«Բոլոր իրավիճակների համար պետք է մշակվի ճանապարհային քարտեզ, և դա պետք է արվի շատ օպերատիվ». Արցախի ԱԺ փոխնախագահ

Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ ստորագրելու է մի փաստաթուղթ, որից հետո գուցե ժողովուրդն իրեն իշխանությունից հեռացնի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ դուրս եկան փողոց և փակեցին Բաղրամյան փողոցը, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը նման փաստաթուղթ ստորագրելով՝ նախ Արցախը ճանաչելու է  Ադրբեջանի մաս և ոչնչացնելու է Հայատանի պետականությունը, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոստովանել, որ Ադրբեջանի նպատակը Նռնաձորից մինչև Երևանն է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո, ֆեսբուքյան իր էջում գրառմամբ հանդես եկավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, նշելով, որ Արցախի անկախության ճանաչման հարցն ու ինքնորոշման իրավունքն իրենց համար առաջնային են, պաշտոնական հաղորդագրություն տարածեց Արցախի ԱԺ նախագահը՝ հայտարարելով, որ Արցախի համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի մաս։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

168.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղունցը, որպես  կարևոր բաղադրիչ՝  ընդգծեց՝ պետք է հրաժարվեն այն փիլիսոփայությունից, թե արցախցին ինչ-որ բողոքներ է ներկայացնում ինչ-որ մեկին, այդպես չէ. արցախցին հանուն իր գերագույն նպատակի է պայքարում։

Կարդացեք նաև

«Պետք է հասկանանք, որ այսօրվա դրությամբ ունենք երկու հայկական հանրապետություն՝ Արցախի և Հայաստանի հանրապետություններ, և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք։ Թե հետագայում այդ ամենն ինչ վերջնական ձևակերպում կունենա՝ միացման պարագայում, սա արդեն հաջորդ հարցն է։ Այսօր մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը բավականին լուրջ սպառնալիքների տակ է, նաև անենք ամեն ինչ, որպեսզի Արցախն աշխարհի կողմից ընկալվի»,- նշեց Գագիկ Բաղունցը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Գագիկ Բաղունցն ասաց, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում՝ կլինի բանակցային ճանապարհով, թե,  երբ թշնամին կպարտադրի հերթական պատերազմը, բոլոր այս տարբերակները պետք է քննարկվեն։

«Բոլոր իրավիճակների համար պետք է մշակվի ճանապարհային քարտեզ, և դա պետք է արվի շատ օպերատիվ, այլ ոչ թե սպասողական վիճակում լինենք, որպեսզի սպասենք, թե հերթական ոտնձգությունն Ալիևի կողմից երբ է լինելու, և դրան ուշացած արձագանքենք։

Պետք է հստակ հասկանանք, որ թուրք-ադրբեջանական խնդիրն է՝ ոչնչացնել Հայաստանին, որպեսզի իրականացնենք թուրքական աշխարհի մեծ ծրագիրը, որի մեջ առհասարակ գոյություն չունի Արցախը, Հայաստանը և առհասարակ հայ ժողովուրդը։ Սրա դեմն առնելու համար կոնկրետ քայլեր պետք է մշակեն համապատասխան կոմպետենտ մարդիկ։ Մեր ժողովրդին պետք է առաջնորդենք համահայկական օրակարգով»,- եզրափակեց Գագիկ Բաղունցը։

Տեսանյութեր

Լրահոս