«Այդ անտերը որ մի օր եկավ՝ մաքրելու է, տանի». Թռչնաբույծների միության նախագահը՝ թռչնագրիպից խուսափելու մասին
Մեծ Բրիտանիայի խոշորագույն սուպերմարկետները քննարկում են Լեհաստանից ձվի ներմուծման կամ դրանց վաճառքի սահմանափակման հնարավորության և ծագած դեֆիցիտի հարցը: Դեֆիցիտի պատճառ դարձել են թռչնագրիպի հերթական բռնկումը և ամառային տապի հետևանքները Մեծ Բրիտանիայում, որի ժամանակ սատկել են միլիոնավոր թռչուններ:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը 168.am-ի հարցին՝ արդյո՞ք սա Հայաստանին ևս սպառնում է, պատասխանեց. «20 տարի է՝ փորձում ենք պաշտպանվել: Կառավարությանն անընդհատ բացատրում ենք՝ այդ անտերը որ մի օր եկավ՝ մաքրելու է, տանի: Թռչնագրիպն անընդհատ կրկնվում է Ռուսաստանում, Եվրոպայում: Պետք է տոհմային թռչնաբուծական ֆաբրիկաների տնտեսություն ստեղծենք, պրծնենք: 6 ամիս է, ընկած հող ենք ման գալիս: Գնում, նայում ենք հողերը, հետո իմանում ենք, որ սեփականաշնորհված է: Կան հողեր էլ, որ չգիտես՝ տերն ով է: Հիմա, օրինակ, Ռուսաստանն ուզում է ձու առնել: Եթե ունենայինք՝ Ռուսաստանին կտայինք: Սա այնպիսի բան է, որ հանգիստ կարող ենք և՛ մեզ ապահովել, և՛ արտահանել»:
Թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ հողատարածքը պետք է լինի ծովի մակերևույթից 1000 մետրից ոչ բարձր: Կլիման պետք է լինի բարեխառն:
«Գումարը կա, պետությունն էլ 40 տոկոսով կօժանդակի, բայց տարածքը չկա: Եթե լինի, ապա ապահովվելու ենք նաև 80-100 աշխատատեղով: Ագարակի, Արագածոտնի հատվածում կարող է լինել: Գյուղատնտեսությունը կորցնում ենք, այն անկում է ապրում: Պետք է հասկանալ, որ առաջիկա 3-4 տարվա ընթացքում սննդի առումով ոչ ոք մեզ ոչինչ չի վաճառելու: Դրա համար հարկավոր է գոնե սեփականն ունենալ»,- հավելեց Սերգեյ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստան էին ժամանել նիդեռլանդական խոշոր ընկերությունների ներկայացուցիչները, որոնք պատրաստակամություն էին հայտնել տոհմային տնտեսություն ստեղծելու հարցում նորագույն տեխնոլոգիաներով աջակցել հայ թռչնաբույծներին:
«Նիդեռլանդական կազմակերպությունը վերջերս կայացած համաժողովին բերել էր 5 ենթակապալառու կազմակերպությունների տնօրեններ: 5 տարի է՝ չարչարվում ենք, ով գալիս, ասում է՝ կանենք: Հայաստանում թռչնամսի մոտ 80 տոկոսը ներկրվում է, և խնդիրը կլուծվի, եթե թռչնի մայրական կազմի տոհմային ֆաբրիկա լինի: 40 տոկոսը պետական համաֆինանսավորում է լինելու, մնացածը՝ մասնավոր: Կառավարությունն առաջարկել է տոհմային տնտեսությունը կառուցել երեք մարզերից մեկում՝ Արագածոտն, Լոռի կամ Տավուշ: Հիմա փորձում ենք լուծել հողատարածքի հարցը: Տոհմային տնտեսություն է, տարածքներն առանձին պետք է լինեն, որ կենսաբանական անվտանգությունն ապահովվի»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Սերգեյ Ստեփանյանը:
Ընդգծենք, որ Հայաստանում տոհմային թռչնի արտադրություն գոյություն չունի, այդ իսկ պատճառով ֆաբրիկաները տարին մի քանի անգամ ստիպված են ածան հավեր և բրոյլերներ ներկրել։