Նիցցա-մոնակոներից ուղիղ դեպի Սյունիք

Այս տարվա մարտի 22-ին՝ իր պաշտոնավարման ավարտի վերջին օրը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման վերաբերյալ իր հայտարարությանը Պաշտպանության նախարարության (ՊՆ) արձագանքին: Նա մասնավորապես նշել էր, որ խիստ մտահոգիչ էր լսել, թե ինչպես էր ՀՀ ՊՆ-ն պաշտոնական տեսանյութով արդարացնող ձևակերպումներով մանրամասն նկարագրում ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժման հանցավոր արարքները, և անհավանական էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էր ՊՆ-ն հիմնավորում, որ Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքը ՀՀ ներխուժած ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու հետևաբար՝ անվտանգության հարցեր չկան:

«Ձևակերպումներից ակնհայտ է, որ դա արվել է քաղաքական դրդապատճառներով՝ թույլ չտալու համար քաղաքական բնույթի դժգոհություններ և Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական ներխուժման փաստը մեր հանրությունից թաքցնելը, այդ ներխուժումը չկանխելը արդարացնելու համար: ՊՆ այդ հայտարարությունը խիստ դատապարտելի է, քանի որ անտեսում է ՀՀ սահմանային բնակիչների անվտանգությունն ու տարրական իրավունքների հարցերը: Օբյեկտիվ փաստերն են հաստատում, որ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են հայտնվել մարդկանց արոտավայրերի մեծ մասը [մի քանի տասնյակ հեկտարով], վարելահողեր ու այգիներ, գերեզմանատունը և քաղաքացիական այլ վայրեր:  Մարդիկ հայտնվել են հողագործությամբ ու անասնապահությամբ իրենց ընտանիքի եկամուտը վաստակելու լրջագույն դժվարությունների առաջ, նրանց մի մասն առհասարակ զրկվել է այդ տարածքներն օգտագործելու հնարավորությունից»,- գրել էր Արման Թաթոյանը:

Հաջորդիվ նախկին Պաշտպանը նշել էր, որ ՀՀ ՊՆ-ն, եթե անելու էր հայտարարություն, ապա պետք է ցույց տար, որ ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր արարքներով խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Ներքին Հանդ, պետք է ներկայացներ, թե այդ երկրի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս մղելու ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում, կամ առնվազն պնդում արվեր այն մասին, որ ՀՀ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն, այլ ոչ թե ղեկավարվեր քաղաքական դրդապատճառներով ու արդարացներ սեփական արարքները, ադրբեջանական ներխուժումները հանրությունից թաքցնելը և ադրբեջանական զինվորականների արարքները ներկայացներ՝ որպես «անմեղ» տեղակայում:

Այս հայտարարությունից անցել է 3.5 ամիս ժամանակ. ադրբեջանցիները դուրս չեն եկել Ներքին Հանդի տարածքից, Ներքին Հանդում էլ անվտանգային խնդիրները նույնն են, ինչ 3.5 ամիս առաջ:

Երեկ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ներքին Հանդ: Այդ մասին հաղորդագրություն և տեսանյութ տարածվեց նրա պաշտոնական կայքում:

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանը Ներքին Հանդ է այցելում իր «Սյունյաց արշավանքների» շրջանակներում: Ասում են՝ Աննա Հակոբյանը Սյունիքում հանգիստը համատեղում է գործնական (?) հանդիպումների հետ:

Ուշագրավ է, որ Աննա Հակոբյանը Սյունիքից մեծ քանակությամբ լուսանկարներ է տեղադրում այն մասին, թե ինքն ինչ պատկառելի ու հյուրընկալ ընդունելության է արժանանում այնտեղ: Երեկ հրապարակել էր, թե ինչպես էր Քաջարանի երբեմնի ըմբոստ ու ընդդիմադիր համայնքապետ Մանվել Փարամազյանը շքեղ ծաղկեփնջով դիմավորում իրեն, այսօր՝ արդեն Կապանի համայնքապետ, ոչ պակաս «ընդդիմադիր» Գևորգ Պարսյանը, միայն թե՝ առանց ծաղիկների:

Այդ հանդիպումների ընթացքում Աննա Հակոբյանի համար՝ որպես «մասսովկայի» պարտադիր ատրիբուտներ են ծառայում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, համայնքապետերն ու պարտադիր համայնքների բնակիչները, որպեսզի ցուցադրի, թե Սյունիքում իր ընտանիքը խնդիր չունի, ամեն ինչ այնպես է, ինչպես իրենք են որոշում, և որ մի տարի առաջ իր ամուսնուն հղված «Սյունյաց ողջույնը» ընդամենը կազմակերպված մի բան էր: Ցուցադրելու համար, իբրև թե ողջ սյունեցիներն իրենց հետ են, համաձայն են իրենց վարած քաղաքականությանը, և առհասարակ ինչ կուզեն, կանեն:

Նիցցայի, Մոնակոյի կասկածելի վոյաժներից հետո Աննա Հակոբյանի՝ թիկնազորով, տեսանկարահանող խմբով, լուսանկարչով ցուցադրական այդ այցերի բուն նպատակների մասին ավելի մանրամասն հետո կիմանանք կամ դեռ դրա «ձայնը» կլսենք, այժմ անդրադառնանք այդ այցերի մասին իր կողմից տարածվող որոշ տեսանյութերին, հաղորդագրություններին ու լուսանկարներին:

Մոտ երկու տասնյակ ենթադրաբար ներքինհանդցի ՀՀ քաղաքացիներ շատ ուրախ էին տեսնել Նիկոլ Փաշինյանի կնոջը, մի կին էլ ասաց՝ «իմացեք, Ձեզ շատ ենք կարոտում», տղամարդիկ հումոր էին անում… Մի իդիլիկ վիճակ:

«Ներքին Հանդի բնակիչները շնորհակալություն հայտնեցին վարչապետին և կառավարությանը՝ իրենց տրամադրվող օգնության համար։ Նրանք վարչապետի տիկնոջը խնդրեցին իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստացավ կազմակերպել  գյուղի բոլոր կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ»,- այսպես էր ավարտվում Աննա Հակոբյանի տարածած հաղորդագրությունը Ներքին Հանդի ամբողջ բնակչության անունից, որին կից նաև լուսանկարներ էին հրապարակվել:

Այդ լուսանկարում Ներքին Հանդի որոշ բնակիչներ անվրդով զրուցում են Աննա Հակոբյանի հետ, լուսանկարվում, նրան ուրախ ողջունում են նաև գյուղի տղամարդիկ, ովքեր, ի դեպ, զինվորական համազգեստով են:

Ներքին Հանդում այս մարդկանց համար փաստացի կյանքն ընթանում է իր սեփական հունով. թուրքի քթի տակ ապրում են ու երազում Գառնի-Գեղարդ շրջագայության գնալու մասին: Նաև Աննա Հակոբյանի միջոցով իրենց շնորհակալությունն են փոխանցում Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ հավանաբար այն բանի համար, որ ադրբեջանցի զինծառայողներն ընդամենը գյուղի տարածքում են, այլ ոչ թե իրենց տներում:

Ամեն ինչ Ներքին Հանդում նրանց դիտանկյունից շատ լավ է: Կարող էին, իհարկե, Արման Թաթոյանին մեղադրել իրենց գյուղի ներքին գործերին խառնվելու համար, բայց չեն արել… Այ սրա համար երևի թե նրանց պետք է շնորհակալություն հայտնել:

Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» վիպակում մեր օրերի համար մի շատ արդիական միտք կա՝

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել… Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն…»:

Տեսանյութեր

Լրահոս