Ազգային, հավաքական գիտակցությունը պետք է բարձրացնենք նոր մակարդակի, իմանանք, թե մեր ուզածն ինչ է, ի՞նչ ծրագրերով կարող ենք առաջ գնալ, ինչպիսի՞ ապագա է սպասվում մեր ժողովրդին. Հրապարակախոս

Սեպտեմբերի 21-ը  մեր երկրի համար կարևոր օրերից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 31-րդ տարեդարձը: Ցավոք, այսօր մեր երկիրը ծանր օրեր է ապրում:

Հայաստանում և Սփյուռքում ապրող գրականության ներկայացուցիչները 168.am-ի հետ զրույցում  անդրադարձան  այն հարցին, թե ինչո՞ւ մենք չենք կարողանում միավորվել մեր առջև ծառացած խնդիրները լուծելու, դժվարությունները միասին հաղթահարելու համար, փոխարենը՝ բաժանվել ենք գաղափարական, երբեմն էլ՝ ոչ գաղափարական բևեռների։ Ի՞նչն է սխալ արվել այս 30 տարվա ընթացքում և ինչպե՞ս պետք է ուղղել սխալը։

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի հայ գրողների միության փոխնախագահ, թարգմանիչ, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանը մեզ հետ զրույցում պատմեց՝ 1991 թվականին գնացել և «այո» է ասել Անկախությանը, սակայն, ցավոք, նրա խոսքով՝ հաջորդող տարիներին չենք կարողացել ազգային, ռազմավարական լուրջ ծրագրեր իրագործելով՝ մեր քաղաքական, տնտեսական, ազգային մակարդակը բարձրացնել:

Կարդացեք նաև

»Ինչո՞ւ է հիմա այսպես: Քանի որ Հայաստանում կա 110 կուսակցություն, Արցախում՝ 17: 127 կուսակցությունն անընդունելի է: Պետք չէ, որ 10 կուսակցությունից ավելին ունենանք: Սա՝ մեկ, և երկրորդ՝ ազգային, հավաքական գիտակցությունը պետք է բարձրացնենք նոր մակարդակի, և երրորդ՝ պետք է իմանանք, թե մեր ուզածն ինչ է, ի՞նչ ծրագրերով կարող ենք առաջ գնալ, ինչպիսի՞ ապագա է սպասվում մեր ժողովրդին, և ոչ թե ամեն կառավարություն գա, իր ուզածն անի, աջ ու ձախ գրպանը լցնի ու գնա: Վերջին տարիներին, դժբախտաբար, Սփյուռքը կտրված է Հայրենիքից, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը տխուր վիճակում է: Հույս ունեմ՝ մոտ ապագայում ավելի լավ կլինի մեր ընդհանուր վիճակը»,- ասաց Հովսեփ Նալբանդյանը:

Գրող Նուշիկ Միքայելյանն էլ ընդգծեց՝  ընդհանրապես միասնական լինել որևէ հարցում, նշանակում է՝ մեկ ընդհանուր գաղափարի կամ նպատակի շուրջ համախմբվել և ունենալ  հավաքական գիտակցություն։

«Մեր ժողովուրդը 1991 թվականին  վստահաբար ուներ այդ գիտակցությունը, և հավատացնում եմ՝ այսօր էլ ունի ու չի կորցրել այն, վկան՝ մեր այն տղաները, որոնք մեր նոր սերունդն են և սեփական կյանքի գնով կանգնած են սահմանին՝ պաշտպանելու ՀՀ անկախությունը և սուվերենությունը։ Կարծում եմ, մեր խնդիրն այլ է. մենք անցած 31 տարիների ընթացքին չկարողացանք ստեղծել Հայոց պետության այն դիմագիծը, որով այսօր բոլորս ավելի հպարտ կարող էինք լինել։

Պետության ողնաշարն այն արժեհամակարգն է, որի շուրջ հավաքվում են մնացած բոլորը… Մենք անցած երեք տասնամյակների ընթացքում ոչ միայն չձևակերպեցինք մեր պետության արժեհամակարգը, այլև ծրագրվածը խեղաթյուրեցինք, անգամ ամենապարզ  մարդկային արժեքները. նյութն ու նյութամոլությունը մղվեցին առաջին գիծ, մշակույթը և հավաքական ոգին ու միտքը նսեմացվեցին և ցածրագույն որակի՝ ժամանցային խեղկատակություններով փոխարինվեցին, տիրեց անարդարություն, տիրեց անբարոյականություն, տիրեց վախ և հզոր երկիր ունենալու տեսլականի անէացում, ու երկրում տիրող գորշ-մոխրագույն բարքերը շատ-շատերին մղեցին հեռանալ և կիսատ թողնել այն պայքարը, որի համառ ներկայությամբ են միայն ձևավորվում, ապա՝ ուժեղանում պետությունները։

Ըստ իս, 31 տարիների մեր ամենամեծ ողբերգությունն արտագաղթն էր։ Երկրից հեռանալով՝ շատ-շատերը գուցե կարողացան լուծել իրենց անձնական խնդիրները, սակայն մեր ներքին՝ հավաքական խնդիրները մնացին չլուծված՝ կամ մասնակի լուծումներ ստացած»,- նշեց Նուշիկ Միքայելյանը:

Գրողն ընդգծեց՝ երկիր-պետությունն իր ժողովրդի դեմքն ունի, իսկ մենք մինչ օրս ամբողջությամբ չկարողացանք մեր դեմքը հստակեցնել՝ լուրջ վերաբերվել մեր սեփական սխալներին և ինքնամաքրվել ու մաքրել երկիրն այն ապականող բոլոր տարրերից։

«Այս օրերին, երբ Հայաստան երկիրն ու մեր ժողովուրդն անասելի դժվար ճամփաներով են քայլում, ամեն ինչից առաջ, մեզ հարկավոր է ակնկալելու փոխարեն՝ աշխատել, բամբասելու փոխարեն՝ կրթվել, գոռոզանալու փոխարեն՝ մեր մտահորիզոնը լայնացնել, աշխարհին մեղադրելու փոխարեն՝ աշխարհին առաջարկել այնպիսի արժեքներ, որոնք հիմք կհանդիսանան աշխարհի անտարբերությունը փոխարինել հարգանքով և ի վերջո գիտակցել ու հասկանալ, որ պետությունն ավելի բարձր արժեք է, քան նույնիսկ սեփական կյանքը… Եվ ապրել ու արարել հանուն մեր պետության, հանուն մեր երկրի հզոր լինելիության»,- եզրափակեց Նուշիկ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս