«Ստեփանակերտում միտինգային քաղաքականությունը շարունակվելու է». Արցախի ԱԺ փոխնախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը սեպտեմբերի 15-ին կեսօրից առաջ  հաղորդագրություն էր տարածել, տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության նախագահը և Արցախի Ազգային ժողովի պատվիրակությունն այս պահին գտնվում են Երևանում։

ՀՀ իշխանությունների հետ նախատեսված են քաղաքական խորհրդակցություններ, որոնց շրջանակներում քննարկվելու է ստեղծված իրավիճակը, ներկայացվելու են Արցախի ժողովրդի մտահոգություններն ու իշխանությունների դիրքորոշումները:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից նույնպես հաղորդագրություն էին տարածել՝ նշելով, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների կազմով պատվիրակություն է մեկնել Հայաստան։

Այս ամենին զուգահեռ՝ երեկվանից Ստեփանակետում ընթանում է բազմամարդ հանրահավաք, որտեղ արցախցիները հանդես են գալիս հստակ ուղերձով՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և միայն արցախցիները կարող են որոշել սեփական երկրի ճակատագիրը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցն ասաց, որ հանդիպման ձևաչափն ու հստակ օրակարգն այս պահին ճշտվում է։

«Քիչ առաջ ենք խոսել մեր ԱԺ նախագահի հետ, այդ ամենը ճշտվում է։ Այս պահին հստակ կարող եմ ասել, որ մեր պատվիրակությունը կազմված է խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարներից։ Թեպետ օրակարգը, բնականաբար, լինելու է ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհների քննարկումը։ Հանդիպման ձևաչափը մոտակա ժամերին ավելի հստակ կլինի,  տեղեկատվություն՝ հանդիպումների տեղի վերաբերյալ»,- նշեց Գագիկ Բաղունցը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին, Գագիկ Բաղունցը փոխանցեց, որ բավականին մեծ թվով մարդիկ կան հրապարակում։

«ԱԺ նախագահը նույնպես ելույթ է ունեցել հանրահավաքում։ Այդ միտինգային քաղաքականությունը շարունակվելու է, քանզի մեր ժողովուրդն այդ փորձն ունի, այդ թվում՝ ողջ հայ ժողովուրդը։ Միտինգը բավականին լուրջ հարթակ է, որտեղ մեծ իմպուլս է ստանում ժողովրդական շարժումը»,- եզրափակեց Գագիկ Բաղունցը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ ստորագրել նոր փաստաթուղթ, ինչից հետո բազմաթիվ քաղաքացիներ հավաքվեցին ԱԺ շենքի մոտ։ Դրանից հետո Ստեփանակերտում նույնպես տեղի ունեցավ ինքնաբուխ հավաք, որը շարունակվում է մինչև այժմ։

Տեսանյութեր

Լրահոս