«Ջերմուկ քաղաքում կրակոցների ձայները չեն լսվել». Ջերմուկի փոխհամայնքապետ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ:

Թշնամին հարձակումն իրականացրել էր Ջերմուկի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն ասաց, որ կրակոցները Ջերմուկ քաղաքին չեն հասել։

Կարդացեք նաև

«Ջերմուկ քաղաքում  կրակոցների ձայները չեն լսվել, քաղաքում հանգիստ է եղել, այլ խոսքով՝  իր առօրյա գործերի մեջ է եղել։ Մեր առօրյայով ապրում ենք, էլի»,- նշեց Ջերմուկի փոխհամայնքապետը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ քաղաքում շարունակում են վերականգնել  ենթակառուցվածքներն ու շենք-շինությունները։

Նշենք, որ Ադրբեջանի հարձակումից հետո, Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր սահմանամերձ վայրերում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությանը։ Այսօր էլ Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով երեկ սահմանին տեղի ունեցած ադրբեջանական հերթական սադրանքին՝ ի լուր բոլորի ասել էր. »Ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և  կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ դա կլինի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության»:

Հիշեցնենք, որ դեռ անցյալի տարի մայիսին, երբ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները  շրջափակել, ապա գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար միջազգային հանրությանն  ու Ադրբեջանի նախագահին առաջարկել էր.  «երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ»:

Ըստ էության ավելի քան մեկ տարի առաջ հնչեցրած առաջարկը պատշաճ ուշադրության չարժանացավ  միազգային հանրության կողմից: Թշնամին շարունակեց զինված և ագրեսիվ  գործողություններով  առաջ գալ Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 19-ին էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությամբ տեղեկացվեց, որ  ՀՀ  ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի  իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Դրանից հետո պաշտոնապես որևէ ամբողջական տեղեկություն չի հրապարակվել սեպտեմբերի 13-ից առ այսօր հայկական կողմի ունեցած կորուստների՝ զոհերի, վիրավորների, գերեվարվածների և անհետ կորածների մասին:

Տեսանյութեր

Լրահոս