ իր սրտի «գեներալ կապիտանին», թե ինչու չեն արձանագրում գրանցված դեպքերը, ինչո՞ւ ՔԿԾ նախկին ղեկավարները բյուջեից միլիոններ ուզեցին համակարգի տեղադրման համար, և ո՞ւր գնացին այդ գումարները: Ավելին, դեռ պատրաստվում են ևս մեկ հիմնարկ ապահովել տեսախցիկներով ու նորից միլիոններ վատնել մի բանի համար, որ չի աշխատելու։

Եվ վերջապես, ՔԿԾ-ից մեր հարցմանը, թե «Արմավիր» ՔԿՀ-ում ո՞ր ընկերությունն է իրականացնում օդափոխման համակարգի աշխատանքները, պատասխանել են, որ 2021թ. դեկտեմբերի 8-ին կնքվել է պայմանագիր ՔԿԾ-ի և «Գրիգորյան Շին» ՍՊԸ միջև՝ «Արմավիր» ՔԿՀ-ում օդափոխության, օդորակման` համակցված ջեռուցման համակարգերի կառուցման և տեղադրման աշխատանքների համար, և պայմանագրի ընդհանուր գումարն էլ կազմում է 978 000 000 դրամ։ Որպես աշխատանքների ավարտ էլ նշել են 2022թ. դեկտեմբերի 25-ը։

Հետաքրքիր է, որ «Արմավիրի» օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքները վստահվել են մի կազմակերպության, որն անբարեխիղճ հարկատուի համբավ ունի, չնայած նորաստեղծ լինելուն:

Ահռելի, գրեթե մեկ միլիարդ դոլար արժողությամբ տենդերը շահել է մի կազմակերպություն, որին Պետական եկամուտների կոմիտեն 2020թ. օգոստոսին ծանուցագիր է ուղարկել առ այն, որ վերջինս ունի 3 451 925 դրամ հարկային պարտավորություն, և, որ դրանք չկատարելու դեպքում կարող են արգելանքի տակ դրվել կազմակերպության դրամական միջոցներն ու գույքը:

Հուսանք, որ նշված ժամկետում կավարտվեն համակարգի տեղադրման աշխատանքները: Չպետք է մոռանալ, որ ՔԿՀ-ում, բացի ազատազրկված անձանցից, կան նաև աշխատակիցներ, որոնցից շատերն աշխատում են բնական լույսի բացակայությամբ, ամռանը օդ չկա շնչելու, որովհետև կան աշխատասենյակներ, որոնք պատուհան չունեն, և նրանք ավելի վատ և ծանր պայմաններում են աշխատում, քան ազատազրկված անձինք գտնվում են։

Ինչ վերաբերում է «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ին, ապա, ըստ «Հետքի» հրապարակման, այն հիմնադրվել է 2019 թ. և միակ բաժնետերը 25-ամյա Գևորգ Գրիգորյանն է։ Թեև ընկերությունը համեմատաբար նորաստեղծ է, սակայն պետական գնումների ոլորտում հասցրել է մի շարք խոշոր պայմանագրեր կնքել։

Մասնավորապես, Քաղաքաշինության կոմիտեն 4 մլրդ 800 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքել «Գրիգորյան Շին» ՍՊԸ-ի հետ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքների համար: Մոտ 570 մլն դրամով կառուցելու է նաև Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքը: 540 մլն դրամով կառուցելու է Արագածոտնի մարզի Լուսակն համայնքի միջնակարգ դպրոցի տիպային շենքը և այլն:

«Գրիգորյան Շին» ՍՊԸ-ն եղել է «Արմավիրի» օդափոխման համակարգի գնման գործընթացի միակ մասնակիցը: Այլ կերպ ասած՝ մրցակցություն չի եղել: Սա է պատճառը, որ բանակցությունների ժամանակ էական գնիջեցում չի եղել:

168.am-ը հաջորդիվ կփորձի ներկայացնել, թե այնուամենայնիվ, ո՞վ է այս «թանկարժեք տղան», ում վստահվում են բավականին պատկառելի թվեր կազմող տենդերները:

Տեսանյութեր

Լրահոս