Թշնամին Ջերմուկի ուղղությամբ ևս 60 քառակուսի կիլոմետր օկուպացրել է, առաջնագիծը փոխվել է. ՔՊ-ական պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ թշնամին սեպտեմբերի 13-ից Ջերմուկի ուղղությամբ ևս 60 քառակուսի կիլոմետր օկուպացրել է հայկական տարածքները։
«Պարզաբանվել է, ասվել է, որ մեր հենակետերն իրենք գրավել են, չգիտեմ, թե քանի դիրք է։ 7 օր առաջ եղել եմ արևելյան սահմանում և տեսել եմ, որ մեր զորքը գտնվում է նոր դիրքերում։ Առաջնագիծը փոխվել է, նոր առաջնագիծ ենք ձևավորել, նահանջ չի եղել, իրենք մեր տարածքները գրավել են, հարձակվել են մեր տարածքների վրա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Մելքոնյանը։
Ի դեպ, նախկինում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ՝ զինված ուժերի թիկունքի գծով հրամանատար, այսօր իշխանական խմբակցության պատգամավորը լրագրողներին բացատրեց նաև՝ երբ թշնամին առաջ է եկել, հայկական հենակետերում, որտեղ պայքարել են ու չեն նահանջել, տղաները զոհվել են, ու նրանց մարմինները մնացել են այն տարածքներում, որ այս պահին ադրբեջանցիների հսկողության տակ են։
«Հիմա բանակցություններ են ընթանում, որ կարողանանք հանենք, գնացեք Ալիևին հարցրեք, թե ինչու չի համաձայնվում, որ հանենք։
Բնական է, որ իրենք նոր հենակետեր են ստեղծում, ամրացնում են, թեկուզ մի օր էլ մնան, հիմա արդեն ցուրտը սկսվում է, պետք է իր համար ստեղծի պայմաններ, որպեսզի կարողանա մնա։ Ինչ վերաբերում է իրենց հետ քաշվելուն, հիմա արդեն միջազգային դիտորդներ կան, նրանք նորից են գալու, արդեն տեղի կունենա սահմանազատման ու սահմանագծման գործ, խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, այս ամենն արդեն մեր ձեռքում չէ, խոշոր տերությունների ձեռքին է։ Նրանք մեզ ձեռք են մեկնել, հիմա մենք այդ ձեռքը բռնելու ենք, թե չենք բռնելու»,- շեշտեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է սահմանին եղած կրակոցներին, Գագիկ Մելքոնյանն ասաց, թե 32 տարի է, այդ կրակոցները կան և միշտ էլ կլինեն, մինչև Հայաստանն իր խնդիրները չլուծի՝ սահմանազատման ու սահմանագծման։
«Հիմա ինչ եք ուզում, այս բոլոր տարածքները տա՞նք»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը։