Ո՞վ է «Արմավիր» ՔԿՀ-ում դանակահարել «զոն նայողին», ինչպե՞ս և որտեղի՞ց է նա հասել «Արմավիր», ինչո՞ւ է ՔԿՀ-ներում իշխում քրեական ենթամշակույթը
Երեկ ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ: Հաղորդագրության վերջում էլ հավելել էին, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտման ու կանխարգելման հարցում:
Արդարադատության նախարարության հերթապահ ձևակերպումները, ճիշտ է, վաղուց արդեն ոչ ոքի մոտ պատրանքներ չեն ստեղծում, բայց ամեն դեպքում մեծ ցանկության և հետևողական լինելու դեպքում հաստատ շատ ավելին կբացահայտեն: Ուղղակի հայտնաբերելու կամք է պետք կամ հայտնաբերածը չկոծկելու, ինչպես դա արեցին, օրինակ, նույն «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցած սպանության դեպքով, երբ ազատազրկված անձին այնքան էին ծեծել, որ վերջինս մահացել էր, իսկ այդ զարհուրելի դեպքից 6 օր անց նույն Արդարադատության նախարարությունը, ի դեմս նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրել էր Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Սերգեյ Ատոմյանին:
Դեռ այդ դեպքը չմարսած՝ նույն «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկած անձի մահվան բոթից օրեր անց, 168.am–ի տեղեկություններով, տեղի է ունեցել դանակահարություն։ Կիրակի օրով, օրը ցերեկով զբոսանքի վայրում «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված Կոնստանտին անունով ազատազրկված անձը դանակի մի քանի հարվածներ է հասցնում «Արմավիր» ՔԿՀ-ի՝ քրեական ենթամշակույթ կրող, այսպես ասած, «զոն նայող» Արմանին։
«Արմավիր» ՔԿՀ-ի՝ մեր աղբյուրի պնդմամբ՝ անմիջապես տուժողին տեղափոխում են հիվանդանոց և նույն օրն էլ ժամեր անց վերադարձնում հիմնարկ։
Թե ինչպե՞ս կընթանա այս գործով նախաքննությունը, որովհետև ինչպես նախորդ սպանության դեպքով, այնպես էլ այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Վաղարշապատի բաժնում, ցույց կտա ժամանակը, բայց հավանականությունը մեծ է, որ այս մի գործն էլ փակվի՝ դասվելով չբացահայտվող գործերի ցանկին, առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ վիճող կողմերը քրեական ենթամշակույթ կրող անձինք են, իսկ Սերգեյ Ատոմյանն էլ Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից» է։
Մի ուշագրավ հանգամանք՝ ևս:
Ինչպես մեզ հավաստիացրեցին «Արմավիր» ՔԿՀ-ից, հիմնարկի վարչակազմը դեմ է եղել, որ դանակահարող անձին՝ Կոնստանտինին, տեղաբաշխեն և «Երևան կենտրոն» ՔԿՀ-ից բերեն «Արմավիր»՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, ինչին պիտի տիրապետեն և փաստացի տիրապետել են ՔԿ հիմնարկի օպերատիվ ծառայողները, սակայն ինչ-որ անձի միջնորդությամբ և, ըստ ամենայնի, ՔԿԾ պետի անմիջական կարգադրությամբ նրան բերել են «Արմավիր»։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, նշենք, որ նման տեղափոխություններն առանց ՔԿԾ պետի գիտության ու անմիջական կարգադրության՝ տեղի չեն ունենում: Եվ այս պարագայում երկու տարբերակ կա՝ կամ Սերգեյ Ատոմյանը խնդրին մատների արանքով է նայել, կամ լավ էլ իմացել է՝ ինչն ինչպես է, ու կարգադրել է տեղափոխել: Երկու դեպքում էլ ՔԿԾ պետի համար աններելի կամ անփութություն կամ հանցավոր դիտավորություն է թույլ տրվել:
Մի պահ ընդունենք, որ ինչ-ինչ տարբերակով տեղափոխությունը հնարավոր է դարձել, սակայն դանակահարողն ու դանակահարվողը ինչպե՞ս հայտնվեցին նույն տեղամասում, նույն խցում չլինելով հանդերձ, ինչպե՞ս Կոնստանտինը միայնակ հայտնվեց զբոսահրապարակում այդ անձանց հետ, առավել ևս՝ դանակով զինված, ո՞ւր էին ծառայողները, և վերջապես, կա՞ արդյոք տեսաձայնագրություն: Չէ՞ որ բյուջեից միլիոններ ծախսեցին տեսահամակարգով հիմնարկը հագեցնելու, վերահսկելու համար, ուրիշ էլ ո՞ր դեպքում այն պետք է օգտակար լինի Ծառայության համար: Այս համակարգին ավելի ուշ կանդրադառնանք՝ հետաքրքիր փաստեր ներկայացնելով։
Իմիջիայլոց, սա առաջին դեպքը չէ, երբ «Երևան կենտրոնից» ազատազրկված անձ են տեղափոխում «Արմավիր» ՔԿՀ, առավել ևս` քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ, բազմաթիվ փաստեր հաշվի չառնելով, և հետագայում ավելորդ լարվածություն ստեղծում հիմնարկում, սակայն, ինչպես ասում են, պետը միշտ ճիշտ է, թե ինչքանով, դա արդեն «Արմավիրի» ծառայողները կիմանան։
Ընդհանրապես, ինչպես մեզ փոխանցեցին հիմնարկից, ՔԿԾ պետը և տեղակալները շատ կասկածելի բաներ են պահանջել իրականացնել բոլոր հիմնարկների պետերին՝ կապված քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ և ոչ միայն, դրա համար էլ այսօր ահավոր կաշկանդված են պետերից:
Այդ հարցերը հիմնական կարգավորողը՝ ազատազրկված անձանց «պռախոդ» տալը, տեղաբաշխումները հիմնարկներով կամ խցերով, մեր հավաստի տեղեկություններով, տեղի է ունենում ՔԿԾ պետի խորհրդականի, ջրմուղի նախկին աշխատակից Անդրանիկ Սիմոնյանի անմիջական գիտությամբ և հրամանով։
Սիմոնյանը փաստորեն ոչ միայն ՔԿԾ կադրային հարցերն է լուծում, նաև ակտիվորեն ներգրավված է քրեական ենթամշակույթին հարող անձանց հարցերի մեջ։ ՔԿԾ-ն փաստացի վերածել են «բեսեդկայի», բազմաթիվ հարցեր լուծվում են փողոցային մակարդակով։
Մեր աղբյուրը ներկայացրեց նաև ՔԿԾ պետի և տեղակալների «օրինական» պահանջներից մի քանի օրինակ, որոնց անպայման կանդրադառնանք հաջորդ անգամ՝ ուշագրավ մանրամասներ ներկայացնելով։
«Դանակահարության դեպքից հետո «Արմավիր» ՔԿ հիմնարկում ուժեղացված ծառայություն է, սակայն իրականում ոչինչ այդպես էլ չի փոխվել, էլի նույն բարձիթողի վիճակն է, փոքր վերապահումներով։ Ինչպե՞ս կարող է լիարժեք վերահսկողություն լինել, եթե ՔԿԾ բարձրաստիճան ղեկավարությունը հստակ պայմանավորվածություններ ունի ազատազրկված անձանց հետ, առավել ևս՝ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների հետ, չնայած, մյուս հիմնարկներում էլ նույն վիճակն է»,- ասաց «Արմավիր» ՔԿՀ-ի՝ մեր աղբյուրը:
Նույնն էլ տեղի է ունեցել «Արմավիր» ՔԿՀ- ում հոկտեմբերի 13-ի սպանությունից հետո։
«Դեպքից երկու օր անց ՔԿԾ կենտրոնական մարմնից հայտնեցին, որ գալու են ընդհանուր խուզարկության, բայց ՔԿՀ-ում թող հանգիստ լինեն, չխառնվեն, ձևական բնույթ է կրում. Այսինքն՝ իրականացվեց «չնախատեսված, ձևական խուզարկություն»,- իրավիճակը ներկայացրեց «Արմավիր» ՔԿՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը: