Առաջարկ. տնտեսվարողի թաքնված աշխատողներին  բացահայտելու համար տեսչական  ստուգումները կիրականացվեն առանց նախապես ծանուցման

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց և առաջիկա լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվեց «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  նախագիծը։

Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Նարեկ Զեյնալյանը։

Հանձնաժողովի նիստում ներկայացնելով նախագիծը, Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ըստ էության այդ փոփոխությամբ ոչ թե նոր բան են առաջարկում, այլ ընդամենը  հստակեցնում են։

«Հստակեցնում ենք առողջապահական և տեսչական մարմնի կողմից Աշխատանքային օրենսդրության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործիքակազմը, որն ուներ մինչև 2013 թվականը, այսինքն՝ մինչև Աշխատանքի տեսչությունը լուծարվեց կամ միավորվեց այլ տեսչական մարմնի հետ, այն ուներ հստակ գործառույթ, որ թաքնված աշխատուժի կամ ոչ պատճաշ կնքած աշխատանքային պայմանագրի կնքման բացահայտման մասով տեսչական ստուգումներն իրականացվում են առանց եռօրյա ծանուցման։

Ըստ էության մենք «Ստուգումների մասին»  օրենքում՝ ես և նախագծի մյուս համահեղինակը, անում ենք խմբագրական բնույթի փոփոխություն  և հանում ենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի բառերը, որովհետև նախկինում տեսչությունը գտնվում էր նախարարության ենթակայության տակ, ներկայումս գտնվում է  Կառավարության ենթակայության տակ։ Սա նշանակում է, որ մենք ուղղակի հստակեցնում ենք, որ այսօր գործող առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը թաքնված աշխատուժի և ոչ պատշաճ կնքած պայմանագրի բացահայտման համար ստուգումներ պետք է իրականացնի՝ առանց «Ստուգումների մասին» օրենքով սահմանված 3-օրյա ծանուցման ժամկետը պահպանելու»,- նշեց Հերիքնազ Տիգրանյանը։

Իշխանական պատգամավորի պարզաբանմամբ՝ պրակտիկայում հասկանալի է, որ թե ընդհանուր կանոնն այն է, որ ստուգումներ սկսելուց առաջ տնտեսվարողին պետք է 3 օր առաջ տեղեկացնել ստուգումների մասին, ապա այդ դեպքում թաքնված աշխատուժի բացահայտման դեպքեր կամ ստվերային աշխատանք երբևէ չենք կարողանալու հայտնաբերել։

«Խնդիրն այստեղ ոչ թե հայտնաբերելն ու տնտեսվարողին պատժելն է, այլ իրական պատկերն ունենալ, թե արդյո՞ք մենք զբաղվածության մեջ ունենք այդ թաքնված զբաղվածներին։ Սա է նախագծի հիմնական միտքն ու տրամաբանությունը։ Սա նախնական տարբերակն է, որը Գործադիրի մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում լրամշակվել ու փոխվել է  խմբագրական առումով»,- եզրափակեց Հերիքնազ Տիգրանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս