«Կարմիր բանտիկի» արարողությունը՝ որպես շղարշ «զոն նայողի» հետ բանակցող պաշտոնյաների համար. ՔԿԾ նոր «ձեռքբերումները»
Մարտի 18-ին Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, փոխնախարար, քրեակատարողական ոլորտը համակարգող Արփինե Սարգսյանի, Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) ղեկավար Սերգեյ Ատոմյանի և Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի ու միջազգային այլ գործընկերների հետ միասին այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շուրջ 400 տեսախցիկներից բաղկացած տեսահսկման համակարգ էր ներդրվել:
Նշենք, որ նախարար Անդրեասյանը «կարմիր բանտիկը» կտրելու էր գնացել ընտրովի հրավիրյալ լրատվամիջոցների ուղեկցությամբ, ինչին, իհարկե, տիկին դեսպանն ուշադրություն չի դարձնի, բայց դա այլ պատմություն է:
Վերադառնանք միջոցառման բուն առիթին:
Այնպես չէ, որ մինչ այդ հիմնարկում նման համակարգ չկար. որոշակի քանակով տեսախցիկներ տեղադրված էին, իհարկե, սակայն նոր համակարգը, որը 1.000.000 դոլարից ավելի է արժեցել, երևի շատ պահանջված էր:
168.am-ին հետաքրքրել էր, թե ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի տեսահսկման համակարգերի համար հայտարարված մրցույթին ո՞ր կազմակերպություններն են մասնակցել, ո՞ր կազմակերպությունն է շահել, ի՞նչ գնային առաջարկ է ներկայացրել հաղթող կազմակերպությունը: Խնդրել էինք տրամադրել մրցույթում հաղթող ճանաչվելու վերաբերյալ արձանագրության և կազմակերպության հետ կնքված պայմանագրի լուսապատճենները։ Գրավոր հարցում էինք ուղարկել:
Քրեակատարողական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ հայտարարված մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Էլլիպս Ջիէյ» ՍՊԸ-ն և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
Հաղթող է ճանաչվել «Էլլիպս Ջիէյ» ՍՊԸ-ն, որն էլ կատարել էր տեսահսկման համակարգի տեղադրման աշխատանքները, ավելին, մեկ կենտրոն էլ կահավորվել է ՔԿԾ կենտրոնական մարմնում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վերահսկողներին վերահսկելու համար հավանաբար:
«Էլլիպս Ջիէյ» ՍՊԸ-ը գործադիր տնօրենը Գոռ Զատիկյանն է: Ընկերությունը ղեկավարում է 2019թ. մայիսից, սակայն նրա ֆեյսբուքյան էջի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախկինում ևս Գոռ Զատիկյանը եղել է նմանօրինակ բիզնեսի մեջ: Արտադրել են չհրկիզվող պահարաններ, տեղադրել անվտանգության համակարգեր, բնակելի շենքերի բակերում և այգիներում, ինչպես նաև բիզնես կենտրոններում՝ մարզասարքեր:
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ ամեն ինչ պարզ է: Սեփականատերերը Հայկ և Ալեքսանդր Եսայաններն են: Հանրահայտ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները նախ աշխատում էին ու փոքր՝ 6% մասնաբաժին ունեին «Յուքոմ» ընկերությունում, ապա փորձեցին խլել ընկերությունն ամբողջությամբ, չստացվեց: Բացեցին «Թիմ» ՍՊԸ-ն, գնեցին «Բիլայնը», որը վերանվանվեց «Տելեկոմ Արմենիա»:
«Յուքոմի» ղեկավարության հետ բանակցությունները ընկերությունը ձեռք բերելու վերաբերյալ սկսվում են առաջարկվող 30 միլիոն դոլար գումարից: Եղբայրները հույս ունեին, որ այն ճնշումները, որոնք իշխանությունների կողմից գործադրվում են Խաչատրյանների նկատմամբ, կստիպեն վերջիններիս «ջրի գնով» վաճառել իրականում շատ ավելի թանկ արժեցող բիզնեսը:
Ի զարմանս Եսայան եղբայրների՝ Խաչատրյան եղբայրները հրաժարվում են 22 մլրդ 100 մլն դրամով վաճառել «Յուքոմը», և այս անգամ արդեն Եսայաններն առաջարկում են շատ ավելի բարձր՝ 70 միլիոն դոլար գին, ու, բնականաբար, այստեղ հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց ընդամենը 6 % բաժնեմասի սեփականատեր եղբայրներին այդ ահռելի գումարը, հարցն օրակարգում է մնում մի որոշ ընթացք, սակայն դրա հոդաբաշխ պատասխանն այդպես էլ չի հնչում:
Հենց այս գործարքի տապալումից հետո ստեղծվեց «Թիմ» ՍՊԸ-ն:
Եսայան եղբայրների անունը սերտորեն առնչվում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Մասնավորապես, Ալեքսանդր Եսայանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վաղեմի մտերիմ ընկերն է: Եվ այս գործարքի հետևում նույնպես երևում են նախկին փոխվարչապետի ականջները:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նախաձեռնեցին, ապա ավելի ուշ ձեռք բերեցին նաև «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:
168.am-ը դեռևս 2020թ. հոկտեմբերի 27-ին էր գրել, որ պատերազմի ընթացքում Եսայան եղբայրները եղել են Արցախում, միջամտել ընկերության աշխատանքներին, հրամաններ տվել աշխատակիցներին, և դա այն ժամանակ, երբ ընկերության ցանցը գտնվում էր հաքերային DDOS հարձակման ներքո:
Սա՝ պաշտոնական մասը, որին, կրկին շեշտենք՝ սահմանափակ լրատվամիջոցներ էին հրավիրված: Հավանաբար իրենց սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրինակին հետևելով՝ իրենց համար «անցանկալի» լրատվամիջոցներ չէին հրավիրել դեսպան Անդրեա Վիկտորինի ներկայությամբ ոչ հաճելի հարցեր չլսելու ակնկալիքով:
«Մենք այսօր այս տեսախցիկների օգնությամբ կարողանալու ենք վերացնել ապօրինությունները… Սա բարեփոխումների միայն մի մասն է, և ինչպես ասվել է, զրո հանդուրժողականություն է լինելու ոչ միայն՝ քրեական ենթամշակույթի, այլև ցանկացած ապօրինության նկատմամբ»,- իր խոսքում նշել է նախարարը։
Կարեն Անդրեասյանին չէր խանգարի փոքր-ինչ կրեատիվ լինել. արդարադատության բոլոր նախարարները և ՔԿԾ պետերը վերջին երեք տարում անընդհատ նույն բանն են պնդում, բայց իրողությունը փաստացի այլ է:
Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթին, հավանաբար նախարարը տեղյակ չէ, թե ինչպես են ՔԿԾ պայքարում դրա դեմ: ՔԿԾ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, հավանաբար, ՔԿԾ պետի գիտությամբ, հետաքրքիր, ուրույն ձևով է «պայքարում» քրեական ենթամշակույթի դեմ:
Նշված պաշտոնատար անձը, ում անունն այս պահին չենք հրապարակում, «Արմավիր» ՔԿՀ-ում դեմ առ դեմ հանդիպել է «զոն նայողի» հետ, որին հիմա անվանում են քրեական ենթամշակույթին հարող ազատազրկված անձ: Վերջինս բավականին ազդեցիկ անձ է համարվում, և ՔԿԾ պաշտոնյան ու այդ «հեղինակավոր» անձը երկար «բանակցել են»… Հավանաբար «Արմավիրի» ու այլ քկհ-ների «բարդակը» վերացնելու ուղղությամբ՝ բնականաբար, որոշակի ակնկալիքների դիմաց:
Հանդիպման ավարտին եկել են ընդհանուր հայտարարի՝ մեկը մյուսին, այսպես ասած, պահել, չխանգարել, և ձեռք ձեռքի տված՝ բաժանվել են:
Միգուցե նախարարը ճիշտ կաներ, ՔԿՀ-ում հանդիպեր նաև նրան, որովետև ինչպես պնդում են ՔԿՀ-ում, բոլոր հարցերը հիմնարկում այդ անձի միջոցով են լուծվում: «Արմավիր» ՔԿՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնարկում արդեն հումոր են անում՝ մնացել է միայն հիմնարկի կնիքն էլ տան իրեն, և վերջ: Ավելին, այդ անձը նաև որոշակի հարցերում օգտակար է լինում այլ ՔԿՀ-ների հետ կապված հարցերում ևս:
Այ, այսպիսին է քրեական ենթամշակույթի դեմ տարվող պայքարը ՔԿՀ-ներում, հեշտ, արագ և մատչելի: Իհարկե, դրա դիմաց որոշակի արտոնություններ են տրվել այդ անձին, իսկ նախարարն անընդհատ դեմքը պահելու համար իր խոսքում անդրադառնում է օպերատիվ աշխատակիցների կատարած աշխատանքներին: Ինչևէ, մենք հետևողական կլինենք և որոշ ժամանակ անց դեռ կանդրադառնանք տեսահսկման նոր համակարգի արդյունավետությանը, չնայած չենք կարծում, որ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո գիշերը տեղամասում ազատ տեղաշարժվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կենտրոնական մարմնում ֆիքսելու են և տեղեկացնեն ՔԿԾ պետին, որից հետո համապատասխան գործընթաց սկսվի:
Իսկ թե երբ վերջապես կհամալրվեն հաստիքները, և արդյո՞ք լիարժեք կգործի, ցույց կտա ժամանակը, կամ էլ կտեղեկանանք նախարարի որևէ այցից հետո:
Ուշագրավ է, որ Կարեն Անդրեասյանը երևի թե չի նկատել կամ էլ չնկատելու է տվել ևս մեկ իրավիճակ: ՔԿԾ բարձրաստիճան կազմի արտաքին տեսքը պաշտոնական միջոցառման ժամանակ աչք էր ծակում: ՔԿԾ պետի պարագայում հասկանալի է, բայց տեղակալների պարագայում նրանց՝ իրենց ծառայությանը ոչ հարիր փնթի արտաքին տեսքը բավականին վանող էր ու տհաճ: Նրանք զինվորական են, և ճիշտ կլիներ, որ գոնե պաշտոնական հանդիպումների ժամանակ զինվորական հագուստով լինեն: Զինվորականի արտաքին տեսքից արդեն իսկ կարելի է պատկերացում կազմել ծառայության հանդեպ նրանց պատկերացումների և պատասխանատվության մասին, իսկ երբ հերթը հասնի հերթական կոչմանը, հավանաբար ամեն ինչ կանեն նոր աստղերի համար, իրենց պարագայում՝ գեներալի կոչման համար:
Քրեակատարողական ծառայության պետին քրեակատարողական հիմնարկում եթե հիմնարկից որևէ բաժնի պետ դիմավորի, հավանաբար նա մեծ աղմուկ կբարձրացնի, բայց նաև պետք է գիտակցի, որ նախարարին՝ ՔԿԾ պետի բացակայության ժամանակ, պարտավոր է դիմավորել պետի տեղակալներից որևէ մեկը, այլ ոչ թե բաժնի պետ: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ զինվորական կարգուկանոն, կարգապահություն չկա: Միգուցե սրանք մանրուքներ են, բայց կարևոր:
Իրականում պետք է նշել, որ ՔԿԾ պետը, ինչպես նաև նրա տեղակալները, պաշտոնական այցերից բացի՝ երբեք չեն լինում հիմնարկներում: Նրանք ՔԿԾ-ն կառավարում են իրենց աշխատասենյակներից: Այդ դեպքում ինչի՞ համար են ծառայողական մեքենաների վրա օպերատիվ համարներ փակցնում… Հավանաբար, որ տանից աշխատասենյակ կամ հակառակ ուղղությամբ վարեն, ինչպես ուզեն, և խախտումները չարձանագրվեն: Հուսով ենք՝ նրանք տեղյակ են, թե ում են տրամադրվում և ո՞ր դեպքերում կարող են երթևեկել օպերատիվ համարանիշներով:
Վերադառնանք 168.am-ի՝ ՔԿԾ-ին ուղղված մեր հարցմանը:
Հարցին, թե 2021 թ. չորրորդ եռամսյակում և 2022 թ. հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում և ՔԿԾ կենտրոնական մարմնում քանի՞ աշխատող է (զինվորական, պայմանագրային, քաղծառայող) ընդունվել աշխատանքի, նրանցից քանի՞սն են ներկայումս փակված «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներից, ՔԿԾ-ից տվել էին թերի պատասխան՝ չնշելով, թե քանիսն են զինվորական, քաղծառայող և պայմանագրային աշխատող:
Սակայն ուրախալին այն է, որ «Հրազդան» և «Կոշ» ՔԿՀ-ների նախկին 161 ծառայող իրենց աշխատանքը կշարունակի այլ ՔԿՀ-ներում:
Մեր կողմից մատնանշված ժամանակահատվածում ՔԿԾ կենտրոնական մարմնում փաստացի 21 անձ է նշանակվել աշխատանքի, որոնցից միայն երկուսն են «Հրազդան» և «Կոշ» ՔԿՀ-ներից: Հարցմանը պատասխանել են՝ ըստ մարտի 10-ի դրությամբ եղած տվյալների: Մեծ մասն առհասարակ նորեկ է համակարգում:
Մեր տեղեկություններով՝ առհասարակ աշխատանքի ընդունելության մրցույթները ՔԿԾ-ում վերածվել են աբսուրդի, գրեթե չեն անցկացվում, կամ միայն ձևական, ուղղակի հանձնաժողովի անդամներին նախօրոք տեղեկացնում են հաղթողի անունը, և վերջ: ՔԿՀ-երից թափուր աշխատատեղերի մրցույթներին ոչ ոք չի մասնակցում. մարդիկ գիտեն, որ իմաստ չունի, միևնույն է, արդեն ամեն ինչ որոշված է, առավել ևս, որ հաղթող են ճանաչվում հիմնականում Արարատի մարզի բնակիչները, որոնց մեծամասնությունը համակարգի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել: Օրինակ, կարող էին տվյալների մեջ ներառել նաև, թե մարտի 18-ին նշանակված մրցույթում քանի՞ անձ է հաղթող ճանաչվել, և իհարկե, շատ պատահական ստացվել է, որ նրանք ևս Արարատի մարզից են:
Ավելին, պարզվում է, որ ՔԿԾ կադրային հարցերում, ինչպես նաև ազատազրկված անձանց հետ առնչվող հարցերի լուծմանն անմիջական մասնակցություն ունի ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի կնքահայրը: Վերջինս, ի դեպ, նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի վարորդն է եղել:
ՔԿԾ-ից մեր հարցմանը, թե քրեակատարողական քանի՞ ծառայող է ստանում բնակարանի վարձավճարի փոխհատուցում, և ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում փոխհատուցում ստացող անձինք, կրկին թերի էին պատասխանել, ուղղակի նշելով՝ 26 ծառայող, և նրանք զբաղեցնում են տարբեր պաշտոններ: Հավանաբար չեն ցանկացել նշել, ասենք՝ 2 ՔԿՀ պետ, 3 գլխավոր մասնագետ և այլն: