Հայաստանում իրավական վոլյունտարիզմ է, իշխանությունն ուզածին հասնելու համար շրջանցում է օրենքները․ Հովհաննես Քոչարյան
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ խորհրդարանն անվստահության գործընթաց էր սկսել դեռևս 2020-ի նոյեմբերին՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության անթույլատրելիության մասին նրա արած պնդումից հետո։ Ապա 2021-ի մարտին Վարդազարյանի հետ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ իշխող մեծամասնությունն ակնհայտ քաղաքական հրահանգով լուրջ ճնշում գործադրեց նրա վրա։ Նպատակը նրան հրաժարականի դիմում գրելուն դրդելն էր։ Այս գործընթացը սկսվեց, քանի որ քաղաքական մեծամասնության կարծիքով՝ Վարդազարյանն իբր խախտել էր քաղաքական չեզոքության սկզբունքը և իր հայտարարություններով կասկածի տակ էր դրել դատավորների անաչառությունը մի շարք աղմկահարույց քրեական գործերով, հատկապես՝ կալանքի հարցերով։ Հրաժարական չեղավ, բայց այս գործընթացը պետք է տրամաբանական ավարտին հասցվեր, այն չէր կարող առկախված մնալ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
«Գործընթացն ավարտին հասցրեց Գագիկ Ջհանգիրյանը։ Երբ նրան ընտրում էին ԲԴԽ անդամ՝ հասկանալով, որ նա նախագահի ապագա թեկնածուն է, մամուլում, փորձագիտական շրջանակներում կարծիք էր շրջանառվում, որ թեև Ջհանգիրյանը որպես իրավաբան հայտնի է, պետության առջև որոշակի վաստակ ունի, բայց քաղաքական անձ է՝ իր նախապաշարումներով, հայացքներով, մոտիվացիայով, և դա երբեք չի թաքցրել։ Երբ նման անձը հայտնվում է ապաքաղաքական ինստիտուտում, վտանգվում է այդ ինստիտուտի քաղաքական չեզոքությունը։ Բնականաբար, գործադիրը բոլոր ժամանակներում ձգտելու է դատական իշխանությունը պահել վերահսկողության տակ, և դա՝ նման անձանց միջոցով։ Այսօր տեղի է ունենում 2021-ի մարտին սկսված գործընթացի տրամաբանական ավարտը, այստեղ անգամ սենսացիա արձանագրելը ճիշտ չէ։ ԲԴԽ-ում Ջհանգիրյանը ստանձնեց կոնկրետ առաքելություն, և դա «նախկինների» հետ դատական իշխանության կապը կտրելն էր։ Բայց դա երկու կողմ ունի՝ մի տեղում այն կտրվում է, մեկ այլ տեղում՝ միանում»,- ասաց իրավաբանը։
«Փաստն այն է, որ ԲԴԽ-ի քաղաքական չեզոքության մասին այսօր այլևս ոչ ոք չի խոսում, նույնիսկ ձայնագրություններից դա երևում է, Ջհանգիրյանն ինքն էլ դա չի թաքցնում, անուղղակիորեն խոստովանում է։ Հետևաբար՝ պետական շահը թելադրում է, որ այսօր մենք ունենանք նոր ԲԴԽ՝ նոր կազմով և նոր նախագահով, որը վերջապես կսկսի իրականացնել իր սահմանադրական առաքելությունը՝ պաշտպանել դատավորների անկախությունը, ոչ թե զբաղվել վեթինգով կամ հեղափոխություններն ու քաղաքական հեղաշրջումները կանխելով։ Յուրաքանչյուրն իր պաշտոնը բնութագրում է սեփական ողջախոհության մակարդակի համաձայն, և Ջհանգիրյանի տված բնութագիրն իր իսկ պաշտոնին թող մնա նրա խղճին։ Մենք շահագրգռված ենք մեր պետության կայունությամբ, դատական իշխանության անկախությամբ, և որպես հանրության անդամներ՝ պետք է տեսնենք և փնտրենք լուծումներ, որոնք պետության հիմքերը կամրապնդեն, ոչ թե քաղաքական շահարկումների, թոհուբոհի, բամբասանքների, սկանդալների մեջ կտարրալուծեն ճշմարտությունը»,- նշեց Հովհաննես Քոչարյանը։
Նախկին փոխոստիկանապետի կարծիքով՝ Գագիկ Ջհանգիրյանը Ռուբեն Վարդազարյանին ակնհայտորեն ենթարկել է հոգելեզվաբանական ներշնչանքի, մանիպուլյատիվ, ապակողմնորոշող հայտարարություններ է արել, ինչպես ինքն է ասում՝ «կուտ է տվել», իրականում՝ դասական գործարք է առաջարկել, որից հրաժարվելու դեպքում Վարդազարյանի համար ծանր հետևանքներ կլինեին․ «Ո՞րն է այդ գործարքի սկանդալը։ Քաղաքական վստահությունը կորցրած այդ ո՞ր պաշտոնյային չեն ասել՝ գնա՛, այդ ո՞ւմ հետ նման հոգելեզվաբանական կամ նախազգուշական զրույցներ չեն տարել, եթե նա վստահություն չունի։ Սա ամենօրյա երևույթ է բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել են անվստահության տիրույթում։ Ուղղակի այս անգամ այդ փաստն արձանագրվեց և հրապարակայնացվեց, բայց այստեղ որևէ զարմանալու բան չկա»:
«Պետք է տալ գլխավոր հարցի պատասխանը՝ ինչո՞ւ է այս ամենը տեղի ունենում։ Շատ պարզ պատճառով՝ ձևավորվել է վոլյունտարիզմի քաղաքականություն, ըստ որի՝ կա պաշտոնատար անձի քաղաքական դիրքորոշում, որն իրականացնելու համար թույլատրելի են բոլոր օրինական և մարգինալ միջոցները։ Եթե կլինի սահմանադրական խոչընդոտ, այն կշրջանցվի, եթե կլինի օրենսդրական խոչընդոտ, օրենքները կփոփոխվեն, բայց դիրքորոշումը պիտի դառնա միս և արյուն՝ վերաբերի դա ՍԴ-ին, ԲԴԽ-ին, թե ՏԻՄ-երին։ Երբ իշխող մեծամասնությունը հաղթանակ տարավ ընտրություններում, ՏԻՄ-երի ներկայացուցիչներին հորդորեց հրաժարական տալ, թեև դա օրենքի հետ որևէ կապ չուներ։ Այդ մարդիկ բնակչության շահերը սպասարկող պաշտոններ են զբաղեցում, բայց դա չխանգարեց, որ այդ դիրքորոշումը պարտադրվի։ Նման դիրքորոշումների իրականացման ճանապարհին պետք են լուծումներ։ Երբ դու պաշտոնի ես նշանակում աշխարհայացքով արխաիկ մարդու, որն ամբողջ կյանքում պատժել է ոչ վստահելիներին, խրախուսել յուրայիններին և պաշտոններում առաջ քաշել քաղաքականապես բարեհույսներին, պարզ է, որ հետևանքն ավերիչ կլինի պետության համար»,- ամփոփեց Հովհաննես Քոչարյանը: