Ընդդիմության հրավիրած հանրահավաքից առաջ ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել
Այսօր՝ նոյեմբերի 5-ին հայաստանյան ընդդիմության հրավիրած հանրահավաքից մեկ օր առաջ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանրահավաքի մասին զգուշացում է տարածել:
Պաշտոնապես ԱՄՆ քաղաքացիների, սակայն շատ ավելի լայն շրջանակների համար նախատեսված ու այդ թվում քարոզչական ազդեցություն ունեցող այս հայտարարության մեջ ասվում է, որ տեղական լրատվամիջոցները նշում են, թե առաջիկայում սպասվում են ցույցեր Ֆրանսիայի հրապարակում 2022 թվականի նոյեմբերի 5-ին՝ սկսած մոտավորապես ժամը 15:00-ից, հնարավոր է ցույցին կհաջորդի երթ։
Եվ ամենաուշագրավն այն է, որ ԱՄՆ դեսպանատունը նշել է, թե ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, իսկ մասնակիցները կարող են փոխել ուղղությունը ցանկացած պահի` ստեղծելով երթևեկության և տեղաշարժի խցանումներ:
«Նույնիսկ ցույցերը, որոնք նախատեսված են, որպես խաղաղ, կարող են վերածվել առճակատման և, հնարավոր է, դառնան բռնի»,- ասված է դեսպանատան հայտարարության մեջ, որը վերոնշյալ գնահատականներով կարծես միտված է որոշակի վերաբերմունք ստեղծել վաղը կայանալիք ներքաղաքական այս միջոցառման հանդեպ:
Հաղորդագրությունում նաև կա հորդոր.
• Խուսափել վերոնշյալ տարածքից,
• Հետևել տեղական լրատվամիջոցների թարմացումներին,
• Խուսափել ամբոխներից,
• Խուսափել ցույցերից,
• Տեղեկացնել ընկերներին և ընտանիքին սեփական անվտանգության մասին,
• Տեղյակ լինել շրջապատից: