Ինչո՞ւ կառավարությունը չի պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել հուլիսին աշխատաշուկայում
Հուլիսը վաղուց սարերի ետևում է, բայց Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանն իրենց նեղություն չեն տալիս ասելու, թե այդ ամսին քանի աշխատատեղ է ավելացել Հայաստանում։ Վերջին անգամ աշխատատեղերին առնչվող հայտարարություններ էկոնոմիկայի նախարարն արել է հուլիսին, այն էլ՝ հունիսի աշխատատեղերի վերաբերյալ։
«Հայաստանում աշխատաշուկան շարունակում է վստահորեն աճել՝ հունիս ամսին թարմացնելով իր լավագույն ցուցանիշը։ Ունեցել ենք 681 050 աշխատատեղ, ինչը մոտ 8000-ով ավելի է, քան դրա նախորդ ամիսը, իսկ անցած տարվա հունիսի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 37 000»,- Ֆեյսբուքի իր էջում գրել էր Քերոբյանը։
Դրանից առաջ էլ Նիկոլ Փաշինյանն էր մայիսին արձանագրված աշխատատեղերի բացարձակ ռեկորդից խոսում։
«Մայիս ամսին բացարձակ ռեկորդ է սահմանվել բոլոր ամիսների համար։ Մայիսին ՀՀ–ում արձանագրվել է 673 224 վճարովի գրանցված աշխատատեղ»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Արդեն սեպտեմբեր է, բայց Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանը ոչինչ չեն ասում հուլիսի աշխատատեղերի վերաբերյալ։
Հավանաբար հասկացաք, թե նրանց այդ տարօրինակ լռությունն ինչի հետ է կապված. աշխատատեղերը հուլիսին կրճատվել են, դրա համար էլ վարչապետն ու նախարարը լուռ են։ Մեկը Ֆեյսբուքում աչքալուսանք չի տալիս աշխատատեղերի ավելացման վերաբերյալ, իսկ մյուսը կառավարության նիստերում չի խոսում հերթական բացարձակ ռեկորդների մասին։ Նրանք նախընտրում են խոսել միայն աշխատատեղերի ավելացման մասին։ Աշխատատեղերի կրճատման մասին խոսելը նրանց ծրագրերի մեջ չի մտնում։
Այնպես չէ, որ հուլիսին տնտեսությունը դադարել է ակտիվություն ցուցաբերել, բայց դա չի խանգարել, որպեսզի աշխատատեղերը կրճատվեն։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ հունիսին Հայաստանում գրանցված է եղել 689 հազար 265 աշխատատեղ։ Հուլիսի նախնական տվյալներով՝ եղել է 683 հազար 152 աշխատատեղ։
Ստացվում է, որ 1 ամսվա ընթացքում Հայաստանում աշխատատեղերը կրճատվել են 6 հազար 113-ով։ Շա՞տ է, թե՞ քիչ, դատեք ինքներդ։
Աշխատատեղերը կրճատվել են՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։
Հունիսին պետական հատվածում առկա է եղել 207 հազար 778 աշխատատեղ, հուլիսին դարձել է 202 հազար 987։
Մեկ ամսում պետական հատվածից գրեթե 4800 հայտարարագրված աշխատատեղ է անհետացել։
Պարզ չէ, թե ի՞նչ են եղել այդ աշխատատեղերը։ Եթե կարելի էր յոլա գնալ նաև առանց այդքան աշխատողների, ինչո՞ւ են այդ աշխատատեղերն այդքան ժամանակ պահպանվել ու ֆինանսավորվել պետության կողմից։
Նշենք, որ վերջին տարիներին պետական համակարգում նկատելի է եղել աշխատատեղերի ավելացման պրակտիկան։ Դա ակնհայտ երևում է մինչև հուլիսի կրճատումը. հունիսին պետական հատվածում զբաղված էր 207 հազարից ավելի մարդ։ Մինչդեռ անցած տարվա հունիսին 203 հազար էր։ Այդ 1 տարում պետական հատվածում 4 հազար աշխատող են ավելացրել, ինչը բավական կտրուկ աճ է։ Հատկապես որ, պարզ չէ, թե ինչո՞վ են նրանք զբաղվել, և ի՞նչ է շահել դրանից պետական համակարգը։ Փոխարենը՝ փաստ է, որ այդքանով աճել էր պետության ֆինանսական բեռը։
Պետական համակարգում, որ հուլիսին աշխատատեղերը կրճատվել են, գուցե լավ է, բայց վատ է, որ նույնը տեղի է ունեցել նաև տնտեսական հատվածում։ Այն էլ տնտեսության արձանագրվող «վերելքի» պայմաններում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունիսին տնտեսության մեջ հայտարարագրված է եղել ընդհանուր առմամբ 481 հազար 487 աշխատատեղ։ Արդեն հուլիսին դրանք կազմել են 480 հազար 167։
Մեկ ամսում տնտեսական հատվածում հայտարարագրված աշխատատեղերը կրճատվել են 1320-ով։
Աշխատատեղերի կրճատումը տեղի է ունեցել պետական կառավարման համակարգի ու տնտեսության տարբեր հատվածներում։
Ամենաշատ կրճատումն արձանագրվել է կրթության ոլորտում։ Հունիսին այստեղ զբաղված է եղել 116 հազար 933 մարդ։ Արդեն հուլիսին զբաղվածների թիվը կազմել է 111 հազար 88։
Հուլիսին կրթության համակարգում հայտարարագրված աշխատատեղերը պակասել են ավելի քան 5,8 հազարով։
Աշխատատեղեր կրճատվել են նաև տնտեսության այն հատվածում, որտեղ, պաշտոնական վիճակագրության համաձայն, բուռն զարգացումներ են տեղի ունենում. խոսքն առևտրի ոլորտի մասին է։ Հունիսին այստեղ ավելի շատ մարդ է զբաղված եղել, քան հուլիսին։ Տարբերությունը հասնում է 650-ի։
Ընդհանրապես առևտուրը մեր տնտեության այն հատվածն է, որտեղ զբաղվածների թիվն ամենաշատն է։ Անհամեմատ շատ, քան, ասենք՝ կացության ու հանրային սննդի կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում է։
Եթե առաջինում զբաղված է գրեթե 32,5 հազար մարդ, ապա երկրորդում զբաղվածների թիվը հասնում է 29,9 հազարի։ Սրանք այն ոլորտներն են, որոնք, մի շարք արտաքին գործոններով պայմանավորված, այս տարի հայտնվել են ակտիվության գագաթնակետում։ Դա իր ազդեցությունն է թողել նաև դրանցում զբաղվածության ցուցանիշների վրա։
Ազդեցությունն ակնհայտ է հատկապես ՏՏ հատվածում։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ մեկ տարվա ընթացքում այս ոլորտում զբաղվածների քանակը 9,1 հազարով ավելացել է։
Անցած տարվա հուլիսին ՏՏ-ում զբաղված էր 20,8 հազար մարդ։ Այս տարի արդեն այդ թիվը հասել է 29,9 հազարի։ Նրանց մի մասը՝ այլ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից տեղափոխվածներ են, որոնք ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո իրենց գործունեությունը նախընտրել են իրականացնել Հայաստանից՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների պատճառով։
Հիմնականում դրա արդյունք է նաև ոլորտում աշխատավարձերի նկատվող բարձր աճը, ինչն իր ուղղակի ազդեցությունն է թողնել նաև մեր երկրում միջին աշխատավարձի ցուցանիշների վրա։
Միջին աշխատավարձը ՏՏ-ում, պաշտոնական տվյալներով, հասել է 937 հազար դրամի։
Անցած տարվա այս շրջանում 701-702 հազար էր։ Մեկ տարում այն ավելացել է 235 հազար դրամով։ Որևէ այլ ոլորտում ոչ միայն նման աշխատավարձ, այլև աշխատավարձի աճ չի եղել։ Այստեղ միջին աշխատավարձը գրեթե կրկնակի ավելին է, քան ֆինանսական ու ապահովագրական համակարգում, ինչպես նաև հանքարդյունաբերության մեջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ