«Սա մեր երկիրն է, ո՞ւր գնանք, պետք է պահենք, մարդիկ տուն են սարքել, վերանորոգել են, թողնեն գնա՞ն, ո՞ւր». Կախակն գյուղի վարչական ղեկավար

2020 թվականի դեկտեմբերից հետո Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, այդ թվում՝ Կախակն գյուղը թշնամու թիրախում են։ Սեպտեմբերի 13-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվեց Հայաստանի վրա, գյուղի բնակիչների մի մասը տեղափոխվեց այլ բնակավայր։ Վերջին օրերին նրանց մի մասը վերադարձել է գյուղ, մյուս մասը սպասում է, որպեսզի պատկան մարմիններն անվտանգության երաշխիքներ տան,  որից հետո կվերադառնան տուն։

168.am հետ զրույցում Կախակն գյուղի վարչական ղեկավար Աշոտ Վաթյանն ասաց, որ բնակչության շրջանում ամեն դեպքում խուճապը կա, քանի որ թշնամին գյուղի վերևում նստած է։

«Բնակիչներից մի 10-12 ընտանիք է դուրս եկել, կարծում եմ՝ այլևս չեն վերադառնա, մնացածն իրենց տեղում են։ Անորոշ վիճակ է, ժողովուրդը չգիտի, ինչ անի։ Ընտանիքների մի մասը այս պահին այլ վայրում է և սպասում է, որ իրավիճակը փոփոխվի, որպեսզի վերադառնան։ Ես ինքս այդ մարդկանց չեմ կարող անվտանգության երաշխիքներ տալ ու ասել՝ վերադարձեք գյուղ, ես ինքս անորոշ վիճակում եմ, ինչպե՞ս կարող եմ նրանց երաշխիքներ տալ»,- նշեց Կախակնի վարչական ղեկավարը։

Ըստ նրա, մարդիկ հասցրել են իրենց բերքը հավաքել, պետք է աշնանացան անեն, պարզապես եղանակն է խանգարում, թե չէ անելու են, նրանք իրենց հույսը չեն կորցնում, որ լավ կլինի։

Կարդացեք նաև

«Գյուղի վարելահողերը ներքևի հատվածում են, դեպի Վարդենիս գնացող,  իսկ թշնամին գյուղի վերևի հատվածում է նստած։

Չգիտեմ՝ ինչ սպասենք, բայց դե հույս ունենք, որ մի օր մի լավ բան կլինի։ Այդ հույսը պահում ենք, որովհետև սա մեր երկիրն է, ո՞ւր գնանք, պետք է պահենք։ Հիմա, եթե մեր գյուղը դատարկվի, հաջորդը կողքի գյուղն է դատարկվելու, էլ սահմանին կանգնած զինվորն ի՞նչն է պաշտպանելու ու պահելու, սա չպետք է թույլ տանք։ Մարդիկ տուն են սարքել, վերանորոգել են, թողնեն գնա՞ն, ո՞ւր։ Լավ բաներ սպասելու հույսը միշտ պետք է պահենք»,- եզրափակեց Աշոտ Վաթյանը մեզ հետ զրույցում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ՝ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում մասնավորապես նշված է․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմը կրկին հարձակվել էր Հայաստանի վրա, որի արդյունքում հայկական կողմն ունեցել է 3 զոհ։

Տեսանյութեր

Լրահոս