Ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովի անդամները. Դպրոցների տնօրենները՝ հավաստագրման ընթացակարգերում փոփոխության մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանձնաժողովի ձևավորման կարգերում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:
Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի N 395-Ն և 396-Ն հրամանները և հավելվածները: Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. փետրվարին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով: Նշված օրենսդրական փոփոխությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, տնօրենի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի դադարեցման գործընթացների վերաբերյալ մի շարք բարեփոխումներ են ամրագրվել: Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Նախագծի վերաբերյալ 168.am-ը զրուցեց մի քանի դպրոցների տնօրենների հետ, ովքեր նշեցին, որ շատ լավ է՝ երկար տարիների փորձ ունեցող մարդիկ չեն գնում երկարատև, հոգնեցուցիչ դասընթացներին, այդ ամենը նորից չեն կրկնում: Ազատված են նաև բանավոր հարցազրույցից, ինչը, ըստ տնօրենների, ևս լարվածություն, ավելորդ սթրես էր առաջացնում:
«Բանավոր հարցազրույցի ժամանակ, օրինակ, աշակերտ ես դառնում: Տարիների փորձ ձեռք բերելով՝ դու աշակերտի կարգավիճակով նստում ես, մի 5 հոգի նայում է քեզ, ու դու իրավիճակային մի քանի հարցերի ես պատասխանում, որոնց տարվա մեջ մի քանի անգամ առնչվում ես: Անհնար է՝ լինի մի տնօրեն, որն այդ ամենին չի տիրապետում ու կարող է երկրորդ անգամ ընտրվել կամ 5 տարի ղեկավարել, որովհետև և՛ ուսուցիչները, և՛ ծնողներն ու աշակերտները շատ լավ տեսնում են աշխատող տնօրենին»,- ասաց մայրաքաղաքի դպրոցի տնօրեններից մեկը:
Ինչ վերաբերում է տնօրենների ընտրության կարգի փոփոխմանը, տնօրենները սա համարում են և՛ լավ, և՛ վատ:
«Լավ է, որ այլևս կոլեգիալ կառավարման խորհուրդը քեզ չի ընտրում, դու քո տարեկան հաշվետվությունն ես ներկայացնում, կատարողականը, քո կատարած գործի հիման վրա գնահատվում ես դրական կամ բացասական և շարունակում ես պաշտոնավարումը: Եվ կրկին զարգացման ծրագիր գրելու սթրեսային իրավիճակից, փակ քվեարկության, լարվածության մեջ ընկնելուց ազատված ես:
Բայց մեկ ուրիշ հարց է առաջանում, թե ովքե՞ր են լինելու հանձնաժողովի անդամները, ովքե՞ր են քեզ ընտրելու: Եթե կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի կազմում 9 անդամ է՝ 4-ը՝ ծնողներն ու մանկավարժները, 5-ը՝ լիազոր մարմինը, գոնե քեզ ճանաչող մարդիկ էին, ովքեր տեսել են աշխատանքդ և ընտրում էին քեզ կամ՝ ոչ: Իսկ հիմա չգիտեմ, թե ովքե՞ր են լինելու այդ հանձնաժողովի անդամները, որոնք դրական կամ բացասական եզրակացություն պետք է տան քո կատարած աշխատանքի համար, արդյո՞ք օբյեկտիվ կգնահատվի:
Հարց է նաև, թե ի՞նչ գործիքաշարով են չափելու կատարողականը»,- նշեց մեկ այլ դպրոցի տնօրեն:
Ընդգծենք, որ նախագծում ասվում է, որ ներկայում գործող կարգով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի քննության անցկացման և հավաստագրման գործընթացն իրականացնող ուսումնական հասատության ղեկավարման իրավունքի հավաստագրման լիազոր մարմնի` հանձնաժողովի համար լրացուցիչ, օրենքի նոր կարգավորումների համաձայն՝ անհարկի ծանրաբեռնվածություն է սահմանված քննության և հավաստագրման քննության գրավոր փուլի և հարցազրույցի և հավաստագրման փուլերի անցկացման կազմակերպումը: Հանձնաժողովների կազմը բաղկացած է 7 անդամից, որոնց կողմից տևական գործընթացին մասնակցելը բացասական ազդեցություն է ունենում ռեսուրսների օգտագործման տեսանկյունից:
Հանրակրթական ուսումնական հաստատության (ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց) քննության անցկացման նախագծով սահմանված կարգով հավակնորդի վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է, ինչպես նաև փոխվում է քննության անցկացման գործընթացը՝ սահմանելով միայն թեստավորման փուլ, ինչպես նաև պարզեցվել է հանձնաժողովի ձևավորման պահանջները:
Ընդունվելու դեպքում նոր կարգերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարի 3-ից: