Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ն ղեկավարել է իր կողմից ստղեծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը. դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ հանդիսացող անձանց տվել է հանձնարարություններ, ինչպես նաև իր հեղինակությունն օգտագործելով՝ կայացրել է պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելու վերաբերյալ «որոշումներ»:
«Մասնավորապես, Է.Ջ-ի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը:
Բացի այդ, մի քանի քաղաքացիներ տարբեր չափերի պարտքով գումարի վերադարձի խնդրանքով դիմել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին և Կ.Ղ-ին, ովքեր, պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին չհամապատասխանող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոններով շարժվելով, կազմակերպել են նշված գումարները վերադարձնելւու գործընթացը, որոնց մի մասը, որոշ դեպքերում՝ կեսը, յուրացվել է վերջիններիս կողմից:
Բացի այդ, 2021 թվականի նոյեմբեր ամսին Ստեփանավան քաղաքի՝ «Մշկո» մականվամբ բնակիչ Մ.Ս.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել իր նախկին մտերիմի հետ: Վերջինս իր շահերը պաշտպանելու համար դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ Ա.Ն.-ին, ով, ներկայանալով որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ», փորձել է հարցին լուծում տալ: Այնուհետև Ստեփանավանի բնակիչն ասել է, որ ինքը Ա.Ն.-ին որպես «գողական աշխարհի ներկայացուցիչ» չի ճանաչում, և նշված հարցի պարզաբանման նպատակով նոյեմբերի 21-ին Ա.Ն-ն, Կ.Ղ.-ն և այլ անձինք հանդիպել են Ստեփանավանի բնակչին, ծեծի են ենթարկել վերջինիս՝ հնչեցված տեսակետի համար, որից հետո Է.Ջ.-ն տվել է վիճահարույց հարցի հանգուցալուծումը:
Բացի գումարների հետ վերադարձի կազմակերպումից, Ա.Ն.-ն իրականացրել է նաև տարբեր անձանց միջև ծագած վիճահարույց հարցերի պարզաբանումներ, հետևողական լինելով, որ վերջիններս պահպանեն այսպես ասած՝ «ճիշտ» ապրելակերպի վարքն ու կանոնները:
Մասնավորապես, 2022 թվականի փետրվարի 7-ին Ստեփանավան քաղաքի կամրջի սկզբնամասում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն քաղաքի բնակիչը դանակով երկու անգամ հարվածել է վիճաբանության մասնակցին։ Այնուհետև Ա.Ն.-ն և Կ.Ղ.-ն, վիճաբանող կողմերին լսելուց և քննարկումներ կատարելուց հետո հանգել են եզրակացության, որ Ստեփանավանի վերոնշյալ բնակիչը սխալ է, պատժելու նպատակով վերջինիս կանչել են նույն քաղաքում գտնվող նախկին հացի արտադրամասի տարածք, որտեղ որպես պատիժ՝ ապտակել են նրան:
Քննությամբ պարզվել է նաև, որ, Ա.Ն.-ն 2022 թվականի ապրիլի 28-ից սկսած, Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչների շրջանում կազմակերպել է կանխիկ գումարների, ծխախոտի, սուրճի և թեյի հավաքագրման գործընթաց, ինչն ուղարկվել է ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախաքննության ընթացքում Ստեփանավանի տարածաշրջանի շուրջ 30 բնակարաններում կատարված խուզարկությունների արդյունքում հայնտաբերվել է մոտ 30 տարբեր տրամաչափի փամփուշտ, այսպես կոչված «գրեֆ» գումար և տարբեր տեսակի ապրանքներ հավաքագրելու մասին ցուցակներ:
Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: