Բաժիններ՝

Հասարակության հետ զավակ կորցրած ծնողներին պառակտելու՝ Աննա Հակոբյանի անհաջող փորձերը

Կանանց մեկամսյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հանդիպել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին։ Ֆեյսբուքյան իր էջում ներկաներին նա այդպես էր ներկայացրել: Տվյալ հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանի՝ կանանց ուղղված հրապարակային խոսքը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ այդ օրերին:

Հետո այդ հանդիպման տեսանյութը հրապարակել էր իր ֆեյսբուքյան էջում ու դրան կից հետևյալ գրառումը կատարել.

«Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։ Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։ Մարդիկ խեթ-խեթ են նայում նաև խանութում առևտուր անող հերոսածին մորը, և շատերն իրենց համայնքի փոխարեն՝ գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն, և հանդիմանական հայացք չնետեն առևտուր անելու, ասել է թե՝ կյանքի նշաններ ցույց տալու համար։

Խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ, օրինակ, երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել»,- գրել էր նա:

Որդեկորույս մայրերի նկատմամբ իբր սկսված հանրային պարսավանքի թեմային Աննա Հակոբյանն անդրադարձավ նաև առաջին եթերից 3 օր անց՝ մարտի 29-ին, ստացավ լուտանքների ու հակադարձումների հերթական չափաբաժինը ու երևի հասկանալով, որ չի հաջողվում այս կերպ սեպ խրել որդեկորույս ծնողների ու հասարակության մեջ, ինչի նպատակն ակնհայտորեն ի սկզբանե հետապնդվում էր, առժամանակ «հանդարտվեց»:

Վերջերս էլ «Սյունյաց արշավանքներ» էր նախաձեռնել՝ ցույց տալու համար, որ իր ընտանիքը խնդիր չունի Սյունիքում, որ հավաքական թուրքին Սյունիքի քթի տակ բերած, Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ հատվածն ադրբեջանցիներին նվիրած, Կապանի բարձունքները բանավոր համաձայնությամբ ադրբեջնցիներին տված իր ամուսինը լավ է արել, դեռ մի բան էլ քիչ է արել:

Աննա Հակոբյանի մարտյան եթերներից անցել է մոտ 4 ամիս: Այդ ընթացքում Արցախյան վերջին, 44 օր տևած զարհուրելի, կործանարար պատերազմից հետո, որին զոհ գնաց  ավելի քան 5000 հայորդու կյանք, այդ ընտանիքներում երեխաներ են ծնվում ու դեռ վստահաբար կծնվեն:

Որդեկորույս մայրերն իրենց ընտանիքներին լույս են բերում, հույս՝ վաղվա օրվա համար, ապրելու իմաստ, պայքարի շունչ՝ երկրին, իսկ Աննա Հակոբյանն իր չարագուշակ «մեսիջներով» փորձում էր հենց սա կանխել, ոտքի կանգնելու ձգտումն ամայացնել, որ իրենց հարցեր չտան… Չստացվեց… Բարեբախտաբար…

Այդ կանայք հղի են եղել, քայլել են իրենց բնակավայրի փողոցներով, խանութ են գնացել, հոգացել են իրենց ընտանիքների կարիքները, և չկա որևէ տվյալ, որ որևէ մեկը խեթ է նայել նրանց:

Մարդիկ ուրախությամբ ընդունեցին այն փաստը, որ անգամ զոհված զինծառայող Գարիկ Դավթյանի տարեց ծնողներն էին որոշել փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալ, ասում էին, որ իրենց երիտասարդ հարազատներն են ստիպել մտածել այդ մասին:

Օրեր առաջ էլ Շուշիում զոհված աշտարակցի ոստիկան եղբայրների ծնողները երեխա ունեցան, տղա երեխա: Կինն արդեն թոռնատեր է, ի դեպ: Եվ կրկին, անգամ մարզում բոլորն իրար աչքալույս էին տալիս: Հասարակությունն ի սրտե ուրախանում է, որ կրկին հայ է ծնվում թվում է թե՝ ապրելու ոչ մի պատճառ չունեցող ընտանիքներում:

Երեկ «Սլավմեդ» ԲԿ-ում ծնվեց զոհված զինծառայող Արշամ Մանուկյանի քույրը: Մայրը պատմում էր, թե որքան ուրախ են եղել բոլորը՝ լուրն իմանալով, ու որքան ուշադիր իր նկատմամբ:

Հուլիսի 19-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից իրենց փոքրիկ Մխիթարի հետ տուն գնացին Արցախյան 44-օրյա պատերազմի կանաչաչյա հերոսի՝ Մխիթար Գալեյանի ծնողները՝ Գարիկ և Աստղ Գալեյանները:

168.am-ը կիսել էր որդեկորույս ծնողների ուրախությունը, ռեպորտաժ պատրաստել, որը մեծ տարածում գտավ:

Մեր յութուբյան ալիքում 140.000-ից ավելի դիտում ունեցող այդ ռեպորտաժի ներքո 600-ից ավելի մեկնաբանություն կա, և ոչ մի բացասական մեկնաբանություն: Անասելի հուզիչ տեսանյութի տակ ոչ պակաս հուզիչ գրառումներ կան:

Հիմա ուզում ենք հարց տալ Աննա Հակոբյանին՝ քանի՞ հղի, նոր կյանքի հույս ունեցող որդեկորույս մոր հանրային պարսավանքի դեպք էր ինքը լսել, որ խնդիրը դարձրել էր համակարգային ու ցանկանում էր տեսանյութերի շարք նվիրել այդ «խնդրին»:

Աննա Հակոբյանը, որ պատերազմում զավակ կորցրած մայրերին համոզում էր, որ «սգալն անպտուղ գործողություն է», քանի՞ նորածին ընտանիքների է հյուրընկալվել ու նրանց ուրախությունը կիսել կամ հոգսը թեթևացրել:

Հարցերը, իհարկե, հռետորական են…

Ի դեպ, երեկ «Անպտղության հաղթահարում. պատերազմում զոհված զինծառայողների մայրերի արտամարմնային բեղմնավորման ծրագրի արդյունքը» թեմայով  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը  ներկայացրեց անպտղության հաղթահարման ծրագրի՝ 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքները:

«Վեց ամսվա կտրվածքով ընդհանուր առմամբ արդեն ծնվել է 44 երեխա և միայն վեց ամսվա ընթացքում արձանագրվել է 104 նոր հղիություն։ Ես չեմ խոսում նախորդ տարվա արձանագրված հղիությունների մասին, որոնք դեռ շարունակական են»,- ասել էր ԱՆ պաշտոնյան՝ հավելելով, որ միայն նախորդ տարվա ընթացքում, եթե սպասարկվել է 917 շահառու, ապա այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 577։ Գնալով շատանում են շահառուները, բնականաբար, բարելավվում են նաև արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս