Փաշինյանն Ալիևի հետ աճպարարություն է անում. Ալիևը պատրաստվում գործողության՝ Հայաստանի և Արցախի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

Օկուպացված Շուշիում նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ, բռունցքը սեղմելով, ռազմատենչ հայտարարություններով հանդես եկավ՝ հերթական անգամ սպառնալով Հայաստանին պատերազմով, պահանջելով Հայաստանից, իր ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցք»։

Ալիևի այս ռազմատենչությանը Հայաստանից պատասխանեցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի միջոցով։

Աղաջանյանը նախ ասել էր, որ Ալիևի հայտարարությունները պետք չէ կապել ոչ Սոչիի, ոչ Բրյուսելի բանակցությունների հետ, ապա հավելել՝ Հայաստանը երբեք միջանցք տալու պարտավորություն չի ստանձնել, խոսքը ճանապարհների ապաշրջափակման մասին է, իսկ միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը Ալիևին հայկական կողմից տրված պատասխանը համարեց ոչ համարժեք.

Կարդացեք նաև

«Այս իշխանությունները իրավիճակին անհամարժեք են. դրա լավագույն ցուցիչը սեպտեմբերի 12-13-ի ադրբեջանական ագրեսիան էր, որին ի պատասխան՝ Հայաստանի վարչապետն Ազգային ժողովում ասաց՝ գիտեք՝ մենք զենք չէինք կարողանում գնել։ Սա տալիս է բոլոր հարցերի պատասխանը. իրենք չեն կարողանում լուծել մեր երկրի կենսական հարցերը»,- ասաց Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանը չկարողացավ գրավել Քարվաճառը, դրան տիրացավ միայն Փաշինյանի կողմից թղթով հանձնելու արդյունքում, ինչն էլ դարձավ պատճառ, որ նոյեմբերի 8-ին Ալիևը Շուշիում հայտարարի՝ Հայաստանի ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Ալիևը հստակ իր նպատակների մասին ասում է. լավ՝ էլ ի՞նչ պետք է ասի, որ հասկանան, որ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք է, և դա չհասկանալով՝ գնալու ենք նորից կապիտուլյացիայի, որովհետև եթե գնում ես թղթի ստորագրման մի պետության պայմաններով, որը հարձակվել է քեզ վրա և քո նկատմամբ դիմել է ռազմական հանցագործությունների, քո վիճակը ավելի ես վատթարացնելու՝ զուգահեռաբար ամրագրելով ներկայիս ծանր վիճակդ»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն՝ ընդգծելով՝ Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին էր, որ ո՛չ ռուսական, ո՛չ վաշինգտոնյան տարբերակ ինքը չի ստորագրելու, որովհետև այդ տարբերակներից որևէ մեկը չի բավարարում իր առավելապաշտական նկրտումները։

«Որպես Ադրբեջանը ճանաչող մարդ՝ պնդում եմ՝ ոչ մի թուղթ Ադրբեջանին չի կանգնեցնելու. Ընդհակառակը, ամրագրելու է մեր վատ վիճակը ու մեզ էլ ավելի վատթար վիճակում դնի»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով՝ փոխարենն այս ընկալմամբ իշխանությունը զինի բանակն ու պատրաստվի պատերազմի՝ դա կանխելու նպատակով, զբաղված է աճպարարությամբ՝ Մոսկվայից մինչև Բրյուսել։

«Ադրբեջանը նախապատրաստում է գործողություններ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի ուղղությամբ։ Ալիևը երեկ սպառնում էր փակել Լաչինի միջանցքը։ Ադրբեջանը, որ անգամ պարտված վիճակում չի գնացել խաղաղ կարգավորման, հիմա ինչո՞ւ պետք է դրան գնա։ Ալիևը հիմա դիմում է մեր հանրությանը՝ հանրային դիմադրությանն է հղում անում, երբ ասում է, որ հայերը իրենց պարտվածի պես չեն պահում, սա նշանակում է, որ կան Հայաստանի համար հնարավորություններ, իսկ Ալիևը վախենում է, որ այդ հնարավորություններից կարող են օգտվել այլ մարդիկ, որոնք կարող են գալ իշխանության։ Հոկտեմբերի 31-ի Արցախի ցույցը Ադրբեջանի համար սարսափ էր, որովհետև չունեն այն իրական վերահսկողությունը, որը փորձում են ներկայացնել։ Ալիևը սարսափում է Արցախում ապրող և երեխա ունեցող կանանցից, ոչ թե Փաշինյանից,- ասաց Հայրապետյանը՝ շեշտելով,- Բայց Ալիևի հետ Փաշինյանն աճպարարություն է անում և դրա ու տված խոստումների գինը վճարելու է պետությունը, հայ ժողովուրդը, ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու Փաշինյանը՝ հեռացվելով իշխանությունից»։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս