Իրանի եւ Հայաստանի նոր հիւպատոսութիւնների բացման անհրաժեշտութիւնն ու կարևորութիւնը

Թեհրան-Երեւան յարաբերութիւնների զարգացման նոր դարպասը

Աւելի քան երեք տասնամեակ է անցել Խորհրդային Միութեան փլուզումից ու Հայաստանի Հանրապետութեան անկախացումից, իսկ Իրանն ու Հայաստանը դիւանագիտական ​​յարաբերութիւնների հաստատման երեսունամեակը բոլորելու նախաշեմին են։

Հայաստանը Իրանի միակ քրիստոնեայ հարեւանն է, որը պատմա-մշակութային շատ առանձնայատուկ կապեր ունի Իրանի հետ, իսկ իրանահայ հայրենակիցների առկայութիւնն Իրանում առաւել իւրայատուկ է դարձնում այն։

Յատկանշական է, որ վերջին երեք տասնամեակների ընթացքում Իրանի եւ հարեւան 15 երկրների ամենակայուն յարաբերութիւնները եղել են Հայաստանի հետ:

Հայաստանում  գրեթէ չկայ քաղաքական ու մտաւոր հոսանք, որը դէմ կը լինի Իրանի հետ յարաբերութիւնների զարգացմանը։ Մինչդեռ Իրանի գրեթէ բոլոր միւս հարեւանների դէպքում Իրանի հետ յարաբերութիւններին կողմ ու դէմ շատ լուրջ հոսանքներ կան քաղաքական բեմերում։

Թէեւ Հայաստանը փոքր երկիր է՝ 29743 քառակուսի կիլոմետր տարածքով (մօտաւորապէս Իրանի Կենտրոնական նահանգի, Բելգիայի, կամ ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի հաւասար) տեղակայւած՝ հարաւ-արեւմտեան Կովկասում, կարեւոր եւ հաւասարակշռող գործօն է համարւում  Կովկասում։ Հարաւային Կովկասի հաւասարումները. թէեւ Իրանի եւ Հայաստանի միջեւ 38 կամ 40 կմ. սահմանի կտրւածքով փոքր, կամ նեղ է թւում, սակայն այն Իրանի համար կովկասեան տարածաշրջան տանող հիմնական տարանցիկ ուղիներից է, յատկապէս «Պարսից ծոց-Սեւ ծով կորիդորային միջանցքի» առումով։

Միեւնոյն ժամանակ, Իրանի եւ Հայաստանի միջեւ վիզաների չեղարկման փոխադարձ համաձայնագիրը (Իրան) գործում է 2016 թւականի օգոստոսից, ինչը հնարաւորութիւն է տւել երկու երկրների քաղաքացիներին վերջին տարիներին հեշտութեամբ Իրան կամ Հայաստան մեկնել առանց վիզայի:

Հայաստանը նաեւ միակ երկիրն է կովկասեան տարածաշրջանում, որը Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի եւ Կիրգիզստանի հետ միասին Եւրասիական տնտեսական միութեան անդամ է եւ հաշւի առնելով Իրանի եւ Եւրասիականի միջեւ համաձայնագրերի այն համեմատ   կովկասեան միւս երկու երկրների առաւել լաւ մրցակցային դիրքեր ունի:

Բացի Եւրասիական տնտեսական միութիւնից եւ առեւտրային գօտում լինելուց, Հայաստանը կարեւոր եւ շահաւէտ տնտեսական պայմանագրեր ունի Եւրոպայի հետ եւ կարող է ճանապարհ հարթել իրանական ապրանքների եւրոպական երկրներ «վերարտահանման» համար, նոյնիսկ ներկայիս պատժամիջոցների պայմաններում։ Թէեւ երկու երկրների առեւտրի եւ ապրանքաշրջանառութեան ծաւալը կազմում է մօտ 400 մլն. դոլար, այնուամենայնիւ երկու երկրների առեւտրի եւ մասնաւոր սեկտորի մասնակցութիւնն ապահովելու համար առկայ հնարաւորութիւնները կարող են աճ արձանագրել բանկային, մաքսային, եւ Նորդուզի ու Մեղրիի մաքսակէտերի մեխանիզացման, ինչպէս նաեւ երկու երկրների առեւտրային պալատների աշխատանքներն աշխուժացնելու հետ կապւած խնդիրների հանգուցալուծմամբ:

Տարածաշրջանի նոր առեւտրա-տնտեսական պայմաններում եւ ռուս-ուկրայնական պատերազմով  պայմանաւորւած Իրանի եւ Հայաստանի միջեւ  ապրանքաշրջանառութեան ծաւալը կարող է հասնել տարեկան մէկ միլիարդ դոլարի։

Ցաւօք, չնայած Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման կարեւորութեանը, երկու երկրների միջեւ դիւանագիտական ​​եւ հիւպատոսական յարաբերութիւնները վերջին երեք տասնամեակների ընթացքում իրականացւել են միայն Թեհրանում եւ Երեւանում երկու երկրների դեսպանութիւնների միջոցով:  Այսպիսով պէտք է արձանագրել, որ հիւպատոսութիւններ չկան այլ քաղաքներում:  Այսինքը՝ հիւպատոսական ծառայութիւն է մատուցւում միայն Երեւանում ու Թեհրանում Իրանի եւ Հայաստանի դեսպանատների միջոցով։  Ուստի այս բացը լրացնելու համար նախկինում քայլեր են ձեռնարկւել, թէեւ տարբեր պատճառներով չեն իրականացւել դրանք։

Այդ միջոցառումներից էր Իրանի կառավարութեան 2007 թւականին Մահմուդ Ահմադինեժադի տեղակալ Փարւիզ Դաւուդիի ձեռամբ ստորագրւած համաձայնագիրը: Այնտեղ նշւած է. «Կառավարութիւնն իր   10/2/2007 թւականի  նիստով  համաձայն Արտաքին գործերի նախարարութեան 18/4/2007 թիւ 494 /6–563/ 200/730 առաջարկի եւ հիմք ընդունելով Վիեննայի կոնւենցիայի (4) յօդւածը. «Հիւպատոսական յարաբերութիւնների մասին» կոնւենցիայի օրէնքի հիմնարար  յօդւածի առարկայութեամբ – հաստատւած 1374 թւականին – հաւանութիւն է տալիս՝ Թաւրիզ քաղաքում Հայաստանի Հանրապետութեան   գլխաւոր հիւպատոսութեան բացումը թոյլատրել  համաձայն փոխադարձ գործողութեան»:

Միեւնոյն ժամանակ, ԱԳՆ-ի հիւպատոսական եւ արտասահմանում իրանցիների հարցերով ժամանակի փոխնախարար Հասան Ղաշղաւին յայտարարեց Թաւրիզում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ դիւանագիտական ​​բանակցութիւնների մասին եւ Թաւրիզ կատարած այցի ժամանակ յաւելեց. «Կայ Հայաստանի հիւպատոսութիւն բացելու անհրաժեշտութիւն»: Սակայն գործնականում ոչինչ տեղի չունեցաւ, եւ Թաւրիզում կամ հայկական քաղաքներից մէկում Հայաստանի եւ Իրանի հիւպատոսութիւն չբացւեց եւ   հարցը գործնականում մի կողմ դրւեց։

Մի քանի տարւայ դադարից յետոյ 1400 թւականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարութիւնը տւեց իր համաձայնութիւնը՝ Հայաստանի Կապան քաղաքում հիմնել իրանական հիւպատոսութիւն, որը երբեմն  յիշատակւել է նաեւ Ղափան անունով, ինչով էլ յիշատակւած է  կառավարութեան որոշման տեքստում։

Սոյն որոշման տեքստն ստորագրւել է առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի ձեռամբ: Որոշման մէջ նշւած է.

«Կառավարութիւնը 10/8/1400 թւականի նիստում Արտաքին գործերի նախարարութեան 7/6/1400  թիւ  881314/811 առաջարկի վերաբերեալ հիմք ընդունելով 2-րդ յօդւածի 1-ին եւ 2-րդ կէտերը. Արտաքին գործերի նախարարութեան «Պարտականութիւնների մասին» 1985 թւականին    հաստատւած օրէնքի «Հայաստանի Ղափան քաղաքում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութեան ստեղծումը թոյլատրւում է համապատասխան օրէնքների եւ փոխադարձ կանոնակարգերի պահպանմամբ»:

Բանաձեւի  հրապարակումից յետոյ հայկական կողմը եւս ակտիւացաւ այս հարցում, եւ քանի որ դիւանագիտական ​​յարաբերութիւնների աւանդոյթի համաձայն, երկրները սովորաբար փոխադարձաբար բացում են նոր հիւպատոսութիւններ, Հայաստանի կառավարութիւնը նոյնպէս իր շահագրգռւածութիւնը յայտնեց արձագանգելու Իրանի կառավարութեան որոշմանը  յայտարարելով   մեր երկրում (Իրանում)  հիւպատոսութիւն բացելու մասին։ Նոյն կապակցութեամբ 2021 թւականի դեկտեմբերի 29-ին, Հայաստանի ԱԳՆ  խօսնակ Վահան Յունանեանը յայտարարեց. «Մենք աշխատում ենք նաեւ Իրանում Հայաստանի գլխաւոր հիւպատոսութեան բացման ուղղութեամբ՝ փոխադարձութեան սկզբունքով»։

Նոյն կապակցութեամբ վերջին  զարգացումներից էր, վերջերս   Իրան այցելած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալէն Սիմոնեանի  եւ  մեր արտգործնախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանի հետ հանդիպումը, որի ժամանակ նա  Սիւնիքում Իրանի Իսլ. Հանրապետութեան գլխաւոր հիւպատոսութիւն հիմնելը (Կապանում) բեկումնային է անւանել երկու երկրների յարաբերութիւններում եւ յայտարարել Թաւրիզում գլխաւոր հիւպատոսութիւն բացելու մասին Հայաստանի պատրաստակամութիւնը։ Ուստի, թւում է, թէ երկու երկրները երեք տասնամեակ անց աւելի մօտ են փոխադարձ հիւպատոսութեան հիմնելուն, եւ Հայաստանում Իրանի դեսպանութիւնը հետեւում է Սիւնիքի մարզի Կապան քաղաքում Իրանի նոր հիւպատոսութեան ստեղծման նախապատրաստական ​​աշխատանքներին։

Թէեւ նոր գործակալութեան ստեղծման վարչական, ֆինանսական, մարդկային եւ նիւթատեխնիկական գործընթացը ժամանակատար եւ բարդ խնդիր է, այն դեռ պէտք է հնարաւորինս շուտ իրականացւի, որպէսզի ժամանակի հետ, կամ վարչական փոփոխութիւնների հետեւանքով անորոշութեան չմատնւի, ինչպէս նախկին հաստատումների, բանակցութիւնների ու համաձայնագրերի ճակատագրի։

Սակայն այն, ինչը յատկապէս ներկայ իրավիճակում կարեւոր եւ անհրաժեշտ է դարձնում Իրանի եւ Հայաստանի հիւպատոսութիւնների բացումը Կապան եւ Թաւրիզ քաղաքներում, կարելի է ամփոփել հետեւեալ կերպ.

 

  1. Առաջին հայեացքից կարող է թւալ, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ փոխադարձ վիզաների վերացման պատճառով, որն իրականացւում է 2016 (1395) թւականից, երկու երկրների միջեւ նոր հիւպատոսութիւն բացելու անհրաժեշտութիւն առանձնապէս չկայ։ Բայց փաստն այն է, որ հիւպատոսութիւնների շատ լայն ու բազմազան պարտականութիւնները, լիազօրութիւններն ու ծառայութիւնները չպէտք է սահմանափակել միայն մուտքի արտօնագրերի (վիզաների) տրամադրման ոլորտով։ Անձնագրերի (պասպորտ) տրամադրումը, կամ ժամկէտի երկարացումը, ընդունող երկրում միւս կողմի փաստաթղթերի հաստատումը, նորածինների ծննդեան վկայականների տրամադրումը, իրաւաբանական ծառայութիւնները՝ ինչպիսիք են լիազօրագրերի ընդունումը եւ նպատակակէտ երկիր ուղարկումը, ուսանողների եւ գործարարների կողմից պահանջւող ծառայութիւնները իւրաքանչիւր երկրի հիւպատոսական պարտականութիւնների կարեւոր հատւածն են: Գործարարների կամ զբօսաշրջիկների կողմից պահանջւող որոշ լիցենզիաներ կամ իրաւաբանական խորհրդատւութիւնը նոյնպէս հիւպատոսական ծառայութիւնների կարեւոր մասն է: Բացի այդ, ընդունող երկրի թոյլատրմամբ    հիւպատոսութիւնը կարող է նաեւ հիւպատոսական ծառայութիւններ մատուցել երրորդ երկրի հպատակներին: Հիւպատոսութիւնը կարեւոր է նաեւ քաղաքական եւ դիւանագիտական ​​տեսանկիւնից: Եթէ ​​երկրների միջեւ դիւանագիտական ​​յարաբերութիւնները խզւեն, ապա հիւպատոսական յարաբերութիւնները կարող են շարունակւել, եւ կառավարութիւնները կարող են պայմանաւորւել պահպանելու հիւպատոսական յարաբերութիւնները երբ՝ դադարեցւում են դիւանագիտական ​​յարաբերութիւնները։ Հետեւաբար, հաշւի առնելով հիւպատոսութիւնների լայն ու բազմաբնոյթ պարտականութիւնները, լիազօրութիւնները եւ ծառայութիւնները, որոնց մասին համառօտ նշումներ արւեց, Կապանում եւ Թաւրիզում փոխադարձ հիւպատոսութիւնների բացումը կարող է հիմք եւ հնարաւորութիւն տալ երկու երկրների քաղաքացիներին հիւպատոսական ծառայութիւնների աւելի արագ մատուցման գործում։  Ներկայումս մայրաքաղաքներից դուրս (Թեհրան եւ Երեւան) հիւպատոսութիւնների բացակայութիւնը պատճառ է դարձել, որ երկու երկրների քաղաքացիները, այդ թւում՝ ուսանողներն ու գործարարներն իրենց իրաւական եւ վարչական փաստաթղթերի վաւերացման համար  ստիպւած Իրանի կամ Հայաստանի տարբեր քաղաքներից  դիմեն Թեհրանում կամ Երեւանում գտնւող դեսպանատներ՝ հիւպատոսական ծառայութիւնների համար: Սա զգալիօրէն ժամանակի եւ գումարների կորուստ է ենթադրում դիմորդ քաղաքացիների համար որից տուժում է նաեւ  երկու երկրների միջեւ յարաբերութիւնների շարժունակութիւնն ու դինամիկան: Իրանի դէպքում Ուրմիայում, Թաւրիզում, Սպահանում կամ այլ քաղաքներում ապրող հայ հայրենակիցները պէտք է գնան Թեհրան՝ Հայաստանի դեսպանատանը տեղակայւած  հիւպատոսութիւն,  Հայաստանի հետ կապւած իրենց վարչական եւ իրաւական խնդիրների  համար։ Սա այն դէպքում, երբ Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան բացումը հայ հայրենակիցներին, ինչպէս նաեւ Իրանի միւս քաղաքացիներին, ներառեալ ուսանողներին, գործարարներին, զբօսաշրջիկներին եւ ներդրողներին, յատկապէս Իրանի հիւսիս-արեւմտեան շրջանների բնակիչներին, կարող է տալ գումար եւ ժամանակ խնայելու հնարաւորութիւն Թաւրիզում Հայաստանի հիւպատոսարանից  ծառայութիւններ ստանալու դէպքում:    Բնական է, որ նոյն իրավիճակն է տիրում նաեւ Հայաստանում, որտեղ    իրանցիները եւ Հայաստանի քաղաքացիներն ստիպւած պիտի այցելեն Երեւանում Իրանի դեսպանատուն եւ  հիւպատոսութիւն, իսկ  Կապանում Իրանի հիւպատոսութիւն հիմնելով ենթադրւում է  ծառայութիւնների դիւրացում եւ արագացում։ Ուստի արձանագրել է պէտք, որ  Թաւրիզ եւ Կապան քաղաքներում Իրանի եւ Հայաստանի հիւպատոսութիւնների բացումն անհրաժեշտ է եւ գործելու է ի շահ երկու երկրների յարաբերութիւնների եւ ազգային շահերի։

 

  1. Ներկայումս Թուրքիան եւ Ադրբեջանի Հանրապետութիւն Թաւրիզ քաղաքում ունեն հիւպատոսութիւն, որը շատ կարեւոր դեր ունի դիւրացնելու այս երկու երկրների հիւպատոսական ծառայութիւնների մատուցման գործում՝ Իրանի քաղաքացիների, ինչպէս նաեւ երկու երկրների քաղաքացիների համար Իրանի ներսում։ Հետեւաբար, Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան բացումը կարող է լրացնել եւ ամրապնդել Թաւրիզի դերն ու դիրքը Թուրքիային եւ Կովկասի տարածաշրջանին հիւպատոսական ծառայութիւններ մատուցելու գործում: Եւ յոյս կայ, որ մօտ ապագայում այնպիսի երկրների հիւպատոսութիւններ, ինչպիսիք են Վրաստանը եւ Ռուսաստանը եւս իրենց ծառայութիւններով կը հաստատւեն այս կարեւոր եւ ռազմավարական նշանակութեամբ քաղաքում։ Ներկայումս Ռուսաստանը հիւպատոսութիւններ ունի Ռաշտում եւ Սպահանում։ Հարկ է նշել, որ հիւպատոսութեան ծառայութիւնների զարգացումը հիմնականում կարեւոր ցուցիչներից մէկն է երկրների միջեւ դիւանագիտական ​​յարաբերութիւնների եւ տնտեսական, սոցիալական եւ մշակութային կապերի գնահատման հարցում: Հետեւաբար քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու ուղղութեամբ ձեռնարկւող իւրաքանչիւր քայլ, յատկապէս, նպաստելու է հարեւան երկրների զարգացմանը: Այդ իսկ պատճառով այս խնդիրը պահանջում է երկրի դիւանագիտական ​​ապարատի եւ առհասարակ կառավարութեան յատուկ ուշադրութիւնը, առաւել եւս  հարեւան երկրների հետ կապւած, որոնք յատկապէս  գտնւում են Իրանի մշակութային եւ իրանական քաղաքակրթութեան հարեւանութեան մէջ:  Օրինակ, կարող ենք  Ուզբեկստանի կառավարութեան համաձայնութեան դէպքում Սամարղանդ եւ Բուխարա  քաղաքներում հիւպատոսարան հիմնելու դիմաց  Մաշհադում եւ Սպահանում բացել ուզբեկական հիւպատոսութիւններ։ Երկրի հիւսիս-արեւմուտքում կասկած չկայ, որ Թաւրիզը ունակ է դառնալու հարեւան երկրների, յատկապէս Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ռուսաստանի հիւպատոսութիւնների կենտրոն, հետեւաբար Հայաստանի հիւպատոսութիւնը նոյն տեսանկիւնից յոյժ կարեւոր է լինելու:
  2. Երկրի հիւսիս-արեւմուտքում՝ Արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցչութիւնը գտնւում է Արեւելեան Ատրպատական նահանգում՝ Թաւրիզում, եւ սա եւս մէկ կարեւոր պատճառ է այս քաղաքում նոր հիւպատոսութիւններ բացելու համար, այդ թւում՝ Հայաստանի հիւպատոսութիւն։ Ակնյայտ է, որ Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան (ինչպէս նաեւ այս քաղաքում Ադրբեջանի Հանրապետութեան եւ Թուրքիայի հիւպատոսութիւնների) կապն ու համակարգումը Արտաքին գործերի նախարարութեան հիւսիս-արեւմուտքում գտնւող ներկայացուցչութեան հետ կարագացւի եւ կը հեշտացւի. կը կրճատւեն նաեւ ուղղորդումները եւ նամակագրութիւնների ծաւալը դէպի Թեհրան (ԱԳ նախարարութիւն):

 

  1. Արեւելեան Ատրպատականը, յատկապէս Թաւրիզը, շատ կարեւոր մասնաբաժին ունի Հայաստան արտահանման մէջ, եւ Հայաստանում առեւտուր իրականացնող շատ գործարարներ մեր ազերիախօս հայրենակիցներն են։ Թաւրիզ քաղաքը երկար ժամանակ եղել է Իրանի հիւսիս-արեւմտեան առեւտրի առանցքը եւ կարեւոր կենտրոնը Ռուսաստանի, Կովկասի, Թուրքիայի եւ Եւրոպայի հետ, ուստի այս քաղաքում Հայաստանի հիւպատոսութեան հիմնումը կարող է հեշտացնել առեւտրային կապերը Արեւելեան Ատրպատականի եւ յարակից նահանգների ու շրջանների համար Հայաստանի Հանրապետութեան հետ: Այն կարող է սերտ համագործակցութեան հարթակ լինել՝ առեւտրի հետ կապւած իրաւական, վարչական եւ այլ հարցերի բարձրաձայնման, հետապնդման եւ լուծման գործում՝ Արեւելեան Ատրպատականի «Առեւտրի, արդիւնաբերութեան, հանքերի եւ գիւղատնտեսութեան պալատի» եւ Թաւրիզում Հայաստանի հիւպատոսութեան միջեւ:   Սա կարող է նաեւ արտաքին առեւտրի ոլորտում երկրի հիւսիսարեւմտեան շրջաններին տալ   ապակենտրոնացւած լինելու  դինամիկ  հնարաւորութիւն։
  2. 5. Իրանի միակ սահմանային եւ մաքսային անցակէտը՝ Հայաստանի հետ առեւտրի եւ ապրանքաշրջանառութեան համար Նորդուզն է, որն էլ Ջուլֆայի շրջանային ենթագործառոյթներից է: Այն գտնւում է Արեւելեան Ատրպատական նահանգում՝ Արաքս գետի ափերում եւ Հայաստանի հետ Իրանի ընդհանուր սահմանին: Մինչդեռ «Արաքս ազատ առեւտրաարդիւնաբերական գօտին» գտնւում է Ջուլֆայում նոյն՝ Արեւելեան Ատրպատական նահանգի Հայաստանի հետ սահմանին:  Փաստօրէն, Նորդուզի սահմանային կամուրջը դէպի Հայաստան արտահանման-ներմուծման հիմնական մայրուղին է, եւ Նորդուզի սահմանային շուկան, որը բացւել է 1995 թւականի օգոստոսին (կամ սեպտեմբերին), կարեւոր դեր է խաղացել երկու երկրների միջեւ առեւտրային յարաբերութիւններում վերջին երեք տասնամեակների ընթացքում (բացառութեամբ վերջին երկու տարիները՝ համաճարակի բերումով փակ լինելուն): Հետեւաբար, Արեւելեան Ատրպատական նահանգի եւ Հայաստանի սահմանի հատման կէտում Նորդուզի սահմանային մաքսակէտի առկայութիւնը եւս մէկ կարեւոր պատճառ եւ հիմք է, որն անհրաժեշտ է դարձնում Թաւրիզ քաղաքում Հայաստանի հիւպատոսութիւն ունենալը: Այսպիսով՝  Թաւրիզում  Հայաստանի հիւպատոսութեան հաստատումը հնարաւորութիւն կը տայ, Նորդուզի մաքսակէտի  մուտքի եւ ելքի կէտերում քաղաքացիների, ուսանողների, գործարարների, զբօսաշրջիկների եւ յատկապէս տարանցիկ բեռնատարների վարորդների համար որեւէ խնդրի կամ խոչընդոտի դէպքում   աւելի արագ լուծում է ենթադրւում: Սա առաւել կարեւոր կը դարձնի այս սահմանային մաքսակէտը երթեւեկութեան ծաւալների աւելացման շնորհիւ, յատկապէս, կորոնավիրուսի սահմանափակումների նւազեցումից յետոյ։

 

  1. 6. Հարկ է նշել, որ Հայաստանի հետ Իրանի առեւտրային, ապրանքաշրջանառութեան եւ տարանցիկ կապերը միայն երկկողմ յարաբերութիւններ չեն եւ ներառում են Վրաստանն ու Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչպէս նաեւ Սեւ ծովն ու Արեւելեան Եւրոպան (Հայաստանից՝ Վրաստան): Ինչպէս նշւեց այս յօդւածի սկզբում, Հայաստանը միակ երկիրն է կովկասեան տարածաշրջանում, որը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է՝ Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի եւ Կիրգիզստանի հետ միասին: Համաձայն Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ «Արտօնեալ առեւտրի համաձայնագրի», որն ուժի մէջ է 2019 թւականի հոկտեմբերի 2-ից, եւ որի շրջանակներում աւելի քան 850 ապրանքատեսակ ենթակայ է փոխադարձ մաքսատուրքերի իջեցման՝ տարանցման եւ առեւտրի համար: Այդ առումով Հայաստանի ուղին մեծ նշանակութիւն ունի առեւտրային յարաբերութիւնների զարգացման գործում մեր երկրի համար: Մասնաւորապէս, կայ Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ «Արտօնեալ առեւտրի համաձայնագիր»-ն «Ազատ առեւտրի համաձայնագրի» վերածելու հնարաւորութիւն, որի փորձագիտական ​​եւ տեխնիկական բանակցութիւնները մեր պաշտօնեաների եւ միութեան միջեւ շուրջ մէկ տարի առաջ է սկսւել: Եթէ ​​այս բանակցութիւններն աւարտւեն, ապա «Արտօնեալ առեւտրի համաձայնագրում» առկայ 850 ապրանքատեսակները կը հասնեն «Ազատ առեւտրի համաձայնագրում» սահմանւածի՝ առնւազն 8000-ի, ինչը միանշանակ կաւելացնի Իրանի եւ Հայաստանի սահմանով տարանցման եւ արտահանման ու ներմուծման ծաւալները։ Մինչդեռ ռուս-ուկրայնական պատերազմը եւ Ռուսաստանի դէմ արեւմտեան լայնածաւալ պատժամիջոցները նոյնպէս նոր հնարաւորութիւններ են ստեղծել Իրանի եւ Եւրասիայի միջեւ առեւտուրն աւելացնելու համար: Այս գործօններն ու նկատառումները միասին վերցրած հաստատում են, որ մենք Հայաստանի հետ՝ որպէս Կովկասեան տարածաշրջանի միակ երկրի, որը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է, աշխատելու ենք աւելի շատ քան երբեւէ աշխատել ենք։ Ուստի նման պայմաններում Իրանի եւ Հայաստանի հիւպատոսութիւնների բացումը Կապան եւ Թաւրիզ քաղաքներում քաղաքացիների, ուսանողների, գործարարների, զբօսաշրջիկների եւ յատկապէս տարանցիկ բեռնատարների վարորդների երթեւեկութեան հետ կապւած հնարաւոր խնդիրների լուծումն արագացնելու եւ հեշտացնելուն է միտւած, յատկապէս, Նորդուզի (Իրան) եւ Մեղրիի (Հայաստան) անցակէտերն ու մաքսակէտերը համակարգելու առումով։

 

  1. 7. Շատ կարեւոր եւ ռազմավարական նշանակութիւն ունի Հայաստանի Սիւնիք մարզի Կապան քաղաքի գտնւելու աշխարհագրութիւնը, որտեղ էլ տեղակայւելու է Իրանի հիւպատոսարանը:  Կապանը Հայաստանի Սիւնիքի  մարզկենտրոնն է, որը Հայաստանի ամենահարաւային մարզն է, իսկ Մեղրի քաղաքը, որը գտնւում է Իրանի հետ սահմանի հատման կէտում, հէնց Սիւնիքում է, որից է անցնում երկու երկրների միջեւ ցամաքային հաղորդակցութեան եւ տարանցիկ ճանապարհը: Փաստօրէն, այս տարանցիկ երթուղին անցնում է Արեւելեան Ատրպատական նահանգի Ջուլֆա շրջանի Նորդուզից, ապա մտնում՝  Հայաստանի Սիւնիքի մարզ եւ անցնում Մեղրի, Լիճք եւ Քաջարան քաղաքներով  եւ շարունակւում դէպի մարզկենտրոն՝ Կապան քաղաքը, որը մայրաքաղաք Երեւանից   շուրջ  316 կմ. հեռաւորութեան վրայ է։ Մինչեւ Ղարաբաղեան երկրորդ պատերազմը՝ 2020 թւականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, այս տարանցիկ երթուղին, անցնելով Կապան քաղաքով, հասնում էր 70 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Սիւնիքի մարզի մէկ այլ քաղաք՝ Գորիս, իսկ յետոյ շարունակւում դէպի Գորիսից շուրջ 240 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Երեւան։ Այսպիսով Նորդուզ-Կապան-Գորիս-Երեւան տարանցիկ երթուղին եղել է Իրանի եւ Հայաստանի հիմնական տարանցիկ եւ առեւտրային ճանապարհը։ Բայց Ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութիւնը   պատճառաբանելով, որ Գորիս-Կապան 70 կմ. երթուղու 21 կմ.-ն անցնում է այդ երկրի տարածքով, սկսեց 130 դոլարի չափով հարկել Իրանի բեռնատարները, ինչը խնդիրներ առաջացրեց իրանցի վարորդների համար, յատկապէս 1400 (2021) թւականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ որոշ վարորդների՝ տուրքեր վճարելուց հրաժարւելը յանգեցրել է նրանց ձերբակալմանը Ադրբեջանի Հանրապետութեան սահմանապահների կողմից։ Նման պայմաններում Իրանի եւ Հայաստանի կառավարութիւնները փորձեցին վերականգնել խորհրդային ժամանակների  Հայաստանի հարաւում կառուցւած հին ճանապարհը՝ «Տաթեւի ճանապարհը», որով Գորիս-Կապան երթուղին փոխարինւեց   այլընտրանքային ցամաքային ճանապարհով: Ցաւօք, սակայն, «Տաթեւի ճանապարհը» խնդիրներ ունի, յատկապէս տարւայ ցուրտ եղանակներին, եւ այդ պատճառով երկու երկրների տարանցիկ խնդիրները դեռ ամբողջութեամբ լուծւած չեն։ Ուստի այս խնդրի սկզբունքային եւ կայուն լուծումը Հայաստանի «Հիւսիս-Հարաւ» աւտոմայրուղու   կառուցման եւ շահագործման արագացումն է, որը Հայաստանի կառավարութեան վերջին տարիների խոշոր ծրագրերից մէկն է:  Այդ կապակցութեամբ 2022 թւականի մայիսի 17-ին, Գնել Սանոսեանը, Հայաստանի Հանրապետութեան Տարածաշրջանային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարը Թեհրան կատարած իր այցի ընթացքում իրանցի կապալառուներին հրաւիրել է մասնակցելու «Հիւսիս-Հարաւ » աւտոմայրուղու նախագծի շինարարութեանը մասնակցելու:

Յստակ է, որ այս աւտոճանապարհը, որը կեանքի կոչւելու դէպքում դառնալու է Իրան-Հայաստան-Վրաստան հիմնական տարանցիկ ճանապարհը, կանցնի Հայաստանի Սիւնիքի մարզկենտրոն՝ Կապանից: Այսինքն՝ այն քաղաքը, որտեղ պէտք է կառուցւի Իրանի հիւպատոսութիւնը։ Հետեւաբար, այս քաղաքի ընտրութիւնը՝ Հայաստանում Իրանի նոր հիւպատոսութիւն հիմնելու համար, նպատակաուղղւած եւ խելացի քայլ է Իրանի եւ Հայաստանի կողմից, որը կարագացնի եւ կը հեշտացնի «Հիւսիս-Հարաւ» աւտոճանապարհով երկու երկրների քաղաքացիների առեւտրի, տարանցման եւ տեղաշարժի գործընթացը։

Արձանագրենք, որ, եթէ այս տարանցիկ երթուղին պատկերացնենք որպէս Երեւանից Թաւրիզ  520 կմ. երկարութեամբ միջանցք, ապա երկու երկրներն այս երթուղում կունենան երեք հիւպատոսութիւն՝ Իրանի հիւպատոսութիւնը Երեւանում եւ Կապանում, եւ   Հայաստանի հիւպատոսութիւնը Թաւրիզում։ Սա նշանակում է, որ Իրանի եւ Հայաստանի տարանցիկ երթուղու վերջնամասում եւ կէսին կը տրամադրւի հիւպատոսական ծառայութիւնների առիթ՝ հնարաւոր խնդիրները լուծելու եւ իրաւական ու վարչական թոյլտւութիւններ տրամադրելու համար (քաղաքացիներին, ուսանողներին, գործարարներին, զբօսաշրջիկներին եւ ի մասնաւորի տարանցիկ բեռնատարների վարորդներին)։ Արդիւնքը միանշանակ է եւ պարզ, որքան զարգանան Իրանի եւ Հայաստանի յարաբերութիւնները, այնքան փոխադարձ օգուտները կը հետեւեն Հայաստանի եւ Իրանի Արեւելեան Ատրպատական նահանգի եւ Սիւնիքի   մարզի զարգացմանը եւ կը յանգեցնեն տնտեսական զարգացմանն ու բարգաւաճմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ինչպէս նաեւ ներդրումային հնարաւորութիւններ Հայաստանի Սիւնիքի ​​ տարբեր քաղաքների համար, մասնաւորապէս սահմանամերձ Մեղրի քաղաքի համար, ինչպէս նաեւ Նորդուզի շրջանի համար, Ջուլֆայի  եւ յատկապէս  Արաքսի ազատ առեւտրաարդիւնաբերական գօտիի համար։

Չնայած Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման կարեւորութեանը, որոնցից մի քանիսը նշւել են,  երկու երկրների միջեւ դիւանագիտական ​​եւ հիւպատոսական յարաբերութիւնները վերջին երեք տասնամեակների ընթացքում իրականացւել են միայն Թեհրանում եւ Երեւանում երկու երկրների դեսպանատների միջոցով, որոնք մայրաքաղաքներում են գտնւում: Սա նշանակում է, որ  հիւպատոսական բաժինը գտնւում է Երեւանում կամ Թեհրանում Իրանի եւ Հայաստանի դեսպանատների շէնքում եւ հիւպատոսական ծառայութիւններ է մատուցում այնտեղ։ Ուստի այս բացը լրացնելու համար նախկինում քայլեր են ձեռնարկւել, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն իրականացւել։

Հայաստանի հետ Իրանի առեւտրային, ապրանքաշրջանառութեան եւ տարանցիկ կապերը միայն երկկողմ յարաբերութիւններ չեն եւ ներառում են Վրաստանն ու Ռուսաստանի Դաշնութիւնը, ինչպէս նաեւ Սեւ ծովն ու Արեւելեան Եւրոպան: Ինչպէս նշւեց այս յօդւածի սկզբում, Հայաստանը միակ երկիրն է Կովկասեան տարածաշրջանում, որը Եւրասիական տնտեսական միութեան անդամ է՝ Ռուսաստանի, Բելոռուսիայի, Ղազախստանի եւ Կիրգիզստանի հետ միասին:

Համաձայն Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ «Արտօնեալ առեւտրի համաձայնագրի», որն ուժի մէջ է 2019 թւականի հոկտեմբերի 2-ից, եւ որի շրջանակներում աւելի քան 850 ապրանքներ ենթակայ են փոխադարձ մաքսատուրքերի իջեցման՝ տարանցման եւ առեւտրի համար: Այդ առումով Հայաստանի ուղին մեծ նշանակութիւն ունի առեւտրային յարաբերութիւնների զարգացման գործում մեր երկրի համար: Մասնաւորապէս, կայ Իրանի եւ Եւրասիական տնտեսական միութեան միջեւ «Արտօնեալ առեւտրի համաձայնագիր»-ն «Ազատ առեւտրի համաձայնագրի» վերածելու հնարաւորութիւն, որի փորձագիտական եւ տեխնիկական բանակցութիւնները մեր պաշտօնեաների եւ միութեան միջեւ շուրջ մէկ տարի առաջ է սկսւել: Եթէ այս բանակցութիւններն աւարտւեն, ապա «Արտօնեալ առեւտրի համաձայնագրում» առկայ 850 ապրանքատեսակները կը հասնեն «Ազատ առեւտրի համաձայնագրում» սահմանւածի՝ առնւազն 8000-ի, ինչը միանշանակ կաւելացնի Իրանի եւ Հայաստանի սահմանով տարանցման եւ արտահանման ու ներմուծման ծաւալները։

 

Վալի Քալեջի

Թեհրանի համալսարանի Իրաւագիտութեան եւ քաղաքագիտութեան ֆակուլտետի տարածաշրջանային հետազօտութիւնների (Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրութիւններ) գիտութիւնների թեկնածու եւ Իրանի եւ եւրասիական հետազօտութիւնների ինստիտուտի (IRAS) գիտական ​​խորհրդի անդամ

 

Տեսանյութեր

Լրահոս