Մեծ կասկածով եմ վերաբերվում դրա արդյունավետությանը. Թունյանը՝ Քերոբյանի ներկայացրած ծրագրի մասին

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը մեծ կասկածով է վերաբերվում ԱԺ-ում Բյուջե 2023 նախագծի քննարկման ժամանակ նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած հողերի միավորման ծրագրի արդյունավետությանը:

«Ես հասկանում եմ, որ մենք մոտիվացիոն մեխանիզմ ենք դրել, ու ասում ենք՝ եթե մարդիկ այդ հողերը միավորեն, իրենց որոշակի աջակցություն ենք ցուցաբերելու, բայց այդ մարդիկ մոտիվացվելու կարիք չունեն. այդ մարդիկ, այսպես թե այնպես, ուզում են այդ հողերը խոշորացնել,- ասաց պատգամավորը՝  նկատելով, որ պատճառներն ավելի խորքային են՝ տեխնիկականից մինչև իրավական,- Այս առումով, կարծում եմ, ավելի կոշտ լուծումների էլ պետք է գնանք, որովհետև այսօր լուրջ գյուղատնտեսությանը խոչընդոտող ամենամեծ խնդիրներից մեկը հենց խոշոր հողակտորներ ձեռք բերելու անհնարինությունն է: Կարելի է դիտարկել և՛ տարբերակված գույքահարկ կիրառելու մոտեցումը, և՛ ինչ-որ այլ  մոտեցումներ:

Բայց եթե, ամեն դեպքում, այդ ֆինանսավորումը դրված է, ու չափն էլ նշված է, պարոն Քերոբյան, երևի ճիշտ կլինի՝ նաև որոշակի թվային թիրախ լինի, թե մենք քանի կտոր կոնսոլիդացված հողատարածք ենք ունենալու ու ընդհանուր մակերեսը»:

Ի պատասխան այս դիտարկման՝ Վահան Քերոբյանը նշեց, որ հողերի կոնսոլիդացիայի վերաբերյալ բավականին շատ թվային տվյալներ ունեն և տեսնում են, որ գործընթացը բավականին մեծ արագությամբ տեղի է ունենում:

«Մինչև 2022 թվականի սեպտեմբերը կատարվել է մոտավորապես 2000 հողերի խոշորացման գործարք կադաստրում»,- տեղեկացրեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս