Տիգրան Ավինյանի փոխքաղաքապետ նշանակվելու հարցը կքննարկվի վաղը
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին: Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից 21-րդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին է:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,- նշված է որոշման նախագծում:
Երևանի քաղաքապետն ունի չորս տեղակալ՝ Լևոն Հովհաննիսյան, Գևորգ Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ստեփան Մաչյան։
Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ մայիսին ընտրվեց նոր վարչապետ և ձևավորվեց նոր կառավարությունը, Տիգրան Ավինյանը նշանակվեց փոխվարչապետ: Երեք տարի պաշտոնավարելուց հետո 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ թողեց փոխվարչապետի պաշտոնը, ֆեյսբուքյան գրառմամբ էլ հանրությանը տեղեկացրեց, որ նախընտրական պայքարին չի մասնակցելու. «այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով»:
Օգոստոսի 14-ին էլ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական ելքով պայթյունից երեք օր անց Ավինյանը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ ինքն առաջադրվելու է Երևանի քաղաքապետ:
Իսկ քաղաքապետարանի գործակարգավարական այսօրվա խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ ունի նոր խորհրդական՝ Կորյուն Մկրտչյանը: