Սևանա լճի մաքրման ծրագրերը օր առաջ պետք է սկսել. գիտնականը ներկայացրեց լճի հետազոտության արդյունքները և առաջարկները
Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով գիտնականները և մասնագետները հետազոտել են վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճի էվտրոֆիկացիայի դինամիկան և պատճառները: Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան» բնապահպանական կենտրոնի փորձագիտական թիմի անդամ, ասիստենտ-պրոֆեսոր, «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիթորինգի «Կոպերնիկուս» համակարգի միջոցով» ՊՈՆՏՈՍ ծրագրի հետազոտող Կարապետ Գազանճեանը նշեց, որ Սևանա լիճը տարբեր տարիներին ունեցել է ավելի բարձր կամ ավելի ցածր մակարդակի էվտրոֆիկացիա:
«Էվտրոֆիկացիայի ամենապիկ շրջանը եղել է 2018 և 2019 թվականներին, այդ երկու տարիներին ամենատաք եղանակն էր: Ֆոսֆորը և ազոտը՝ որպես սննդապաշար, ջրիմուռների ծագման ամենակարևոր պատճառներից մեկն են, սակայն նաև բարձր ջերմաստիճանն է դեր խաղում: Այսինքն՝ երեք բաղադրիչ են ազդում Սևանա լճի էվտորֆիկացիայի վրա՝ ազոտը, ֆոսֆորը և բարձր ջերմաստիճանը»,- ասաց Գազանճեանը:
Գիտնականի խոսքով՝ ազոտը և ֆոսֆորը Սևանա լիճ են ներթափանցում գետերի, անձրևաջրերի միջոցով, որոնք իրենց հետ բերում են գյուղատնտեսական աղբը, կոյուղաջրերը և պարարտանյութերը:
«1980-ական թվականներից սկսած ջրիմուռների սննդի պաշարը Սևանա լճում բարձրացել է: Պետք է վերջ դնել հավելյալ սննդի և օրգանային նյութերի ներթափանցմանը, որպեսզի լճի վիճակը էլ ավելի չվատանա: Բարձր էվտրոֆիկացիայի պատճառով կարող է նաև տատանվել թթվածնի կոնցենտրացիան, իսկ առանց թթվածնի կենդանիները չեն կարող ապրել, որի հետևանքով կքայքայվի ամբողջ էկոհամակարգը»,- ասաց Գազանճեանը:
Գիտնականը առաջին հերթին անհրաժեշտ է համարում քաղաքական որոշումներով արգելել կամ սահմանափակել ազոտի և ֆոսֆորի ներթափանցումը, կառուցել կոյուղաջրերի կենսաբանական մաքրման կայաններ, կարգավորել գյուղատնտեսական ոլորտը, Սևանա լճին ինքնամաքրվելու հնարավորություն տալ:
Ըստ գիտնականի՝ ջրի մակարդակի բարձրացումը կարող է դրական ազդել Սևանա լճի վրա, բայց կարևոր է այն, թե ինչ ջուր է լցվում լիճ:
«Եթե կեղտոտ ջուր լցնենք Սևանա լիճ, բնականաբար, ոչինչ չի փոխվի: 2000-2010 թվականների ջրի մակարդակի բարձրացումը ունեցավ ավելի վատ արդյունք, քանի որ շրջակա անտառները մնացին ջրի տակ, ծառերը քայքայվեցին,